HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոսկան Սարգսյան

Սողանքից տուժած 8 մարդ ստացել է անհրաժեշտ բուժօգնություն (տեսանյութ)

Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 18.50-ի սահմաններում, Վանաձոր-Ալավերդի- Վրաստանի սահման ճանապարհի 82-րդ կիլոմետրին՝ Այրում քաղաքի մոտ սարի փլուզում է եղել: Սողանքի գոտին մեծ է՝ մոտ 200 մ երկայնքով: Դրանից երկու օր առաջ՝ սեպտեմբերի լույս 30-ի գիշերը, նույն տեղում ավելի փոքր ծավալի փլուզում էր եղել շուրջ 3000 խորանարդ մետր հողի, և քարի զանգված էր թափել մոտ 30 մ բարձրությունից, շրջվել էին էլեկտրական հենասյուներ:

Տեղացիներն ասում են, որ նախկինում այս գոտում սողանքային երևույթներ չեն նկատվել: Հողի և քարի հսկա զանգվածի հոսքը տհաճ անակնկալ է եղել տվյալ պահին այդ հատվածով երթևեկող վարորդների համար:

«Իմ «Օպելով» անցնում էի այդ հատվածով, հանկարծ ասֆալտը սկսեց ճեղքեր տալ»,-պատմում է Այրումի բնակիչ Էդիկ Այվազյանը, ով փրկվել է՝ դուրս նետվելով մեքենայից:

Սողանքի հետևանքով ջարդվածների մեջ կա նաև պետավտոտեսչության մեքենա, մի մարդատար էլ ընկել է Դեբեդը:

Երևան կիտրոն տեղափոխած և մայրաքաղաքից դատարկ վերադարձող թուրքական 3 բեռնատարի վարորդները «Հետքին» պատմեցին, որ հազիվ են դուրս թռել «Վոլվո» և «Մերսեդես» մակնիշի բեռնատարներից: Ստամբուլցի վարորդները տխուր լքեցին սողանքի վայրը, որպեսզի գիշերեն Բագրատաշենի մաքսատան մոտ գտնվող հյուրանոցում:

Փրկվել են նաև «ֆուրերի» բուլղարացի երկու վարորդները:

Փրկարարաորոնողական աշխատանքները դժվարանում են տեղանքի բարդության, ինչպես նաև հոկտեմբերի լույս 3-ի գիշերը տեղացած անձրևի պատճառով:

Փլուզման պահին վտանգավոր գոտում է գտնվել ավելի քան 3 տասնյակ մեքենա: Ներկայում շուրջ մեկ տասնյակ բեռնատար և մարդատար հողի տակ է: Հողի տակ գտնվող մեքենաներում հավանաբար մարդ չկա, սակայն չի բացառվում, որ դրանց մեջ մարդ մնացած լինի:

Սողանքից տուժած 8 հոգի անհրաժեշտ բուժօգնություն է ստացել «Ալավերդու բժշկական կենտրոնում»: Կենտրոնի տնօրեն Ստեփան Մոսինյանն ասաց, որ տուժածների վիճակը ծանր չի եղել: Տուժածները հիմնականում Երևանի բնակիչներ են եղել: Նրանք եղել են վախի, սթրեսի ազդեցության ներքո: Նրանցից ոչ ոք «չի պառկել» Ալավերդու հիվանդանոց:

Սողանքի հետևանքով Նոյեմբերյանի հիվանդանոց է տեղափոխվել մեկ տուժած՝ Արճիսի գյուղի բնակիչ, 1973թ. ծնված Հրանտ Մուսայելյանը: Նա ոտքը կոտրված է: Նոյեմբերյանի հիվանդանոցում Հ.Մուսայելյանին անհրաժեշտ բուժօգնություն է ցուցաբերվել:

Ներկայումս դեպքի վայրում են փրկարարներ, Նոյեմբերյանի ոստիկանության, պետավտոտեսչության աշխատակիցներ: Վարչապետի որոշմամբ ստեղծվել է օպերատիվ շտաբ: Աշխատանքներ են կատարվում մեքենաները «հողե գերությունից» ազատելու համար:

Սողանքից հետո և այժմ էլ փլուզման վայրից մոտ 1 կմ հեռավորության վրա՝ դեպի Բագրատաշեն տանող ճանապարհին՝ Այրումի քառաստիճան պոմպակայանի խաչմերուկի մոտ, պետավտոտեսչությունը փակել է ճանապարհը, և Ալավերդի, Վանաձոր շարժվող տրանսպորտի տերերին ուղղորդում է դեպի Նոյեմբերյան-Իջևան ճանապարհը:

Սակայն սողանքը կարելի է շրջանցել նաև փլուզման վայրից փոքր ինչ-վերև գտնվող խճապատ ճանապարհով: Այն ավելի հեշտ է հաղթահարել բարձր անցողունակություն ունեցող մարդատարներով, քանի որ տեղանքը լեռնային է:

Անկասկած, շատ ֆինանսներ ու ժամանակ կպահանջվեն սողանքի հետևանքները վերացնելու, Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի այդ հատվածը կրկին բանուկ դարձնելու համար: Դրան խանգարելու են նաև սկսված անձևները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter