HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Աշոտ Գիզիրյան. «Դուք չգիտե՞ք, որ իմ աչքից ոչ մի բան չի վրիպում»

Աշխատանքային 100 օրերի ամփոփում-հաշվետվությունը շրջանցած Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանի կարծիքով` իր գործունեության 7 ամիսների ընթացքում աշխատել է հետամուտ լինել եւ լուծում տալ այն բոլոր խնդիրներին, որոնց տեղյակ է եղել: «Առաջնահերթությունն էլ` առկա խնդիրների, դասակարգվել է ըստ արդյունքների»,- պարզաբանեց մարզպետը: Անի թաղամասում գործող մարզային նշանակության Գյումրու մարզական բարձր վարպետության դպրոցի չգործող լողավազանի փոխարինումը մարզասրահի նույն այդ առաջնահերթության արդյունք էր: «Իմ նշանակման կարծեմ 10-րդ օրն էր, ինձ է մոտեցել սպորտդպրոցի տնօրեն Արտաշես Ներսիսյանը, խնդիրը ներկայացրել է, մենք էլ օգնել ենք, որպեսզի անօգուտ տարածքի վերածված հատվածն օգտագործվի ըստ նշանակության: Իհարկե, հաշվի ենք առել նաեւ այս կառույցի արդյունավետ գործունեությունը: Չմոռանանք, թե ինչ մարզիկներ է տվել այս սպորտդպորցը եւ դեռ կտա, կարծում եմ»,- նշեց մարզպետ Աշոտ Գիզիրյանը: Անի թաղամասում գործող մարզադպրոցն անգարային կառույց է: Ոչ միայն հանրապետությունում, այլեւ արդեն աշխարհում հայտնի ճանաչված մարզիկներ Նազիկ Ավդալյանը, Մելինե Դալուզյանը, Հայկ Հակոբյանն ու այլք այս մարզադպրոցի սաներն են: «Ի՞նչ է պետք, որպեսզի մարզական ձեր հաջողությունները կրկնապատկվեն»,- հարցրեց մարզպետը` դիմելով գեղարվեստական մարմնամարզության մարզիչ Ասյա Սիմոնյանին: «Պայմաններ մազրվելու համար եւ գումար, որպեսզի կարողանանք ավելի շատ մրցումների մասնակցել»,- մարզչի պատասխանը չուշացավ: «Բարի, կաշխատենք օգնել»,- խոստացավ մարզպետը: Մարմնամարզուհիների ելույթը դիտելուց հետո մարզպետին առաջարկեցին անցնել հարեւան սրահ, որտեղ մարզվում էին ըմբշամարտիկները: Ի վերջո, հերթը հասավ նորակառույց մարզասրահին, որտեղ իրենց պարապմունքներն էին անցկացնում ծանրամարտիկները: Մարզպետի աչքից չէր վրիպել մի կերպ, կիսատ-պռատ նորոգված հանդերձարանն ու հին աթոռները: «Պարոն Ներսիսյան, այ, սա Ձեր սխալն էր, որ ինձ բերեցիք այստեղ,- դիմելով մարզադպրոցի տնօրենին` նկատեց մարզպետը,- Դուք չգիտե՞ք, որ իմ աչքից ոչ մի բան չի վրիպում: Եթե ինչ-որ բան եք անում, էնպես արեք, որ Ձեր արածն էլ երեւա, ծախսած գումարն էլ: Աշխատեք այս թերությունները վերացնել: Հասկանում եմ, որ Ձեր ուժերով եք արել, եթե գումար չունեք, դիմեք, մենք էլի կօգնենք»: Հրաժեշտից առաջ տեղի ունեցավ հուշանվերների փոխանակում: Մարզպետ Աշոտ Գիզիրյանը ծանրամարտիկ Նազիկ Ավդալյանին ձիու փոքրիկ արձանիկ նվիրեց: Որպես իսկական գյումրեցի ու տանտեր` Նազիկն էլ մարզպետին նվիրեց ծանրամարտի առաջնություններին տրվող գավաթների կրկնօրինակը` մակագրությամբ` Նազիկ Ավդալյանից մարզպետ Աշոտ Գիզիզրյանին: Իսկ մարզադպրոցը նվեր ստացավ հեռուստացույց ու DVD տեսաձայնագրիչ, որպեսզի առաջնությունների ցուցադրությունը մարզիկները կարողանան ոչ միայն դիտել մարզադպրոցում, այլեւ տեսագրեն: Մարզպետը հավաքված մարզիկներին մաղթեց միայն հաղթանակներ. «Ես պարտվել չեմ սիրում, մարդկային իմ տեսակը միշտ ձգտել է հաղթանակներ տանել ու դա ինձ միշտ հաջողվել է: Նույնն էլ ձեզ եմ մաղթում»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter