HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Կառավարությունը կրճատում է ՏՏ ոլորտին հատկացվող գումարները

Թեեւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը Հայաստանում հռչակվել է գերակա ճյուղ, սակայն ոլորտին հատկացվող բյուջեն ավելանալու փոխարեն կրճատվում է: 2008 թ. 100 մլն դրամի եւ 2009 թ. 170 մլն դրամի փոխարեն ոլորտի զարգացման նպատակով 2010-11 թթ. հատկացվել է 80 մլն դրամ, որի հետեւանքով ՏՏ ոլորտի զարգացման ծրագրում կրճատվել են ինչպես միջոցառումները, այնպես էլ միջոցառումների անցկացման համար հատկացվելիք գումարները:

2008 թ. կազմակերպվեց Հայաստանի ռոբոտների առաջին բաց առաջնությունը, որի շրջանակում անցկացվել է 7 տիպի մրցույթ, իսկ մրցույթներին ընդհանուր թվով մասնակցել է 150 երիտասարդ: 2011-12 թթ. նախատեսվում է անցկացնել եւս 5 տիպի մրցույթ: Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության կողմից կազմակերպվող «ԱրմՌոբոտիքս» մրցույթը էկոնոմիկայի նախարարության միջոցով պետական բյուջեից ֆինանսավորվել է միայն 2008-09 թթ.: Ռոբոտաշինությունը, ավտոմատ համակարգերի նախագծումը եւ պատրաստումն այժմ համարվում է բավականին շահութաբեր եւ հեռանկարային ճյուղ ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում: Սա էկոնոմիկայի նախարարության տեսակետն է: էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանին հասցեագրված «Հետքի» հարցին՝ ռոբոտաշինությունը եւ ավտոմատ համակարգերի արտադրությունը շահութաբեր չե՞ն Հայաստանի տնտեսության համար, նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից հետեւյալ պատասխանն է ստացվել. «Այս տեսակ սարքերի կիրառության ոլորտն ունի լայն սպեկտր` քաղաքացիականից մինչեւ ռազմական: Հաշվի առնելով այն, որ Հայաստանում պատմականորեն ստեղծվել են տեխնոլոգիական զարգացման լուրջ ռեսուրսներ, ակնհայտ է, որ այս ոլորտը կարեւոր է նաեւ Հայաստանի տնտեսական զարգացման համար»: Նախարարության հիշատակած «լայն սպեկտրը» վերաբերում է միայն մրցույթներ անցկացնելուն: Ռոբոտաշինությանը, կարելի է ասել, Կառավարությունը ոչ մի աջակցություն չի ցուցաբերում: Իսկ ռոբոտները ստեղծվում են ոչ թե հատուկ լաբորատորիաներում, այլ այդ գործի նվիրյալների բնակարաններում: «Հետքն» իր նախորդ համարում անդրադարձել էր ռոբոտաշինության խնդիրներին: 2010 թ. մրցույթում հաղթած երիտասարդները մեզ տեղեկացրել էին, որ ցանկանում են Հայաստանը ներկայացնել ԱՄՆ-ի ռոբոտների միջազգային մրցույթին, որը տեղի է ունենալու ապրիլի 7-ին, սակայն չեն կարողանում Ամերիկա մեկնելու համար գումար հայթայթել: Էկոնոմիկայի նախարարից հետաքրքրվել էինք՝ հնարավո՞ր է, որ Կառավարությունը ֆինանսական աջակցություն ցուցաբերի այդ երիտասարդներին: «Նկատի ունենալով այն հանգամանքը, որ ՀՀ պետական բյուջեով ՏՏ ոլորտի խթանման ծառայությունների 2011 թ. ծրագրով չի նախատեսվել «ԱրմՌոբոտիքս» Հայաստանի ռոբոտների բաց առաջնության անցկացումը, ապա ՀՀ կառավարությունը ԱՄՆ-ի 2011 թ. կազմակերպվող ռոբոտների մրցույթին մասնակցելու համար պետական բյուջեից ֆինանսական աջակցություն ցուցաբերել չի կարող»,- գրված է պատասխանում: Ահա թե ինչպես է Կառավարությունը զարգացնում ՏՏ ոլորտը Հայաստանում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter