Լոռիում վերակառուցվում է 3 դպրոց, իսկ Տավուշում վերականգնվում է պոմպակայան
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար, «Լինսի» հիմնադրամի կառավարման խորհրդի նախագահ Արմեն Գևորգյանն այսօր ծանոթացավ Լոռու մարզում «Լինսի» հիմնադրամի «Դպրոցաշինություն» ծրագրով վերակառուցվող երեք դպրոցի շինարարական աշխատանքների ընթացքին: Լոռու մարզպետ Ա.Քոչարյանի, «Դպրոցաշինություն» ԾԻԳ-ի տնօրեն Հ.Սարգսյանի ուղեկցությամբ փոխվարչապետը եղավ Սպիտակի թիվ 1, Վանաձորի թիվ 22 և Ստեփանավանի թիվ 6 դպրոցում:
Դպրոցներում շինաշխատանքներն իրականացվում են ըստ ժամանակացույցի. դրանց 40-45 տոկոսն արդե կատարվել է: Տարեվերջին ավարտվել են բոլոր երեք դպրոցի տանիքների ծածկման աշխատանքները: Ներկայումս, հաշվի առնելով եղանակային պայմանները, շենքերի ներսում կատարվում են հարդարման աշխատանքներ: Ծրագիրն ունի նաև մեկ տարվա հետերաշխիքային ժամկետ:
Դպրոցների վերակառուցման աշխատանքները մեկնարկել են 2010թ. հունիսին: Ավարտը, ըստ ժամանակացույցի, նախատեսվում է 2011թ. վերջին, սակայն աշխատանքների` ներկայիս տեմպերով շարունակվելու դեպքում հնարավոր է, որ դպրոցները շահագործվեն մինչ հաջորդ ուսումնական տարվա սկիզբը:
Լոռու մարզից փոխվարչապետը մեկնեց Նոյեմբերյանի տարածաշրջան, ՏԿՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Ա.Անդրեասյանի, «Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ-Հայաստան» ՊՈԱԿ-ի գլխավոր գործադիր տնօրեն Ա.Հովսեփյանի ուղեկցությամբ ծանոթացավ ՀՄՀ-ի ծրագրերի շրջանակում Նոյեմբերյանի պոմպակայանի վերականգնման աշխատանքների կազմակերպմանը:
Ընդհանուր աշխատանքների մեծ մասը` մոտ 65 տոկոսն, արդեն կատարվել է: Առաջիկայում կսկսվի պոմպակայանի վերազինումը. անհրաժեշտ սարքավորումները ներմուծվել են, մի մասն արդեն տեղափոխված է: Պատասխանատուների հավաստիացմամբ` աշխատանքները կավարտվեն նախանշված ժամկետներում:
Փոխվարչապետին ներկայացվեց նաև պոմպակայանի ջրառն ապահովող Դեբեդ գետի պատվարի վերականգնման հարցը: Շինարարությունն իրականացնող ֆրանսիական «Ֆարմեքս թեքնոլոջի» ընկերությունն արդեն ներկայացրել է պատվարի վերակառուցման նախագիծը, և առաջիկայում շինաշխատանքները կմեկնարկեն: Անհրաժեշտության դեպքում «ՀՄՀ-Հայաստան» ՊՈԱԿ-ը աշխատանքներում կներգրավի այլ ընկերություն` տեխնիկապես բարդ ինժեներական կառույցի շինարարությունը ժամանակին և որակով կատարելու համար:
Փոխվարչապետը հորդորեց հնարավորինս շուտ` մինչ գետի ջրերի մակարդակի բարձրացումը, սկսել պատվարի վերականգնումը: Նա ևս մեկ անգամ ընդգծեց նոր ոռոգման շրջանում պոմպակայանի հզորությունների օգտագործման անհրաժեշտությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել