HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քարերի սիմֆոնիան քանդողները չեն պատժվել

2010 թվականի օգոստոսին «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը նամակ է հղել ՀՀ ոստիկանություն` հայտնելով, որ Կոտայքի մարզի Գառնի գյուղի վարչական տարածքի Ազատ գետի կիրճում  գտնվող  «Բազալտե երգեհոն սյունաձև բազալտներ» հուշարձանի սյուներից կոտրված և գետնին թափված քարերն անարգել հավաքում ու դուրս են բերում տարածքից: Նամակում նշված է, որ ամենայն հավանականությամբ դրանք օգտագործում են որպես շինանյութ` խախտելով բնության հուշարձանի պահպանման ռեժիմը և վնաս հասցնում բնության հուշարձանին: Հաղորդման հիման վրա Կոտայքի քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 298 հոդվածի հատկանիշներով (Բնության հատուկ պահպանվող տարածքների ռեժիմը խախտելը): Գործի շրջանակներում հարցաքննվել են նաև դեպքի այլ ականատեսներ` Սոնա Այվազյանը, Սամվել Հովհաննիսյանը, Արթուր Հակոբյանը: Նրանք էլ են հայտնել, որ օգոստոսի 4-ին Ազատ գետի կիրճում տեսել են առանց համարանիշի Գազ-52 մակնիշի բեռնատար ավտոմեքենան, իսկ սյունաձև բազալտներից թափված քարերի մեջ անծանոթ անձինք քարեր են գցել դեպի գետի ու ճանապարհի կողմը: Վկաները լուսանկարել են այդ ամենը և հանձնել ոստիկանությանը: Ավելի վաղ` 2008թ. կառավարության որոշմամբ հստակեցվել է բնության հուշարձանների ցանկը, որոնց մեջ եղել են Ազատ գետի կիրճում գտնվող «Բազալտե երգեհոն սյունաձև բազալտներ», «Անանուն քարայր սյունաձև բազալտներում», «Անանուն լանջային էրոզիա» հուշարձանները: Այս հուշարձանների տարածքների նկարագրական բնութագիրը  հաստատված չի եղել, իսկ անձնագրերը կազմված չեն եղել: Այդ նպատակով կառավարության նույն որոշման երկրորդ կետով ֆինանսների նախարարին հանձնարարվել է ֆինանսական հատկացումներ նախատեսել 2009-2012թթ-ի պետական բյուջեներում: Քրեական գործի շրջանակներում հանձնարարություն է տրվել ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզել այն անձանց ինքնությունները, որոնք մուտք են գործել հուշարձանի տարածք և քարեր տարել` վնասելով հուշարձանը: Ինչպես հավաստում է ոստիկանությունը «Թրանսփարենսի ինթերնեյշնլ»  ընկերությանն ուղղված գրության մեջ, հարցաքննվել են մի շարք վկաներ, որոնք հնարավոր է, որ առնչություն ունենային հուշարձանի պահպանման ռեժիմի խախտման հետ: Ոստիկանությունը պարզել է, որ լուսանկարում եղած անձանցից մեկը Գառնի գյուղի բնակիչ Հայկ Խաչատրյանն է, ով ցուցմունք տալիս հաստատել է, որ իսկապես եղել է այնտեղ, բայց ոչ թե քարեր է հանել կամ տեղափոխել, այլ «զբաղվել է օձ բռնելով»: Իսկ մեքենան պատկանել է Գառնի գյուղի մեկ այլ բնակիչ Մակար Ստեփանյանին: Հարցաքննվել է նաև Մակար Ստեփանյանը, ով հայտնել է, որ այդ օրը ինքն ավտոմեքենան թողել է Ազատ գետի եզրին, իսկ այցելության նպատակը եղել է հանգստանալը և գետում լողանալը, ինքը հուշարձանի պահպանման ռեժիմի խախտման հետ որևէ կապ չունի: Կոտայքի մարզի դատախազ Է. Անդրանիկյանը ՀՀ բնապահպանության նախարարությանը հանձնարարել է պարզել «Բազալտե երգեհոն սյունաձև բազլատներ» հուշարձանի պահպանական գոտու տարածքների սահմանները, ինչպես նաև` թե ինչ վիճակում է եղել հուշարձանը մինչև 2010-ի օգոստոսը, անհայտ անձանց կողմից  նշված դեպքի ընթացքում վնասվե՞լ է արդյոք հուշարձանը, էական վնաս պատճառվե՞լ է հուշարձանին, հուշարձանից պոկված և շրջակայքում թափված բազալտե սյուներ առկա՞ են, ի՞նչ արժեք են դրանք ներկայացնում, տեղափոխված քարերի հետևանքով հուշարձանին էական վնաս պատճառվե՞լ է, կազմվա՞ծ է, արդյոք, հուշարձանի նկարագրական բնութագիրը (անձնագիրը), հսկողություն իրականացվո՞ւմ է հուշարձանի տարածքում, թե՞ ոչ: ԲՆ աշխատակազմի ղեկավար Ս. Ամիրխանյանը պատասխանել է, որ բարձրացված հարցերի վերաբերյալ միայն կառավարության վերոնշյալ որոշումն է առկա, այսինքն` հաստատված է միայն հուշարձանների ցանկը. «Մյուս հարցերը իրավական լուծում դեռ չեն ստացել, ինչի պատճառով ԲՆ-ն չի կարող համապատասխան լուծումներ տալ»: «Հուշարձանը քանի որ բնական է, դեպքի վայրի զննությամբ հնարավոր չէ պարզել դրա սահմանները,- արձանագրել է ոստիկանությունը,- զննության ընթացքում հուշարձանի մոտ, դրա շրջակայքում չի հայտնաբերվել բազալտե կոտրած քարեր, որոնք հնարավոր է, որ շինանյութի համար նախատեսված լինեին: Զննության պահին հուշարձանի տարածքում, շրջակայքում որևէ անձ չի եղել»: «Ոստիկանության Կոտայքի բաժնից ստացված գրությամբ պարզվել է, որ Մ. Ստեփանյանը և Հ. Խաչատրյանը «Բազալտե երգեհոն սյունաձև բազալտներ» բնական հուշարձանից քարեր կոտրելու և դրանք տարածքից դուրս բերելու վերաբերյալ որևէ տեղեկություն հնարավոր չի եղել պարզել, ինչպես նաև հնարավոր չի եղել պարզել, որ հուշարձանին որևէ վնաս պատճառվել է, թե ոչ»,- արձանագրել է քննիչ Մ. Կիրակոսյանը: Այսպիսով, նախաքննությունը  չի կարողացել պարզել բնության հուշարձան հանդիսացող «Բազալտե երգեհոն սյունաձև բազլատներ» հուշարձանի նկարագիրը, ինչպես նաև պահպանական գոտու տարածքների սահմանները, կամ թե ինչ վիճակում է եղել հուշարձանը մինչև 2010 թ.- օգոստոս ամիսը, անհայտ անձանց կողմից վնասվե՞լ է արդյոք հուշարձանը և դրա արդյունքում հուշարձանին էական վնաս պատճառվե՞լ է, թե ոչ, ինչպես նաև հուշարձանից պոկված և շրջակայքում թափված քարեր առկա՞ են, դրանք որևէ արժեք ներկայացնո՞ւմ են, թե ոչ: Ելնեով այս հանգամանքներից Կոտայքի քննչական բաժանմունքի ավագ քննիչ, ոստիկանության մայոր Մ. Կիրակոսյանը որոշել է կարճել քրեական գործի վարույթը և քրեական հետապնդում չիրականացնել հանցադեպի բացակայության հիմքով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter