HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Մեքենաներից խաղողի հյութ էր կաթում, իսկ գյուղացիները գումարի «խաթր» փառաբանում էին Ծառուկյանին (վիդեո)

Երեւանի «Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատն» այս տարի ընդունման կետ է բացել Արմավիրի մարզի Ամասիա գյուղում: Արմավիրի եւ Բաղրամյանի տարածաշրջանների խաղողագործների ուրախությանը չափ չկար, որ խաղողը հանձնում են ավելի մոտ եւ չեն հասնում Արարատի մարզ:

Գյուղացիներն այնքան էին ոգեւորվել, որ նրանց աչքին չէր երեւում նույնիսկ մեկ օր դրսում սպասելն ու գիշերը խաղողով բեռնված ավտոմեքենաների մեջ քնելը: Նրանք դրան էլ էին պատրաստ, միայն թե խաղողը հանձնեն ու ձեռքերին գումար լինի:

Գործարանը պատկանում է ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանին: Գյուղացիները մասնավոր զրույցներում քննադատում էին, թե' գործարար պատգամավորին, որ մթերումը ճիշտ չի իրականացնում, եւ գյուղացիները օրերով սպասում են, թե' կառավարությանը՝ իրենց բազում խնդիրներով հանդերձ մենակ թողնելու համար: 

Բայց երբ նրանց ձայնագրում էինք, սկսում էին օրհնել Գագիկ Ծառուկյանին էլ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանն էլ. «Աստված նրա արեւը պահի, մեկն էլ՝ հազար անի»: Մի կին էլ պնդում էր, թե իբր ընդունում են միայն այն գյուղացիների խաղողը, ով ընտրություններին ձայն կտա Գագիկ Ծառուկյանին: Սակայն, տեղում համոզվեցինք, որ նման բան չկար:

Մեր այցելության պահին Ամասիայի ընդունման կետի շրջակայքում սպասում էր խաղողով բեռնված մոտ 50 ավտոմեքենա:

Գովելի տատը եւս երկու կանանց հետ դարպասների արանքից ներս էր նայում եւ անհամբերությամբ սպասում, թե երբ են իր անունը կարդալու, որ խաղողը տանի հանձնի: Նա սեպտեմբերի 30-ին մոտ 2 տոննա խաղող էր բերել, սակայն հերթն այնքան շատ է եղել, որ չի կարողացել հանձնել իր բերքը: Մի քանի ժամ սպասելուց հետո` գիշերը ստիպված խաղողով լի բեռնատարը տարել է տուն: Հոկտեմբերի 1-ի վաղ առավոտյան նա նորից էր եկել ընդունման կետ: Ժամը 13-ի դրությամբ դեռ խաղողը չէր հանձնել:

Գովելի տատը չգիտեր էլ՝ գումարն այդ օրը կտա՞ն թե՞ ոչ: Երբ այդ մասին հետաքրքրվեցինք, անմիջապես արձագանքեց. «Ընչի՞ կհարցուս, գուզես կիսվի՞նք»: Նրա «բախտակից» գյուղացիներն ասացին, որ գումարը տեղում են տալու, ինչը ոգեւորեց շենավանցի Գովելի տատին: Վերջինս ասաց, որ գործարանում կին խաղողագործներին առավելություն են տալիս, նրանց ընդունում են առաջնահերթ:

Վանանդ գյուղից Հասմիկ Միքայելյանը նույնպես արտահերթների ցանկում էր, բայց մի քանի ժամ սպասում էր «արտահերթին»: «Հետքի» հետ զրույցում Հ. Միքայելյանն ասաց, թե 10 տարի եղել է «Արարատ կոնյակի գործարանի» Արմավիրի մասնաճյուղի գործընկերը եւ միշտ այնտեղ է հանձնել իր խաղողը, բայց արդեն 2 տարի է` իրենցից խաղող չեն մթերում: Երբ կոնյակի գործարանը սկսել է իրենցից խաղող չմթերել, ստիպված խաղողը հանձնել է մոտ 80 կմ հեռավորության վրա գտնվող Երեւանի «Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատի» Մասիսի ընդունման կետում:

