HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ֆինանսական ճգնաժամը խափանել է Արմավիրի մարզի ներդրումային ծրագրերը

«Հետք»-ի հարցերին պատասխանում է Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը

Դեռեւս 1-2 տարի առաջ ասում էիք, որ բանակցություններ եք վարում արտասահմանյան ընկերությունների հետ, որպեսզի մարզում ներդրումներ արվեն: Այդ ներդրումները դիտարկում էիք որպես հակաճգնաժամային քայլեր եւ հավաստիացնում էիք, որ կարճ ժամանակ անց մարզի բնակիչները տեսնելու են արդյունքները: Ինչո՞ւ մինչ օրս մարզում չեն նկատվում սոցիալ-տնտեսական էական փոփոխություններ:

Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի արդյունքում մի շարք ներդրումային ծրագրեր Արմավիրի մարզում ուղղակի հետաձգվեցին: Սակայն հավաստիացնում եմ, որ բանակցությունները բոլոր ուղղություններով շարունակվում են, եւ դրանք անպայման իրագործվելու են` ի շահ մարզի ազգաբնակչության բարօրության:

Ո՞ր փուլում է գտնվում Իրանի հետ իրականացվող ծրագիրը: Նախատեսում էիք, որ «մինի» տրակտորների հավաքման գործարան է ստեղծվելու Արմավիրում:

Գյուղտեխնիկայի ներկրման եւ «մինի» տրակտորների հավաքման գործարանի ստեղծման հետ կապված բանակցությունները եւս շարունակվում են: Այստեղ խնդիրը նրանց կողմից առաջարկվող բարձր գինն է: Միաժամանակ լուրջ աշխատանքներ են տարվում 200 միավոր գյուղտեխնիկայի եւ կցասայլերի ներկրման ուղղությամբ, որոնք նախատեսում ենք մարզի համայնքներին տրամադրել լիզինգային հիմունքով` 7 տարի մարման ժամկետով:

Բանակցություններ էիք վարում նաեւ Սվերդլովի մարզի առեւտրի ոլորտում ամենախոշոր ընկերության` «Բեստ հոլդինգի» տնօրենի հետ: Դեռեւս 2009 թ. Արմավիրի մարզ էր ժամանել նաեւ Ստերնովայի մարզի նահանգապետի գլխավորած պատվիրակությունը: Նախատեսվում էր, որ Արմավիրից գյուղմթերքներ կարտահանվեն Ռուսաստան: Ինչո՞ւ կյանքի չկոչվեցին այդ ծրագրերը:

Մարզից գյուղմթերքի արտահանման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են: Այժմ խնդիր ունենք կաթնամթերքի եւ ձկնեղենի լիցենզավորման առումով, որն անպայման լուծում կստանա, եւ հնարավորություն կունենանք այդ արտադրատեսակները նույնպես արտահանել: Ասեմ, որ առաջիկայում նախատեսվում է Սվերդլովսկի նահանգապետի այցը Արմավիրի մարզ: 2010 թ. ընթացքում աշխատանքային այցով եղել եմ Սվերդլովսկում, Տրնավայում, ընդունել եմ Իրանի Իսլամական Հանրապետության Արեւմտյան Ատրպատականի եւ Սիրիայի Արաբական Հանրապետության Դեյր Էզ Զորի նահանգներից ժամանած պատվիրակություններին: Բոլոր այցերի եւ ընդունելությունների ընթացքում քննարկվել են Արմավիրի մարզի եւ համապատասխան նահանգների եւ քաղաքների միջեւ կնքված պայմանագրերը, հուշագրերը, ձեռք բերված պայմանավորվածությունները եւ դրանց նոր որակ եւ բովանդակություն է հաղորդվել:

Պայմանավորվածություն էր ձեռք բերվել նաեւ ռուսական «Զիլ» ավտոմեքենաների գործարանի տնօրենի հետ, որպեսզի Արմավիր քաղաքի հաստոցաշինական գործարանի բազայի վրա ստեղծվի ավտոմեքենաների արտադրության հայ-ռուսական համատեղ ընկերություն: Ծրագիրը մեկնարկե՞լ է:

Բանակցությունները շարունակվում են: Ոչ մի ծրագիր դադարեցված չէ, պարզապես ֆինանսատնտեսական ճգնաժամի պատճառով այս ծրագրի մեկնարկը եւս հետաձգվել է: Մարզպետարանում ստեղծվել են տարբեր հանձնաժողովներ, եւ բանակցությունները բոլոր կողմերով շարունակվում են: Ներդրումային ծրագրերն իմ ամենօրյա ուշադրության կենտրոնում են: Ոչ մի ներդրումային պայմանավորվածություն չեղյալ չի համարվել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter