
2010 թվականի մարտ ամսից Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանում բավականին ուշագրավ գործ է քննվում` Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն ընդդեմ ՀՀ քաղաքացի Նվեր Հովհաննիսյանի:
Բանն այն է, որ Նվերը արցախյան պատերազմի առաջին կարգի հաշմանդամ է, նա պատերազմում կորցրել է մեկ ձեռքն ու ոտքը, և ՀՀ իշխանությունը, հաշվի առնելով նրա մարտական ուղին, 2000 թվականին Էջմիածին քաղաքի կենտրոնական զբոսայգու տարածքում 1020 քմ հող է հատկացրել վերջինիս, որի վրա էլ Հովհաննիսյանը փոքրիկ ներդրում է իրականացրել` բացել է սրճարան և այն հաջողությամբ աշխատեցրել է 10 տարի շարունակ:
2000 թ. հողահատկացումն իրականացվել է 80 տարով, սակայն 2005-ին ՀՀ կառավարությունը որոշում է կայացրել զբոսայգին ամբողջությամբ հատկացնել եկեղեցուն:
2009-ին կաթողիկոսն առաջարկել է Հովհաննիսյանին մեկ տարով պայմանագիր կնքել: Քաղաքացին չի համաձայնել. երկար քննարկումներից հետո երկու կողմը ընդհանուր հայտարարի է եկել «50 տարվա վրա», սակայն հետո Գարեգին Բ-ն փոշմանել է և որոշել է պարզապես խլել հողատարածքը, բնականաբար` սահմանադրական, այս դեպքում` դատական ճանապարհով:
Փետրվարի 1-ին Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Մուլքումյանը կարդալու է այս գործով վճիռը: Քաղաքացին երեք անգամ հանդիպել է կաթողիկոսի հետ, մեկ անգամ` Արշակ սրբազանի հետ, բայց ապարդյուն:
Կաթողիկոս Գարգեգին Բ-ն ասել է, թե այդ տարածքում ինքը ծրագրեր ունի իրականացնելու, իսկ 2005-ին ՀՀ կառավարությունն իրեն զբոսայգին տվել է այն պայմանով, որ ինքը ուրիշներից «կազատի» զբոսայգին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել