35 հետախուզվող. 10-ը ենթարկվել է էքստրադիցիայի
Արդյունքների ամփոփում` Հայաստանի Ինտերպոլի ԱԿԲ-ում
Հայաստանում Իտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի 2010 թ. գործունեության արդյունքների ամփոփմանը նվիրված հաշվետու խորհրդակցություն է հրավիրվել օրերս, որին մասնակցել է նաեւ ոստիկանության պետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը:
ԱԿԲ-ի գործունեության ուղղություններից առաջնահերթային են համարվել` հետախուզումը, անձերի օպերատիվ ստուգումները և նույնացումը, առևանգված ավտոտրանսպորտային միջոցների հետախուզումը, դրամանենգությունը և փաստաթղթերի կեղծումը և այլն:
Հաշվետու ժամանակահատվածում ԱԿԲ-ն համագործակցել է Ինտերպոլի անդամ 102 երկրների հետ, որոնցից առավել ակտիվ կապ է եղել Ռուսաստանի Դաշնության, Գերմանիայի, ԱՄՆ-ի, Լեհաստանի, Թուրքիայի, Իրանի, Ուկրաինայի, Շվեդիայի, Ֆրանսիայի և Ավստրիայի հետ:
Ինտերպոլի անդամ երկրներից հետախուզման վերաբերյալ ստացված հարցումների հիման վրա կատարված աշխատանքների արդյունքում ոստիկանության մարմինների միջոցով հաջողվել է կազմակերպել 37 անձանց հայտնաբերումը Հայաստանի Հանրապետությունում (15-ը հետախուզվում էին միջազգային մակարդակով), որոնցից 9-ը ձերբակալվել են:
Հետախուզման մեջ գտնվող անձանց վերաբերյալ ՀՀ ոստիկանության մարմինների կողմից ստացված հարցումների հիման վրա տեղեկատվության օպերատիվ ուղեկցումը կազմակերպելու շնորհիվ հաջողվել է պարզել նրանցից 119-ի (2009 թ.` 99) գտնվելու վայրը, որոնցից 101-ը (2009 թ.` 84) ձերբակալվել են, իսկ 26-ը (2009 թ.`-18)՝ ենթարկվել էքստրադիցիայի:
Ինտերպոլի ուղիներով իրականացված աշխատանքների շնորհիվ հաջողվել է հայտնաբերել միջազգային հետախուզման մեջ գտնվող 35 անձանց (2009 թ.` 26), որոնցից 34-ը (2009 թ.` 24) ձերբակալվել են, 10-ը` (2009 թ.` 9) ենթարկվել էքստրադիցիայի:
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսային ձևակերպումների մասնագիտացված կետից ստացված տեղեկատվության հիման վրա ստուգվել է 19422 ավտոտրանսպորտային միջոց: Արդյունքում՝ Հայաստանում հայտնաբերվել է հափշտակված 14 ավտոմեքենա: Միջազգային հետախուզման մեջ են գտնվում Հայաստանի տարածքում հափշտակված 108 ավտոմեքենաներ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել