HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մտավորականները կոչ են անում արդարացի լուծում տալ Վահագն Չախալյանի խնդրին

Վահագն Չախալյանի պաշտպանության հանձնախումբը հայտարարություն է տարածել Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի՝ Հայաստան կատարելիք այցի կապակցությամբ: «2008թ. հուլիսի 21-ին վրացական իշխանությունների կողմից Ախալքալաքում ձերբակալվել է ջավախքահայ քաղաքական գործիչ Վահագն Չախալյանը: 2009թ. ապրիլի 7-ին Վրաստանի առաջին ատյանի դատարանը ակնհայտ օրինախախտումներով ուղեկցվող դատավարության արդյունքում դատապարտել է նրան 10 տարվա ազատազրկման մի շարք շինծու մեղադրանքներով, որոնք ուղղակիորեն առնչվում են Ջավախքի հայ բնակչության իրավունքների պաշտպանությանն ուղղված նրա քաղաքական և հասարակական գործունեությանը: Վրաստանի Վերաքննիչ և Գերագույն դատարանները թողել են վճիռն անփոփոխ: Վահագն Չախալյանը այն ջավախքահայ գործիչներից է, որը հետևողականորեն հանդես է գալիս վրաց իշխանությունների կողմից ջավախքահայության նկատմամբ իրականացվող խտրական քաղաքականության դեմ: Թեև նրա հանրային գործունեությունն ընթանում էր բացառապես օրինականության սահմաններում, սակայն ժողովրդի մեջ նրա հեղինակությունը և անկախ ու անկաշառ գործչի նրա համբավը ստիպեցին վրաց իշխանություններին կազմակերպել նրա չեզոքացման գործողությունը, որի արդյունքում նա այսօր բանտում է: Սույն թվականի հունվարի 22-ին պաշտոնական այցով Հայաստան է ժամանում Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին: Վահագն Չախալյանի պաշտպանության մտավորականների հանձնախումբը կոչ է անում Հայաստանի և Վրաստանի նախագահներին քննարկել և արդարացի լուծում տալ Վահագն Չախալյանի խնդրին` անհապաղ նրան ազատ արձակելով»,- ասվում է հայտարարությունում: Հայտարարությունը ստորագրել են`  հանձնախմբի անդամներ Ալեք Ենիգոմշյանը, Երվանդ Մանարյանը, Լևոն Խեչոյանը, Կարինե Խոդիկյանը, Աշոտ Ադամյանը, Տիգրան Խզմալյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter