
Ալավերդու քննչականի պետը շինարարություն է սկսել
ՀՀ Լոռու մարզի քննչական վարչության Ալավերդու քննչական բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Ռուդիկ Ստեփանյանը մեկ ամիս է՝ շրջափակել եւ ալավերդցիների համար անմատչելի է դարձրել Ալավերդու Թումանյան փողոցի կենտրոնական մայրուղու մայթի 200 մ հատվածը:
Ալավերդու քաղաքապետի 2009 թ. դեկտեմբերի 23-ի թիվ 108-Ա որոշմամբ` Թումանյան փողոցի հյուսիսային մասում գտնվող 95.2 քմ հողատարածքը 88 հազար 680 դրամով վաճառվել է Վանուհի Բաղոյանին` հասարակական օբյեկտ կառուցելու համար: Քաղաքապետարանից «Հետքին» հայտնեցին, որ Վանուհի Բաղոյանը Ռուդիկ Ստեփանյանի կինն է: Ալավերդցիներից ոմանք այս որոշումը համարում են քաղաքապետի երախտագիտության դրսեւորումը` 2008-2009 թթ. տարածաշրջանում մեծ աղմուկ հանած` Ալավերդու գերեզմանոցի բարեկարգման համար պետբյուջեից հատկացված 43 մլն դրամի անարդյունավետ ծախսումների փաստը Ալավերդու քննչական բաժնի կողմից կոծկվելու համար: Մայթով բնակչության երթեւեկը պատնեշել են նաեւ կառույցի համար նախատեսված ու մայթի վրա արդեն մեկ ամիս թափված երկաթբետոնե կոնստրուկցիաները:
Ռուդիկ Ստեփանյանը եւ Ալավերդու քաղաքապետարանը մայթի երկարաժամկետ շրջափակման պայմաններում հետիոտնին երթեւեկի այլ ճանապարհ չեն առաջարկել: Մինչդեռ կենտրոնական մայրուղին ավտոմեքենաների երկկողմանի երթեւեկությամբ ճանապարհ է: Իսկ ալավերդցիները հատկապես օրվա ծանրաբեռնված պահերին ստիպված ճանապարհը հատում են` ընթացքի մեջ գտնվող ավտոմեքենաները շրջանցելով: Մայրուղու վրա ստեղծված երթեւեկության այս վիճակի նկատմամբ ճանապարհային ոստիկանությունն անտարբեր է, զգուշացնող որեւէ նշան դրված չէ: 2009 թ. Ալավերդու քաղաքապետ Արթուր Նալբանդյանը վաճառել է Ալավերդի քաղաքի Թումանյան փողոցի կենտրոնական մայրուղու մայթերին եւ երկաթգծին հարող շուրջ 1 կմ երկարությամբ հողատարածքները` «Կառուցապատման նպատակով, սեփականության իրավունքով հողամաս վաճառելու մասին» թիվ 19-Ա, թիվ 222-Ա, թիվ 205-Ա եւ այլ որոշումներով: Արթուր Նալբանդյանի նախորդը` Սարիբեկ Օհանյանը, վաճառել է նաեւ Թումանյան փողոցին հարող Եղեռնի պուրակի շուրջ 500 քմ հողատարածքը: Երկաթգծից հազիվ 10 քայլ բաժանող հողատարածքների վաճառքը ոչ միայն չի բխել հողային սուղ պայմաններում գտնվող Ալավերդու քաղաքաշինական շահերից, այլեւ լուրջ վտանգ է ստեղծել քաղաքի կենտրոնով անցնող երկաթգծի, մայրուղով երթեւեկող ավտոմեքենաների եւ բնակիչների համար: Ալավերդու նախկին եւ ներկա քաղաքապետերը հողամասերը ձեւական աճուրդներով ու էժան գներով վաճառել են իրենց շրջապատի մարդկանց եւ քաղաքապետարանի աշխատակիցներին:
Թումանյան փողոցի լուսանկարչատան արեւելյան մասում (փոստային հասցե` Թումանյան 31/1) գտնվող 75 քմ հողատարածքը 66 հազար 826 դրամով վաճառվել է Կադաստրի Ալավերդու ստորաբաժանման պետ, նախկինում քաղաքապետարանի աշխատակից Դավիթ Թարմինյանին: Թումանյան փողոցի թիվ 57 Ա հասցեում գտնվող 198,4 քմ մակերեսով հողատարածքը 181 հազար 128 դրամով վաճառվել է քաղաքապետի ընկերոջը` Ալեքսանդր Կոլոլյանին: Այդ տարածքում կնոջ անունով հող է ձեռք բերել նաեւ քաղաքապետարանի քաղաքաշինության բաժնի պետ Գագիկ Սոխակյանը: Տարածքում հողամաս է գնել քաղաքապետի մտերիմներից եւս մեկը` Գեւորգ Կոստանդյանը: Կառուցվող շինությունների ճարտարապետական տեսքն ու անվտանգությունը չեն վերահսկվում Ալավերդու քաղաքապետարանի կողմից: Կառուցապատումը կատարվում է «ում ինչպես հարմար է, ով ինչպես կարող է» սկզբունքով:
Մեկնաբանել