Ըստ Հասմիկ Միքայելյանի՝ Երեւանի կոնյակի գործարանն այժմ ընդունում է միայն խոշոր այգետերերի խաղողը, քանի որ իրենց խաղողն այդքան էլ շատ չէ՝ տարեկան առավելագույնը 5-6 տոննա, այդ իսկ պատճառով գործարանը հրաժարվում է իր 10 տարվա գործընկերոջից խաղող մթերել: Այլ կերպ ասած` կոնյակի գործարանը մթերում է Արմավիրի մարզի օլիգարխների խաղողի բերքը: Իսկ մարզում պաշտոնյաների այգիների պակաս չկա:

«Այս տարի էլ դիմեցի կոնյակի գործարանին, խնդրեցի, ասացի, որ ձեր 10 տարվա խաղողագործն եմ եղել, պատասխանեցին, որ չեն կարող մեզ ընդառաջել: Օրինակ՝ մեր գյուղում հիմնականում պաշտոնյաների հողերն են, նրանց խաղողն ընդունում են, նրանց բերքն ընդունում են, մերը չեն ընդունում: Եթե 10 տարվա իր խաղողագործից նույնիսկ 3 տոննա խաղող չի ընդունում, ի՞նչ պիտի անի այդ գյուղացուն: Ուղակի խնդրում եմ, որ նման բաներ չանեն մեր չարչարված ժողովրդի հանդեպ»,-ավելացրեց Հասմիկ Միքայելյանը:

Սարդարապատ գյուղի բնակիչ Թոռնիկ Մանուկյանը եւս անհանգիստ էր: Նա սեպտեմբերի 30-ի բերած խաղողը դարձյալ հոկտեմբերի 1-ին էր հանձնում, սակայն չգիտեր էլ, թե իր հերթը երբ է գալու: Ըստ խաղողագործի՝ գյուղացիների բախտը որոշ չափով բերել է, քանի որ դրսում ցուրտ է, եւ քաղած խաղողը շատ չի վնասվում:

Թոռնիկ պապը 72 տարեկան է, եւ ամբողջ կյանքը խաղող է մշակել, իսկ արդեն 20 տարի է` գործարաններին է իր բերքը հանձնում: Նրա խոսքերով՝ այս տարի 7-8 տոննա խաղող է բերել` հանձնելու, սակայն դժվար, թե իր սպասելիքներն արդարանան, քանի որ ծախս շատ է արել, իսկ 130 դրամով խաղող հանձնելու դեպքում եկամուտ շատ քիչ կունենա:

«Այդ գումարով հազիվ պարարտանյութի, թունաքիմիկատների, ջրի փողը փակեմ, էլ չեմ ասում բանվորի գումարի մասին: Ընտանիքով տանջվում ենք, բայց արդյունքի չենք հասնում: Ընդամենը 1 հա այգի է, բայց արդյունք չունենք, առնվազն 150-200 դրամով պիտի խաղողը մթերվի, որ մարդիկ կարողանան շնչել, հիմա չենք շնչում, այնքան, որ գոյատեւում ենք»,-ասաց Թոռնիկ Մանուկյանը:

Ռաֆիկ Կոստանյանն էլ խաղողը բերել էր Լենուղի գյուղից: Նա ընդունման կետի դռների մոտ անհամբեր սպասում էր, թե երբ է հնչելու իր անունը, որ խաղողը շուտ հանձնի ու շտապի դաշտ: Նրա այգում մոտ 10 բանվոր էր աշխատում, իսկ ինքը դեռ նախորդ օրվա խաղողը չէր հանձնել, որ նորը բերեր: Ասում է, որ բանվորներին վարձատրում է օրավարձով՝ 4000 դրամ, ինչը վերջում կլորիկ գումար է կազմում; «Երեկվանից ստեղ լռված եմ, հենա մի ավտո էլ քաղում են, որ այսօր բերեմ հանձնեմ: 2 հեկտար հող ունեմ, զոռով-շառով եմ մշակում, թամամ պարտքերն էլ չենք կարողանում փակենք, ուզում եմ այգին քանդեմ, բայց չգիտեմ, թե ինչ ցանեմ դրա փոխարեն»,-ավելացրեց Ռաֆիկ Կոստանյանը:

Նա այս տարի ակնկալում է ստանալ մոտ 25 տոննա բերք: Երեւանի «Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատը», ում հետ պայմանագիր է կնքել, 2 օրվա ժամկետ է տվել, որ բերքը հանձնի: Սակայն՝ պայման կա, որ գյուղացին մեկ բեռնատար ավտոմեքենայի վրա կարող է բարձել 6 տոննայից ոչ ավել խաղող: Ռաֆիկ Կոստանյանն ասաց, որ խաղողը դաշտում փչանում է, քանի որ անձրեւներն ու ցուրտը հարամում են բերքը: Նա ստիպված է բերքի կեսն էլ այլ գործարանի հանձնել կամ տանել իրենց գյուղից մոտ 60 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Մասիսի գործարան, քանի որ սպասել չի կարող:

Թեեւ դրսում մեքենաների շարքն անցնում էր տասնյակ մետրերից, իսկ ավտոմեքենաների մեջ լցրած խաղողն արդեն փչանում էր, եւ յուրաքանչյուր բեռնատարի մոտ 1-2 դույլ էր դրված, որ խաղողի հյութը չթափվի եւ այդպես «փրկեն» իրենս բերքի որակը, սակայն Երեւանի «Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատի» կոմերիցիոն փոխտնօրեն Արմեն Զաքարյանը, ով նաեւ Ամասիայի ընդունման կետի պատասխանատուն է, «Հետքի» հետ զրույցում ասաց, որ իրենց մոտ բացառվում է, որ գյուղացիները 2 օր սպասեն խաղող հանձնելու համար: «Նման բան չկա»,-հայտարարեց Արմեն Զաքարյանը:

Դրսում հավաքված գյուղացիներն ասում էին, որ գործարանը սեպտեմբերի 30-ին խնդիրներ է ունեցել եւ անսարքության պատճառով չի աշխատել, այդ իսկ պատճառով է հերթեր գոյացել, իսկ Ա. Զաքարյանը պնդում էր, որ գործարանը նորմալ աշխատել է: Ասածը հաստատելու համար շրջայց կազմակերպեց գործարանի տարածքով, որ անձամբ համոզվեմ դրանում: «Գործարանը անսարքություն չունի, սակայն մեխանիզմ է աշխատում, հնարավոր է նման խնդիր էլ առաջանա, բայց տեղում աշխատում են համապատասխան մասնագետներ, եւ նման դեպքերում խնդիրն անմիջապես լուծում է ստանում»,-հավելեց փոխտնօրենը:

Ըստ նրա՝ այս տարվա խաղողը որակյալ է, քաղցրությունը նույնպես ապահովված է: Արմեն Զաքարյանը նաեւ ասաց, որ իրենց մոտ գինը կայուն է՝ կիլոգրամի համար 130 դրամ, որը տրվում է տեղում՝ կանխիկով: «Մենք գյուղացուն երբեք չենք նեղացնում, գիտենք, թե ինչ դժվարություններով է հող մշակում: Ամեն ինչ անում ենք, որ այստեղից գոհ գնան»,-նշեց Ա. Զաքարյանը:

Նշենք, որ Ամասիայի խաղողի ընդունման կետը արդիականացվել է այս տարի, խաղողի ընդունման սեզոնի բացումից օրեր առաջ են տեղադրվել վերջին սարքավորումները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter