HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«ՀՀ վարչապետի գավաթը»` «Բրեյն-ռինգ» թիմին

Վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ երեկոյան ներկա է գտնվել «Բրեյն-ռինգ» ինտելեկտուալ խաղի «ՀՀ վարչապետի գավաթ» երկրորդ մրցաշարի եզրափակիչ խաղին, որին մասնակցել են ՀՀ պետական կառավարման մարմինների գիտակների թիմերը։ Մրցաշարում առաջին տեղն է զբաղեցրել Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի թիմը, երկրորդը` կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության, իսկ երրորդ և չորրորդ տեղերը համապատասխանաբար զբաղեցրել են Արտակարգ իրավիճակների նախարարության ու մրցաշարի անցած տարվա հաղթող Ֆինանսների նախարարության թիմերը: Մրցաշարի լավագույն գիտակ է ճանաչվել Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության թիմի անդամ Մանվել Բադալյանը: Տիգրան Սարգսյանը խորհրդանշական է համարել Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի թիմի հաղթանակը, քանի որ այդ գերատեսչությունը ներկայացրել է կարևորագույն ծրագիր, որի նպատակն այդ ոլորտում ՀՀ քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակի շեշտակի բարձրացումն է: Կարևորելով միջոցառման կազմակերպումը` գործադիրի ղեկավարը, մասնավորապես, նշել է. «Այս ավանդական միջոցառումը ոչ միայն պետք է խորացնենք, այլև ընդլայնենք: Ուրախ եմ, որ այս տարի մասնակից թիմերի քանակն ավելացել է: Հիմա անհրաժեշտ է, որպեսզի կառավարությունն ունենա նաև մրցակիցներ այլ ոլորտներից: Հետաքրքրական կլիներ, եթե անցկացվեին մրցույթներ, որոնցում կներգրավվեն նաև մասնակիցներ ոչ պետական հատվածից: Մասնավորապես, մենք առաջարկում ենք զանգվածային լրատվական միջոցներին, որպեսզի նրանք ստեղծեն իրենց թիմերը»: Տիգրան Սարգսյանի խոսքով` մրցաշարի կազմակերպիչ ՀՀ կրթության ու գիտության նախարարությունը կներկայացնի մրցաշարի անցկացման կանոնակարգի մանրամասները: ՀՀ պետական կառավարման մարմինների գիտակների թիմերի միջև «Բրեյն-ռինգ» ինտելեկտուալ խաղի «ՀՀ վարչապետի գավաթ» մրցաշարն առաջին անգամ անցկացվել է 2010թ.: Մրցաշարը, որին մասնակցում է ՀՀ նախարարությունները և կառավարությանն առընթեր մարմինները ներկայացնող ավելի քան 20 թիմ, նպատակ ունի խրախուսել ՀՀ պետական կառավարման մարմինների աշխատակիցների մասնակցությունն ինտելեկտուալ խաղերին ու ընդլայնել ինտելեկտուալ խաղերի տարածվածությունը Հայաստանում: Այս մասին հայտնում են կառավարության մամլո ծառայությունից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter