HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գևորգ Թումանյան. բանաստեղծություններ

Մթնել էր թարմանալու համար տնից դուրս պիտի գայի

մայրս ասաց զգույշ շուն են խփում

Ձյան խոշոր փաթիլների կրակահերթ է

թիրախ լինելու ցանկությունը ծնվում է միանգամից

հեռվից գնացքի անիվների ձայն եմ լսում

ինչ մեծ ճանապարհորդ է մահանում

Լսելով ազգանունս իբր ինձ ձեռ են առնում

Հովհաննես Թումանյան Հովհաննես Թումանյան

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Մեծ սիրով և ջանասիրությամբ կաշխատեմ ընթերցող

Խզարն առած ես ու հայրս փետ կկտրենք

ոչ մի ծղրիդ չբուսնավ ռիթմը պահելու համար

ՆՇԱՆԴՐԵՔ

Ես ոտքի էի կանգնում

նա էլ ինձ հետ

երբ շնորհավորում էին

մեզ օրհնում խրատում

հետո ես նստում էի

նա էլ ինձ հետ

ՀԱՐՍԱՆԻՔ

Դա մի մեծ բերան էր

կենաց էր ասում

խմում խժռում

կենաց էր ասում

խմում խժռում 

Արդեն բարձրաձայն և հաճախակի է կինս տրտնջում և բողոքում մխիթարելու համար

ասում եմ հաջորդ անգամ ես կհղիանամ երախտագիտությամբ համաձայնվում է

Ֆոնենդոսկոպով կնոջս ուռուցիկ որովայնի վրայից լսում եմ երեխայիս շնչառությունը

և բաբախը ասես տիեզերային հեռավոր ոլորտներից դանդաղ առաջացող շոգեքարշ լինի

Ես հավատում էի տղա կծնվի և որոշել էի որդուս անունը

Մենուա բժշկական զննումը սակայն աղջիկ էր ցույց տալիս

ինն ամիս կազմավորվող երեխայիս Մենուս էի կանչում և ոչ միայն ես

հիմա երբ իսկապես աղջիկ ունեմ և անունն է Գոհար

ինձ մեկ-մեկ բռնեցնում եմ շփոթվելիս երբ ուզում եմ աղջկաս Մենուա կանչել 

Մայրս ինձ հետ վիճեց

երկու տարեկան աղջկաս համար գնել էի յոթ տարեկան աղջնակի կոշիկ

ում հետ չի պատահում 

Օձն իր պորտով հավքն իր թևով իմ գրքերին դիպած չկար

երախտապարտ եմ իմ աղջկան գոնե չի պատառոտում 

Երբ ես պառկում եմ քնելու ինձ թվում է թե պետք է ծնվի բանաստեղծություն

առավոտյան ես արթնանում եմ

նա միջակ բանաստեղծի պերճ նմուշ է

ընդհանրապես չի սիրում կարդալ պրպտել հետազոտել տեսնել

ըստ իրեն արժեքավոր գործեր չեն գրվում

շնորհալի տաղանդավոր գրողներ չկան

և նման բաներ մտքում թերևս առանձնացնելով

իրեն ես թվարկում եմ շատ-շատերին շնորհալիներին տաղանդավորներին

և այլն մտքումս նաև ինձ*

Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհիս խիստ և հիգիենապաշտ կին էր

մի անգամ «իմ ընտանիքը» վերնագրով շարադրություններ էր հանձնարարել

գրել դասընկերս գրել էր «Մեր բնակարանը փոքր է

ես դասերս սովորում եմ արտաքնոցում» իհարկե նա պատժվեց

Քոլեջում «հավանականությունների տեսություն» եմ դասավանդում

ոչ աշխատում եմ խեղկատակա և դեռ վարպետության չհասած գազանազուսպ 

Ծույլ և անբան ուսանողներս երբեմն ստում են

ես նրանց ասել եմ եթե ստում եք գոնե արվեստով ստեղծագործաբար 

Երբ դիմացինդ քեզանից իր մաղձի լացի բարկության և բողոքի աղբամանն է սարքում ինչ անել  Թվում է մոտիկից թռչող յուրաքանչյուր ծիծեռնակ այն մեկն է որին երկու օր խնամել էի

ՋԵՐՄԱՅԻՆ ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐԻ ԱԿՑԻԱ

Տապուքաղից մեր խոհանոցի պատի կեսը բորբոսնել է ահա Երկիր մոլորակի մի մանրակերտ

Այսօր ֆրանսերեն եմ երգում և ինչ կարևոր է որ չգիտեմ այդ լեզուն հորինովի բառերի մեջ ժե ղե տառերի շաղախ առավոտյան այդ երգը լսեցի կիրք էր հոգի և ամբողջ օրը պատառոտում է ինձ

ԻՆ ՅԱՆ

Դարձյալ անհարմար դրության մեջ եմ ընկել դարձյալ մի աղջիկ սիրահարվել է ինձ դարձյալ պետք է զգույշ և նրբանկատ լինեմ միշտ այսպես է կամ ինձ են անփոխադարձ սիրահարվում կամ ես

Մտքովս երբեք չէր անցնի ինձ նկարագրելիս օգտագործել են քաչալ բառը

ԵՐԱԶՆԵՐ

1 Հազվադեպ բայց կրկնվում է հայտնվում եմ անհայտ մի վայրում ինչ-որ մեկի տանը գրադարանում և գրքեր եմ գողանում անհայտ գրողների անծանոթ գրքեր

2 Մոտ չորս ամիս է ինչ չեմ սավառնել բայց պատահում էր ճախրում էի նույնիսկ բեռնատար ավտոմեքենայով

Գևորգ Թումանյանը ծնվել է 1974թ. քաղաք Գյումրիում: «Մուտք» Մատենաշարով 2003թ. տպագրվել է նրա առաջին ժողովածուն՝ «Անընդհատ անառակ որդի» խորագրով: Ներկայացված բանաստեղծությունները 2008թ. լույս տեսած «Ճախրող սարդ» գրքից են:

Մեկնաբանություններ (1)

Սամվել Ավդալյան
ՈՒզում եմ, որ հեղինակը էն իր բանաստեղծություն կոչեցյալը բիձու փնթփնթոցների մասին բեմից կարդար։ Էտ երբվանի՞ց է ակնհայտ զառանցանքը դարձել պոեզիա, թե՞ հայ ընթերցողն էլ է ոչխարի վերածվել։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter