
Ես շարունակելու եմ ճշմարտությունն ասել, եթե վտանգվում է իմ ժողովրդի, իմ եկեղեցու անվտանգությունը
«Զուտ մարդորսական նպատակներ ունի քաղաքի բանուկ, մարդաշատ հատվածում կաթոլիկ եկեղեցու կառուցումը եւ ոչինչ` բացի մարդորսական նպատակներից,- անդրադառնալով «Հետք» շաբաթաթերթի 2010 թ. թիվ 45 համարում տպագրված «Բնակելի եկեղեցի. խորհրդային աթեիզմի հետեւանքները» հոդվածին` կարծիք է հայտնում Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը
:- Իրենք ասում են, որ 20 հազար կաթոլիկ ունեն Գյումրիում, որը լկտի սուտ է: Իրենք կարող են ունենալ 1000-ից 1500 նոմինալ կաթոլիկներ, որոնցից միայն 200-ն են ֆունդամենտալ կաթոլիկներ, որոնք առաքելական եկեղեցի չեն գնա, այլ կգնան միայն կաթոլիկ եկեղեցի: Եվ, ուրեմն, 200 հոգի հավատացյալի համար կամ այսպես ասած 1500-ից 1600 հավատացյալի համար այն հին եկեղեցին լրիվ բավարար էր, բայց դա չէր կարող ծառայել եւ երբեք չէր ծառայի մարդորսական նպատակների համար, քանի որ կենտրոնական տեղում չէր կառուցված: Այդ պատճառով էլ պետք էր կառուցել մի եկեղեցի քաղաքի կենտրոնում` բանուկ հատվածում, որպեսզի անցնող-դառնողն ասի` վա¯յ, եկեղեցի, մտնեմ մոմ վառեմ: Պիտի կառուցեին Հաղթանակի պողոտայում, որ շուկա մտնող-դուրս եկողին, որ այդպես է անցնում, «էստի համեցեք» անեն»:
Շիրակի թեմի առաջնորդն ասում է, որ նոր եկեղեցու կառուցման ծրագիր Կաթողիկե առաջնորդարանն ունեցել է մշտապես: 10 տարի առաջ այդ նպատակով ընտրվել է Սախարովի հրապարակում գտնվող դպրանոցին կից տարածքը: «Այն ժամանակ ես ընդդիմացա Ներսես Սրբազանին: Ասացի` գնացեք ձեր հին եկեղեցին կառուցեք: Ինքը հետ քաշվեց այդ գաղափարից: Հետո` Նշան արքեպիսկոպոսի օրոք, նոր եկեղեցի ունենալու այս հարցը նորից առաջ քաշվեց: Գաղտագողի այդ հողերը գնեցին, գաղտագողի նախագիծը պատրաստեցին, գաղտագողի հիմքը դրեցին եւ գաղտագողի սկսեցին կառուցել: Եվ եթե պիտի հաշվի չառնեն տեղի եկեղեցական իշխանությունը, նրա կարծիքը, ուրեմն ինչի՞ մասին է խոսքը, մանավանդ, եթե մշտապես իմացել են, որ տեղի առաջնորդը դեմ է նոր եկեղեցու կառուցմանը»:
Սրբազանը պնդում է, որ ինքը երկու ձեռքով կողմ է հին եկեղեցու վերականգնմանը: Կաթոլիկներն այն կառուցել էին Գյումրու «Սլաբոդկա» կոչվող թաղամասում 1843-1855 թթ.: Եկեղեցին վաղուց կորցրել էր ոչ միայն իր նշանակությունը, այլեւ արտաքին տեսքն ու ներքին բովանդակությունը: 1926 թ. մասնակիորեն փլուզված, գմբեթից զրկված եկեղեցին 1930-40 թթ. վերածվել էր բնակելի շինության:
«Գյումրիի հայ կաթողիկե ժողովրդապետ տեր Գրիգոր քահանա Մկրտչյանն ասում է, որ նոր եկեղեցու կառուցման մասին սկսել են մտածել, երբ հասկացել են, որ անհնար է սուրբ Աստվածածինը վերականգնել ու տարածքն էլ ազատել այն գումարների սահմաններում, որ իրենք նախատեսել էին: Հոդվածում ամեն դեպքում այդպես է գրված, բայց ես նորից եմ կրկնում, այդ 1,5 մլն եվրոյով լրիվ իրատեսական էր հին եկեղեցու վերականգնումը,- ասում է Միքայել Աջապահյանը:- Կաթողիկե եկեղեցին այստեղ գոյություն ունի արդեն 20 տարի` 1991-ից. տեսեք, թե ինչ շենք-շինություններ են կառուցել այդ ընթացքում, եւ համեմատեք իրենց միակ պատմական եկեղեցու վրա կատարվելիք ծախսերի հետ: Համեմատեք եւ կիմանաք` արդյոք իրենք ի վիճակի՞ են իրենց եկեղեցին վերակառուցել, թե՞ ոչ: Կաթողիկե Առաջնորդարանի շենքը գնվել է, քույր Արուսյակն իրար հետեւից շենք-շինություններ է կառուցում. Ծաղկաձորում հսկայական ճամբար կառուցեցին, կաթոլիկ համայնքներում գրեթե բոլոր եկեղեցիները վերականգնեցին, տեղ եղավ, որ նորը կառուցեն, եւ հանկարծ չկարողացա՞ն Գյումրիի եկեղեցին վերականգնել: Դա սուտ է, բացարձակ եւ լպիրշ սուտ: Ցավոք, մարդիկ հավատում են այդ ստին եւ կուլ տալիս այն»,- ավելացնում է թեմի առաջնորդը:
Միքայել եպիսկոպոս Աջապահյանի կարծիքով` այս 20 տարում կաթողիկե եկեղեցին, եթե իրապես ուզեր, ապա բնակելիի վերածված եկեղեցին կվերակառուցեր. «Բազմիցս ես դա ասել եմ բոլոր կաթոլիկ առաջնորդներին: Իսկ իրենք հարցը դրել են եւ կենտրոնական իշխանության առջեւ, եւ գուցե տեղական իշխանության առջեւ եւ նաեւ, ցավոք, Վեհափառ հայրապետի առջեւ` ասելով` մենք ի՞նչ է, իրավունք չունե՞նք եկեղեցի ունենալու: Ո՞վ է ասում, որ իրավունք չունեք, ես էլ եմ ասում, որ իրավունք ունեք եկեղեցի ունենալու, բայց պիտի վերակառուցեք ձեր պատմական եկեղեցին, գոնե մի նպաստ կբերեք այս քաղաքի վերաշինության, պատմամշակութային շինությունների վերականգնման գործում: Մենք 100-ից ավելի եկեղեցիներ ենք ունեցել թեմում` վերածված ախոռների, պահեստի, ալրաղացի: Մենք բոլոր այդ եկեղեցիները ազատել ենք, մաքրել, թեկուզ եւ խոնարհված` մաքրել ենք: Եվ ուրեմն 1,5 մլն եվրոյով այսօր կաթոլիկները եկեղեցի են կառուցում, բայց չեն կարողանում այն եկեղեցին վերակառուցել, սա լկտի սուտ է: Իրենք ասում են, թե իբրեւ բնակարանների փոխհատուցումը շատ ավելի էր արժենալու, քան նախատեսել էին: Նորմալ բնակարանը Գյումրիում հնարավոր է 20-25 հազար դոլարով գնել: Եթե նույնիսկ 20 ընտանիքն էլ կար այնտեղ, եւ եթե բոլորն էլ այդ գնի սահմաններում բնակարան գնելու ցանկություն ունեին, թող տային 400 հազար եվրոն, մարդիկ գնային իրենց բնակարանները վերցնեին, էն 1 մլն եվրոյով էլ թող եկեղեցին վերականգնեին: Թերի՞ կմնար եկեղեցու վերակառուցումը, Աստված մնացած գումարն էլ կուղարկեր»:
Առաքելական եկեղեցու առաջնորդը համարում է, որ ինքը, լավ կամ վատ, իր դիրքորոշումը հայտնել էր, եւ այն պիտի հարգվեր: «Ինչո՞ւ չհարգեցին այդ դիրքորոշումը,- հարցնում է թեմի առաջնորդը:- Նշանակում է` առաքելական եկեղեցու հետ ցանկություն չունեն բարի հարաբերություններ ունենալ: Կնշանակի` ցանկություն ունեն իրենց կաթոլիկ ինքնությունն ամրացնելու եւ առաքելականներից էլ փախցնելու մի բան, կամ այն կաթոլիկներին, որոնք դարձել են առաքելական այս 70-80 տարիների ընթացքում, հետ բերել իրենց փարախը: Կնշանակի` առաքելական եկեղեցում փրկություն չկա՞, իրենց փարախու՞մ պիտի փրկվեն: Կաթոլիկները մշտապես պնդում են, որ տարբերություն չեն դնում առաքելական եւ կաթողիկե եկեղեցիների միջեւ: Եթե տարբերություն չկա, ինչո՞ւ եք կառուցում եկեղեցի. չէ՞ որ ունեք եկեղեցիներ: Կնշանակի` կա տարբերություն: Եթե ասում են, որ տարբերություն չենք դնում հավատացյալների միջեւ, բա հետո ինչո՞ւ են հայտարարում, թե մենք կաթոլիկ հավատացյալների համար եկեղեցի ենք կառուցում:
Այդ նույն հավատացյալները Ս. Յոթվերք էլ են գալիս, Ս. Նշան էլ են գնում, Ս. Հակոբ էլ են մտնում, ո՞վ է իրենց դուրս անում: Ոչ մեկ իրենց չի ասել` դուրս եկեք, որովհետեւ կաթոլիկ եք կամ ավետարանչական: Եթե սրա կառուցումը «էստի համեցեք»-ի նպատակ չի հետապնդում, բա ի՞նչ նպատակ է հետապնդում: Թե՞ պիտի գրեն. «Մուտքը միայն կաթոլիկների համար է»: Էդպես պիտի գրեն, հա՞, որ հասկանանք, թե տարբերություն են դնում, ինչպես, օրինակ, գրված է մայր Թերեզայի մատուռի վրա Կալկաթայում: Որովհետեւ մայր Թերեզան էլ, որքան էլ որ մայր Թերեզա էր, ուներ իր դիրքորոշումը, որ մյուսներն իրավունք չունեն մտնելու կաթոլիկ մատուռ: Բայց դե հո նույն բանն այստեղ չե՞ն գրելու կաթոլիկները: Այլ պիտի գրեն. «Էստի համեցեք, տարբերություն չկա»: Իրենց նպատակը մարդ փախցնելն է: Ասեմ` չեն հաջողելու, բայց իրենց նպատակը դա է: Նորից եմ կրկնում, անպարկեշտություն է սքողել իրենց նպատակը զանազան դատարկ խոսքերով, որ իբրեւ թե չկարողացանք, չստացվեց, գումար չունենք»: Սրբազան հայրը պնդում է, որ Հայ Առաքելական եկեղեցին երբեք տարբերություն չի դրել եւ չի դնում հավատացյալների միջեւ, որովհետեւ բոլորին իր զավակներն է համարում:
«Բայց երբ դու կաթոլիկ ինքնության վրա շեշտադրում ես անում, որ մենք առաքելական չենք, մենք կաթոլիկ ենք եւ մենք պիտի մեր եկեղեցին ունենանք, մեր հավատացյալը պիտի իր եկեղեցին ունենա, ո՞րն է նպատակը: Չէ՞ որ եկեղեցի մտնող մարդու ճակատին գրված չէ, թե նա ինչ հավատքի է: Պարզից էլ պարզ է, որ միմիայն մարդորսական նպատակներով են նոր եկեղեցի կառուցում,- ասում է Միքայել եպիսկոպոս Աջապահյանը:- Հիմա 10-12 տարի է` առաջնորդն ասում է, թե նորի պետք չունեք, գնացեք ձեր հին եկեղեցին վերակառուցեք, է¯հ, հարգեք առաջնորդի խոսքը: Ասեք, որ Սրբազան, սխալ ես, համաձայն չենք քո տեսակետին, Ձեր տեսակետը ներդաշնակ չէ մարդու այսօրվա սկզբունքներին: Կարո՞ղ են ասել, կարող են, բայց չեն ասում: Ինչո՞ւ, որովհետեւ իրենց նպատակը առաքելական եկեղեցու հետ գործակցությունը չէ: Եթե առաքելական եկեղեցու հետ գործակցությունը լիներ, իրենք էս 20 տարվա մեջ կգործակցեին: Ցավոք, այսօրվա կաթողիկե առաջնորդն իրեն ներկայացնում է շատ բարյացակամ, բայց հենց իր օրոք եղավ այն, ինչ որ չպիտի լիներ: Դիմել էին վարչապետին, Վեհափառ հայրապետին էլ, ցավոք, կարողացել էին համոզել, թե ինչ է` մենք եկեղեցի ունենալու իրավունք չունե՞նք»:
«Եթե այդ եկեղեցին մերը լիներ, ասենք` առաքելական լիներ, ես թույլ կտայի՞, որ նա մնար այդ վիճակում,- հարցնում է Շիրակի թեմի առաջնորդն ու շարունակում:- Ես ինձ չէի ների: Մի՞թե ես թույլ կտայի, որ իմ եկեղեցում մարդիկ քնեն, իրար հետ կենակցեն, խորանում էլ ունիտազը դնեն, զուգարանի ջուրը քաշեն: Մի՞թե ես թույլ կտայի դա: Իհարկե` ոչ: Ինչո՞ւ են ապա իրենք դա թույլ տալիս: Նշանակում է` իրենց սիրտը չի ցավում այդ եկեղեցու համար, ոչ էս քաղաքի համար, ոչ էլ էս բնակչության համար, ոչ էլ հավատքի համար: Եվ այդ անախրոնիզմի, որ կոչվում է հայ կաթոլիկ եկեղեցի, կյանքը երկարաձգելու նպատակ կա: Մեկ է, վաղ թե ուշ պիտի մահանա, բայց ռեանիմացիայի միջոցով կյանքը երկարաձգում են մի քանի տարով, մի քանի տասնամյակով կամ մի քանի հարյուրամյակով: Մենք խնդիր չունենք, վախեցած չենք, կարող են անգամ 7 եկեղեցի կառուցել, բայց պիտի նպատակը պարզ լինի: Իսկ ես շարունակելու եմ ճշմարտությունն ասել ու պիտի ասեմ, եթե վտանգվում է իմ ժողովրդի, իմ եկեղեցու անվտանգությունը»:
Մեկնաբանել