Սեդրակ Գրիգորյանի մտահոգությունները նաև իմ մտահոգություններն են
Երկար ժամանակ ինքս էլ փորձում էի անդրադառնալ մեր երիտասարդ հանրապետության մշակութային կյանքին, բայց մի տեսակ չէի վճռում, որովհետև մեր օրերում թերթերով ինչ- որ վատ երևույթի մասին ահազանգելը դարձել է թուղթ մրոտելու պես մի բան: Բայց ընթերցելով Ս.Գրիգորյանի «Շտապում եմ ծիծաղել, այլապես պետք է լաց լինեմ» վերտառությամբ հոդվածը, որոշեցի ինքս էլ իմ մտահոգությունները հայտնեմ, քանզի ձայն բազմաց, ձայն մեծաց:
Անընդհատ տարբեր լրատվամիջոցներում խոսվում է այն մասին, որ կարող ուժերը լքում են Արցախի մշակութային դաշտը` մատնանշելով Տ.Մկրտչյանին ու Գ.Բադալյանին: Փաստորեն, նրանք այն մարդիկ են, ում ուսերին նախկին նախարար Լ.Հակոբյանի օրոք դրված են եղել ԼՂՀ երգի-պարի պետական համույթի զարգացումն ու ապագան:
Այդ երկուսն էլ ուրույն և պրոֆեսիոնալ ձեռագիր ունեցող մասնագետներ, են ու որ նրանց մնալու դեպքում կունենայինք խոստումնալից պետական համույթ, կասկած չկա, իսկ այսօր էլ, ինչպես ներկա նախարար Ն.Աղաբալյանն է մի հարցազրույցում նշել, համույթը պարապուրդի մատնված չէր լինի:
Չնայած, անկեղծ ասած, մի քիչ լավ չեմ հասկանում, ինչ ասել է` պարապուրդի է մատնված: Հարգելի նախարար, չեմ կարծում թե համույթների միացումը կարող է պարապուրդի պատճառ դառնալ, դա սխալ կադրային քաղաքականության արդյունք է: Եվ տարօրինակն այն է, որ Ձեր օրոք համակարգից հեռացվել են լավագույն կադրերը:
Ես ինքս Տ.Մկրտչյանի երգարվեստի երկրպագուներից եմ և շատ ցավով եմ տարել նրա հեռացումը: Առավել ցավալի է, որ նրա տեղը դաշտում բաց է մնացել: Նա մշակութային միջոցառումների «աղն» էր, որ իր գեղեցիկ ձայնով, «Ձոն Արցախով» և իհարկե ազգային ու ժողովրդական երգերով մի ուրույն համ ու հոտ էր տալիս միջոցառմանը: Աններելի է, որ նման մարդը, ով անմնացորդ նվիրված է Արցախին, Արցախից հեռացել է վիրավորված ինքնասիրությամբ:
Կգտնվեն մարդիկ, ովքեր կփորձեն փնովել Տ.Մկրտչյանին, դա բնական երևույթ է, մանավանդ այդ դաշտում: Բայց այս պարագայում ամենամեծ արդարացումը այն կլիներ, որ նրանից հետո ինչ-որ տեղաշարժ, զարգացում արձանագրվեր, սակայն ի՞նչ կարող ես սպասել երգի հետ ընդհանրապես կապ չունեցող, միջնակարգ կրթությամբ, երգի մասով գեղարվեստական ղեկավարից: Ախր, հարգելիներս, մշակույթը անձնավորված քաղաքականություն չի սիրում. շնորհը կամ կա, կամ չկա: Իսկ բեմը մեծ քննություն է. այնտեղ տեսանելի է ամեն ինչ:
Ճիշտ է ասում Ս.Գրիգորյանը, որ ոչինչ էլ չունենք: Մշակույթը Ղարաբաղում նման է քաղցկեղով հիվանդի, որի բոլոր կենսունակ օրգանները կաթվածահար են եղել: Ասում ենք թատրոն` «մեռած է», երգ` «յոլա ենք տանում մի կերպ», պար` «անցյալից մնացած շարժանկար»: Սերնդափոխություն չի կատարվում, տարիներ ի վեր նույն դեմքերն ենք տեսնում, նույն մարդուն կարող ես տեսնել տարբեր համույթներում, հիմնարկներում: Երիտասարդ կադրեր չեն ընդունվում, նոր խոսք ու նոր ոճ չկա: Դրա համար էլ մայիսի 9 ենք տոնում, թե անկախության օր` համերգային մասը ապահովում են հայաստանյան ուժերը:
Էլ ի՞նչ ենք զուր ֆինանսներ վատնում անորակ «արտադրանքի» համար, էդ գումարները տանք աշխարհի լավագույն երգիչ-երգչուհիներին, կամ պարի խմբերին, կգան ու ամիսը մի անգամ մեզ համար ելույթ կունենան, փողին մուննաթ:
Ի վերջո, ի՞նչ ենք ուզում, ո՞ւր ենք գնում և ո՞ւր կհասնենք վաղը: Խորհել է պետք:
Ա.Գաբրիելյան
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել