Սպահանում հայեր են ձերբակալվել՝ Սբ. Ամենափրկիչ վանքի կողոպուտի առթիվ
Ոչ պաշտոնական տեղեկությունների համաձայն՝ Իրանի անվտանգության ուժերը Սպահանում 2-5 հայի են ձերբակալել ՝ Նոր Ջուղայի Սբ. Ամենափրկիչ վանքի կողոպուտի կապակցությամբ:
«Արաքս» շաբաթաթերթը հայտնում է, որ առայժմ ոչ մի տեղեկություն չկա, թե արդյոք այս կապակցությամբ դիմում կատարվե՞լ է Ինտերպոլին, թանգարանային իրերը վաճառքի հանողներին ձերբակալելո՞ւ են, թե՞ ոչ: Անհայտ է նաև, թե արդյոք Սպահանի հայոց թեմի Թեմական խորհուրդը այս առթիվ որոշակի քայլերի դիմել է, թե ոչ:
Նոր Ջուղայում տարածված լուրերի համաձայն՝ ձերբակալված կասկածյալները հինգն են, իսկ ավելի հավաստի աղբյուրները միայն երկու հոգու մասին են խոսում՝ նշելով, որ մեկը կին է: Ըստ նույն աղբյուրի՝ մեղադրվողներն այս պահին ազատության մեջ են՝ մեկ միլիարդ ռիալ (մոտ 85 հազար ԱՄՆ դոլար) երաշխիքի դիմաց:
Դեռ պարզ չէ նաև, թե կողոպտված թանգարանային իրերը ուր են կամ գտնվե՞լ են, թե՞ ոչ: Սակայն ենթադրվում է սրբապատկերները երկրից դուրս չեն տարվել, «այլ միայն նրանց պատկերներով են թալանողները Լոնդոնում հետաքրքրվել «ավարի» արժեքը ճշտելու համար»:
Սպահանի հայոց թեմի Թեմական խորհուրդը ցայսօր պաշտոնական ոչ մի տեղեկատվություն չի հրապարակվել ձերբակալությունների կապակցությամբ և շարունակում է լռել:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել