HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոսկան Սարգսյան

Գործարանն ու բնակարանները՝ կողք-կողքի

Նոյեմբերյանի քաղաքապետարանի հարեւանությամբ գտնվող Երեւանյան-6 շենքի 11 բնակիչներ նամակով դիմել են Նոյեմբերյանի քաղաքապետ Վանուշ Ամիրաղյանին, Տավուշի մարզի թիվ 40 ընտրատարածքից ԱԺ պատգամավոր Միքայել Վարդանյանին եւ մարզպետ Արմեն Ղուլարյանին: Բնակիչները մտահոգություն են հայտնել, որ երկու շքամուտքով իրենց բազմաբնակարան շենքում գործելու է «թունավոր եւ աղմկոտ արտադրամաս, որը բնակելի շենքի ներսում անթույլատրելի է»:

Նրանք այդ հարցում խնդրել են պաշտոնյաների միջամտությունը: Բողոքողների թիվն ավելին է, պարզապես դիմումի տակ յուրաքանչյուր ընտանիքից մի հոգի է ստորագրել: Նշենք, որ այդ շենքում գործում է 2 խանութ, վարսավիրանոց եւ օբյեկտների պահպանության ոստիկանական ծառայություն: Շենքի բնակչուհիներ Անահիտ Մամյանը եւ Անահիտ Հովհաննիսյանը այստեղ տարածք են գնել եւ բնակվում են 1999 թ.-ից, 2 տարի առաջ բնակարանի սեփականության իրավունքի վկայական են ստացել: Շենքում բնակվում է 9 ընտանիք: Նախկինում այստեղ դրոսելների գործարան է եղել, որը 1994 թ. լուծարվել է: Գործարանը տարբեր տարիների տարբեր անվանումներ է ունեցել` «Ռեզիստր», «Արեգ», «Բերդ», «Շուշան»: Մեր այցելության ժամանակ այստեղ արտադրական նպատակներով տարածքը վերանորոգվում էր: «12-ամյա աղջիկս արդեն 10 օր հիվանդ է, դպրոց չի հաճախում: Խնդրում եմ, որ վերանորոգող բանվորները գոնե 5 րոպե ընդմիջում անեն, որ աղմուկ չլինի, երեխաս հանգիստ լինի: Եթե գործարանը սկսի աշխատել, ինչպե՞ս ենք դիմանալու»,- ասում է 4-րդ հարկի բնակչուհի Անահիտ Հովհաննիսյանը: Նա 1987-1994 թթ., մինչ գործարանի լուծարումը, աշխատել է այնտեղ: «Ես գիտեմ, որ դրոսելների արտադրության մեջ «շոլոչ», ացետոն եւ տարբեր քիմիական նյութեր են օգտագործում»,- ասում է Անահիտը: Դրոսելները տեղադրվում են էլեկտրական սարքավորումներում: Դրանք նախատեսված են հոսանքի ինդուկտիվությունը կայունացնելու համար: Անահիտ Մամյանը եւ Անահիտ Հովհաննիսյանն ասում են, որ գործարանը գործելու է շենքի երկու թեւերում, իսկ այդտեղ անչափահաս 8 երեխա է ապրում: «Մեր երեխաների կյանքը թունավորվելու է»,- ասում է Անահիտ Հովհաննիսյանը: Ա. Մամյանը եւ Ա. Հովհաննիսյանը ճիշտ չեն համարում շենքի 3-րդ հարկում արտադրություն կազմակերպելը, նրանց համոզմամբ` արտադրությունը գոնե առաջին հարկում պիտի լիներ: Ա. Հովհաննիսյանը նաեւ դժգոհում է, որ տեղադրված օդափոխիչ խողովակը 4-րդ հարկի բնակարանի տակ է գտնվում: Կանայք ասացին, որ գործարանի աշխատանքը կազմակերպող Գագիկ Աբովյանն իրենց աշխատանք է առաջարկել գործարկվելիք արտադրամասում:

Հանդիպեցի «Արտամետ» ՍՊԸ տնօրեն Գագիկ Աբովյանին: Նրա ղեկավարած ընկերությունը խորհրդային տարիներին, մինչեւ 1997 թվականը Նոյեմբերյան քաղաքին կից Կողբ գյուղում դրոսելներ է արտադրել: Հետո դադարեցրել է գործունեությունը: Հիմա Գագիկ Աբովյանը օգտագործում է Ռուսաստանի, Ուկրաինայի, Բելառուսի ռազմական եւ բժշկական սարքավորումներ արտադրող գործարանների ղեկավարների հետ իր հին կապերը: Նա պատրաստակամ է ցածր գներով դրոսելներ մատակարարել այդ ձեռնարկություններին: «4-6 ամսվա աշխատանքի համար կիսաֆաբրիկատ ունենք, կարող ենք զեղչ գներով դրոսել մատակարարել»,- ասում է Գ. Աբովյանը: Նրա խոսքերով` գործարանն արդեն փորձնական աշխատել է: Գործարկվող արտադրամասում կաշխատի 30 հոգի, սակայն աշխատանքի ընդունվելու համար արդեն 800 դիմում է ստացվել:

Այժմ տեղադրվել է 12 հաստոց, կաշխատեն նաեւ արտադրանքի ներկողներ, դրոշմավորողներ, որակի ստուգողներ եւ այլն: Գագիկ Աբովյանն ասում է, որ ձեռնարկությունը գործարկելու հարցում զգացել է վարչապետ Տիգրան Սարգսյանի, էկոնոմիկայի փոխնախարար Կարինե Մինասյանի, Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի աջակցությունը: Կառավարությունը պատրաստակամ է գործարկվելիք արտադրամասին փոքր եւ միջին ձեռներեցության զարգացման ծրագրով հատկացվելիք վարկի համար գրավ տրամադրել: Գ. Աբովյանի խոսքերով` սահմանամերձ, հեռավոր Բարեկամավան գյուղում կստեղծվի սոսնձման արտադրամաս՝ աշխատանքով ապահովելով 6-10 մարդու: Այս ընտրատարածքից ԱԺ պատգամավոր Միքայել Վարդանյանն իր աջակցություն է հայտնել եւ պատրաստակամ է մեծ թվով աշխատատեղեր ստեղծելու դեպքում ֆինանսապես աջակցել գործարանին: 2-3 ամիս տեւելու է նոր աշխատողների ուսուցումը, որից հետո գործարանը կսկսի լիարժեք գործել: Գ. Աբովյանը համոզված է, որ արտադրությունում կիրառվող քիմիական նյութերը բնակիչների առողջության համար վտանգավոր չեն:

«Մեր օգտագործելիք քիմական նյութերը` ացետոնը, ներկերը, սոսինձը, լուծիչը, դիեթիլենգլիկոլը մեկ տարվա մեջ ավելի քիչ են օգտագործվում, քան քիմիական նյութերը` մի սովորական բնակարան նորոգելիս: Արտադրամասում ընդհանրապես հոտ չի լինելու, յուրաքանչյուր աշխատողի համար առանձին խցիկ կլինի, առանձին օդափոխություն է կատարվելու: Բնակիչները սուտ են ասում, թե օդափոխության խողովակը 4-րդ հարկի բնակարանի մոտ է: Մենք օդափոխության 3 խողովակ ենք տեղադրել, միացրած խողովակը տանիքից բարձր է»,- ասում է Գ. Աբովյանը: Նա հերքում է, որ արտադրամասի աղմուկը բարձր է լինելու: Նրա վկայությամբ, շենքի բնակիչները սկզբում ողջունեցին գործարանի վերագործարկումը՝ ցանկություն հայտնելով այնտեղ աշխատել:

Իրենք էլ նպատակահարմար գտան, որ շենքի բնակիչներն այդտեղ աշխատելու առաջնահերթ իրավունք ունենան: Սակայն երբ արտադրական նպատակներով ազատել են 2-3-րդ հարկերի տարածքները, բնակիչները սկսել են դժգոհել: Գ. Աբովյանն ասում է, որ շենքի բնակիչներն այդ տարածքում իրենց պահածոներն էին պահում, նաեւ շինարարական աղբ, թիթեղի կտորներ, թուղթ, նաեւ ընտանի կենդանիներ` կատու, ճագար, որ իրենք այդտեղից 8-10 բեռնատար աղբ են հանել:

Երեւանյան-6 շենքի բնակիչներն ասում են, որ ի սկզբանե դեմ են եղել շենքում արտադրություն գործարկելուն, նրանք նաեւ ասում են, իսկ դուրս բերված աղբի գերակշիռ մասն իրենցը չէ, այլ մնացել է նախկին՝ լուծարված գործարանից: Գործարանի աշխատանքային պայմաններին ծանոթացել է Նոյեմբերյանի քաղաքապետ Վանուշ Ամիրաղյանը:

Տավուշի մարզպետի պատասխանը ստորագրված է մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Սվետա Դավթյանի կողմից: Նամակում ասվում է. «Տավուշի մարզպետին հասցեագրված Ձեր դիմումը քննարկվել է Տավուշի մարզպետարանում: Պարզվել է, որ նշված շենքում, որի մի մասը բնակելի է, իսկ մյուսը հանդիսանում է արտադրական տարածք, դեռեւս խորհրդային տարիներին կազմակերպված է եղել արտադրություն: Տարածքն այժմ ունի նոր սեփականատեր, որն աշխատանքներ է իրականացնում այն վերականգնելու համար:

Արտադրության թունավոր լինելու վերաբերյալ եզրակացություն տալու իրավասություն ունի միայն ՀՀ բնապահպանության նախարարության «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ը, որին պետք է դիմեք Դուք»: Նշենք, որ այդ տարածքը, ուր արտադրություն է կազմակերպվում, պատկանում է Արդշինինվեստբանկի Նոյեմբերյանի մասնաճյուղին, որն էլ վարձավճարով հանձնել է «Արտամետին»: Գագիկ Աբովյանը, ով Տավուշի թիվ 40 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահն է եւ Նոյեմբերյանի անտառտնտեսության տնօրենի` պահպանության գծով տեղակալը, ասում է, որ մի քանի ամսից, երբ գործարանը կսկսի բնականոն գործել, ինքը գործադիր տնօրեն կնշանակի եւ չի խառնվի ձեռնարկության գործերին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter