Յո՞ Յերթաս, Հայաստան
Հարցս ուղղված է Հայաստան երկրին, Հայաստանի պետական ու քաղաքական գործիչներին և պարզապես հայ մարդուն: Յո՞ Յերթաք:
Հայաստան երկիր` շատ փորձություններ տեսած, տառապած ու քայքայված, 9/10-ի չափով կորսված ու հազիվ 1/10-ի չափով պահպանված, 20 տարի առաջ անկախություն հռչակած, իսկ 19 տարի առաջ անկախ պետականություն ձեռք բերած, բայց այդպես էլ ինքնիշխան պետություն չդարձած, ու՞ր ես գնում և ու՞մ հետ: Մի՞թե դու վերջնականապես դատապարտել ես քեզ ազգաթափման ու ազգի ճղճիմ ներկայության, անարժանապատիվ ժողովուրդ ու իշխանություն ունենալու: Մի՞թե հազարամյակներ գոյատևելուց հետո այսպիսի գոյության ես քեզ արժանացնում, գոյություն, որ չգոյության է հավասար:
Մի՞թե դեպի չգոյության ես գնում ու դեպի անհայտություն: Եվ ո՞ւմ հետ ես գնում, ո՞վ է քեզ տանում դեպի անհայտություն, գիտե՞ս արդյոք: Գիտե՞ս, թե ո՞վ է իրականում քո ճանապարհի ընկերը, որ վստահել ես նրան քո կյանքն ու անվտանգությունը, մոռացե՞լ ես արդյոք քո անցյալը: Վստահել ես քո տունը, ընտանիքդ ու կյանքդ մեկին, որը քեզ մղել է ինքնաոչնչացման` թուրքի ձեռքով, քո ազատ ու անկախ տունն է քանդել, լլկել ու ստորացրել «քրիստոնեավարի», 200 տարի թմբիրի մեջ պահել:
Ուշքի ́ արի, Հայաստան երկիր, վե ́ր կաց թմբիրից, աչքերդ բացիր ու շուրջդ նայիր ու քանի ուշ չէ, ընտրիր արժանապատիվ ճանապարհ: Ընտրիր քեզ ճանապարհի ընկեր քաղաքակիրթ ու զարգացած երկրներին, այլ ոչ թե հետամնացի ու անօրենի, վայրենու ու կոռումպացվածի: Գիտեմ, վախենում ես նրանից, որովհետև նա էլ թուրքից պակասը չէ, գուցե ավելի վայրի: Բայց չէ՞ որ Մեծն Նժդեհը մեզ ցույց տվեց նաև ռուսին հաղթելու ճանապարհը, ու չէ՞ որ Արցախյան պատերազմն էլ ցույց տվեց, որ մեր արի ոգին դեռ մեր մեջ պահպանվել է:
Հայրենի պետական ու քաղաքական գործիչներ, ու՞ր եք գնում և ու՞ր եք տանում Հայաստան երկիրն ու հայ ժողովրդին: Գիտեմ, կասեք, որ դեպի առաջ ու դեպի ապագա եք գնում, դեպի բարգավաճ Հայաստան և օրինաց երկիր եք գնում, դեպի միացյալ Հայաստան ու Ցեղասպանության ճանաչում եք գնում, և կավելացնեք. «Չէ՞ որ ամեն հայի ցանկությունն է սա, և մի՞թե որևէ հայ չի ցանկանա իր երկիրն այդպիսին տեսնել և աjդ նպատակներին հասած»:
Այո, իհարկե, կասեմ ես, նպատակները բարի են, և դժվար է չհամաձայնել այս մտքերի հետ. ինչպես ասում են, Աստված բարին կատարի: Սակայն նպատակը` նպատակ, ցանկությունը` ցանկություն, բայց արդյո՞ք ազնիվ եք դուք, և արդյո՞ք դրանք լոկ խոսքեր չեն, և արդյո՞ք իրապես գիտեք, թե ուր եք գնում և ուր եք տանում երկիրը:
Եթե իսկապես ցանկություն կա առաջ գնալու, ապա ինչպե՞ս հասկանալ սրանից-նրանից (որևէ պետությունից կամ կազմակերպությունից) մի բան խնդրելու կամ փախցնելու մուրացկանի, սրան-նրան (որևէ պետությանը կամ կազմակերպությանը) ամեն գնով ինչ-որ բանում (չգիտես` երկրի՞, թե՞ ձեր շահերից ելնելով) համոզելու, ժողովրդավարության ու իրավական պետության արժեքների հանդեպ իմիտատորի մտածողությունն ու հոգեբանությունը:
Ինչպե՞ս հասկանալ սեփական ժողովրդին տնտեսապես ճզմելուն և ստորացնելուն ուղղված, ձեր ընդունած օրենքները, օրինագծերն ու որոշումները, պետական մակարդակով մաքսային ու հարկային անօրինականություններն ու ապօրինությունները, պաշտոնյաների կողմից ժողովրդի կամ որ նույն է` պետության ունեցվածքն անհագուրդ կերպով թալանելու ցանկությունը, կաշառակերության ու կոռուպցիայի առօրեական դրսևորումը, ամեն գնով իրական տնտեսություն չստեղծելու մտահայեցողությունը, իրական քաղաքական-հասարակական համակարգի ոչնչացումը, իբրև պետության անվտանգության ու Ղարաբաղյան խնդրի «դրական» լուծման շահերից բխող կեղծ հայրենասիրական կոչերով «վհուկների որս» կազմակերպելն ու ժողովրդին սսկեցնելը, մամուլի և քաղաքացիական ազատությունները սահմանափակող ուղղակի ու միջնորդավորված քայլերը, պարոնայք գործիչներ:
Մի՞թե դուք այսպես եք հասկանում առաջ գնալու և երկիրն առաջ տանելու վերաբերյալ ձեր կարգախոսը, մի՞թե այսպես են ապագա կերտում: Հետաքրքրիր կլիներ իմանալ` բացի այս ամենից` դուք որևէ բան արե՞լ եք երկիրն առաջ տանելու և ընդհանրապես, մի որևէ լավ բան արե՞լ եք ժողովրդի համար:
Ասում եք, թե դեպի բարգավաճ Հայաստան եք գնում, իսկ կներեք, բարգավաճ ասելով` ի՞նչ եք հասկանում. այն, որ երկրում լուրջ արդյունաբերություն չկա՞, այն, որ ընդերքն ու գյուղատնտեսական հողահանդակները բաժանվել են մի քանի տասնյակ «ընտրյալների» միջև՞, այն, որ, բացի իշխանապահպան ուժային կառույցների աշխատակիցներից, սովորական մարդկանց կենսաթոշակները նույնիսկ գոյություն չե՞ն ապահովում ու նույնիսկ սպառողական նվազագույն զաբյուղին հավասար չե՞ն, այն, որ գյուղացիները լքում են իրենց գյուղն ու հողերը, որպեսզի գյուղացու չարքաշ աշխատանքով մի ուրիշ երկրում հողից հա՞ց քամեն, այն, որ պետությունը, ոռոգման ինքնահոս ջրահամակարգի վրա ոչ մի կոպեկ չծախսելով, թշվառ գյուղացուց ոռոգման ջրի հա՞րկ է հավաքում, այն, որ հասարակ ժողովրդի կենսամակարդակն ու եկամուտը մի տասն անգամ ցածր են զարգացած երկրների ժողովուրդների կենսամակարդակից ու եկամուտներից, բայց մեր երկրում գազի, էլեկտրաէներգիայի, ծառայությունների ու սպասարկումների, առաջին անհրաժեշտության ապրանքների ու կենցաղային տեխնիկայի և ի վերջո սննդամթերքի գներն առնվազն հավասար կամ ավելի բա՞րձր են, այն, որ պետական-օլիգարխիկ համակարգի ներկայացուցիները երբ ուզեն, առանց լուրջ ու ռեալ հիմնավորումների ու անպատիժ, կարող են բարձրացնե՞լ գները, այն, որ ինֆլյացիայի բարձր տեմպերի պայմաններում պետությունը մատը մատին չի տալիս, իսկ ժողովրդին մատնում անպաշտպան վիճակի՞, այն էլ այն աստիճան, որ նույնիսկ թոշակները չի բարձրացնում, պարոնայք գործիչներ: Ես հարցնում եմ ձեզ` այսպե՞ս եք բարգավաճ Հայաստան կառուցում:
Ասում եք` դեպի օրինաց երկիր եք գնում, օրենքների երկիր ու իրավական պետություն եք ցանկանում կառուցել: Կներեք իհարկե, իսկ մինչև հիմա` շուրջ 20 տարի, ինչո՞վ եք զբաղվել, և մի՞թե Հայաստանում օրենքներ չկան, Սահմանադրություն չկա: Ուզում եք ասել, որ մեր երկիրը անօրեն երկի ́ր է, որ մեր պետությունն իրավական պետություն չէ՞: Ախր, չի կարելի այսպես, պարոնայք գործիչներ. չէ՞ որ դրանով դուք վարկաբեկում եք մեր երկիրը: Ի՞նչ կմտածեն ուրիշները, եթե իհարկե, արդեն չեն մտածել:
Բայց, հարգելիներս, չէ՞ որ Հայաստանում և Սահմանադրություն կա, և բազում-բազում օրենքներ, ինչպես բոլոր զարգացած ու քաղաքակիրթ երկրներում: Հա, կներեք, ես մի պահ մոռացա, որ մեր երկիրը ոչ զարգացած է, ոչ էլ քաղաքակիրթ, որ մեզ մոտ ամեն ինչ գլխի վրա շուռ եկած է. հետևաբար, մարդիկ ճիշտ են ասում, որ օրենք չկա կամ չի գործում: Այլապես գլխի վրա շուռ եկածն ինչպե՞ս պետք է գործի:
Բայց եկեք պարզենք, թե այդ ինչպե՞ս եղավ, որ մեր օրենքները գլխիվայր շուռ եկան, կամ ովքե՞ր դրանք շուռ տվեցին: Միգուցե` դո՞ւք, պարոնայք գործիչներ: Չէ, դուք ինձ ճիշտ չհասկացեք. ես չասացի, թե դուք եք արել, կամ էլ մտածված եք արել: Քավ լիցի, ուղղակի մտածեցի, որ ձեզ այնքան կտրեցիք ժողովրդից, այնքան բարձրացաք վեր, որ ժողովրդին օրենքները ցույց տալու համար պարզապես ստիպված էիք դրանք շուռ տալ, ավելի ճիշտ` ներքև ուղղել ժողովրդին տեսանելի դարձնելու համար: Եվ, ո~վ զարմանք, ստացվել է, որ ներքևից օրենքները երևում են ինչպես որ կան, իսկ վերևից` շուռ տրված, կամ էլ իսպառ չեն երևում:
Այ քեզ անհաջողություն: Ես էլ զարմանում եմ, թե ինչպես է լինում, որ մեր գործիչները այսօր այս օրենքն ու որոշումն են ընդունում ու փորձում կատարել, մեկ շաբաթ հետո դրան հակառակ այլ օրենք ու որոշում են ընդունում ու փորձում կատարել, ու դեռ մարդկանց էլ մեղադրում ենք: Ախր էս մարդիկ, որ էս օրենքները կամ չեն տեսնում, կամ էլ շուռ տրված են տեսնում, որտեղի՞ց իմանան այս մասին: Այս դեպքում, հարգելիներս, օրինաց երկիր կառուցելու կամ օրենքները ճիշտ կարդալու համար անհրաժեշտ է, որ կամ դուք գլխիվայր շուռ գաք, կամ էլ օրենքները պահեք ձեր գլխից վեր: Ցավոք սրտի, այլ ճանապարհ չկա:
Ասում եք` դեպի միացյալ Հայաստան ու Ցեղասպանության ճանաչում եք գնում: Իսկ չե՞ք ասի, խնդրեմ, թե ում հետ եք միացյալ Հայաստան կազմելու, այն Հայաստանի՞, որը լքեցիք և որից ձեր իշխանատենչության պատճառով ու Ռուսաստանի պահանջով այնքան հեշտությամբ հրաժարվեցիք, Ղարաբաղի՞, որի հետ միացում, քանի դեռ Ռուսաստանի կիսագաղութն ենք, երբեք չի լինի, քանզի այն ու այս հանձնել ենք Ռուսաստանի ձեռքը` որպես խաղաքարտ ուրիշների դեմ: Միգուցե Ռուսաստանի՞ հետ միացումը նկատի ունեք, հարգելի գործիչներ, այն Ռուսաստանի, որտեղ ամեն ԱՍՏԾՈւ օր հայեր են սպանում, իսկ Հյուս. Կովկասում նույնիսկ ազգամիջյան ջարդեր են սպասվում (էլի հայերն են տուժելու):
Եվ հետո, հարգելիներս, մենք մեր բոլոր քաղաքական ու սոցիալ-տնտեսական խնդիրները լուծե՞լ ենք, արժանապատիվ ու զարգացած երկիր ու հասարակություն, հզոր ու հարգանքի արժանի պետություն ստեղծե՞լ ենք, Ղարաբաղի անկախության ճանաչման հասե՞լ ենք (այստեղ հարկ է նշել, որ եթե «եղբայրական Ռուսաստանը» չի ուզում ճանաչել, ուրիշներն ինչո՞ւ պետք է ճանաչեն), որ հիմա էլ մեծ Հայաստան ու Ցեղասպանության ճանաչում ենք պահանջում, թե՞ սովոր ենք մուկ ու կատու խաղալուն, մինչև որ այս անգամ էլ ընկնենք կատվի թակարդն ու կորցնենք ձեռք բերածն էլ: Միգուցե սա՞ է ձեր նպատակը, պարոնա ́յք գործիչներ:
Հայ մարդ, իսկ դու, դու գիտե՞ս արդյոք, թե ուր ես գնում, և ուր է գնում քո երկիրը: Ի պատասխան` դու խորը հոգոց կհանես ու կասես. «Լա~վ կլինի»: Միայն այսպես, քանի որ քո մեջ միայն հույսն է մնացել` առանց հավատի ու սիրո, միայն ես-ն է մնացել` առանց կամքի ու արժանապատվության: Կոտրել են քո մեջ հավատն առ ԱՍՏՎԱԾ: Բայց ոչ թե ԱՍՏՎԱԾ է քեզանից երես թեքել, այլ դու ես գլուխդ կախել, երեսդ շրջել, ու չես ուզում հայացքդ երկնքին հառել, ազատ ու անաղարտ երկնքին ու Երկնավորին:
Կոտրել են քո մեջ սերը, սերն ու հոգատարությունը մերձավորի ու ժողովրդի հանդեպ: Արդեն սիրում ես միայն քեզ ու այլ բան չես տեսնում ու լսում: Կոտրել են քո կամքը, ազատ հոգին ու միտքը, վախենում ես ինքդ քեզանից ու ստվերներից: Կոտրել են քո արժանապատվությունը:
Բայց, ո ́վ հայ մարդ, դու դեռ ունես հո ́ւյս, հո ́ւյս, որը կարող է քեզ հավատի բերել, քո մեջ սեր լցնել, ազատության ոգի սերմանել ու կամք հանդես բերել: ԱՍՏՎԱԾ է քեզ այս ամենը տվել, ու դու պարտավոր ես տեր կանգնել այս ամենին, պարտավոր ես երջանիկ ու արժանապատիվ կյանքով ապրել:
Երկիրը քո ́նն է, տե ́ր կանգնիր քո երկրին:
Վազգեն Մխիթարյան
15. 01. 2011թ.
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել