Բացվել է վերականգնված «Ռանչպար 1» պոմպակայանը
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր մասնակցել է «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամ-Հայաստան» ծրագրի վերականգնած «Ռանչպար 1» պոմպակայանի բացմանը, որին ներկա է եղել նաև ԱՄՆ Հազարամյակի մարտահրավեր կորպորոցիայի փոխնախագահ Փեթրիք Ֆայնը: Կառավարության ղեկավարը շրջել է պոմպակայանով՝ ծանոթացել կատարված աշխատանքներին:
«Ռանչպար 1» պոմպակայանը ոռոգում է 6100 հեկտար հողատարածք՝ ոռոգման ջրով ապահովելով Արարատի մարզի 23 համայնքի 10 հազար ջրօգտագործողի:
Պոմպակայանի վերականգնման աշխատանքներում ՀՄՀ-Հայաստան ծրագիրը ներդրել է 5,5 մլն դոլար: Պոմպակայանում մաքրվել ու խորացվել են ջրընդունիչն ու կոլեկտորները, տեղադրվել են նոր պոմպեր և խողովակաշարեր, ամբողջովին վերանորոգվել է պոմպակայանի շենքը: Պոմպակայանի կոլեկտորի մեջ կառուցվել է նաև պատվար, ինչը կնվազեցնի գրունտային ջրերի մակարդակը և այդպիսով կբարելավի Արարատյան հարթավայրի դրենաժային համակարգի վիճակը:
ՀՄՀ-Հայաստան ծրագրի ընդհանուր ներդրումը Արարատի, Արմավիրի, Արագածոտնի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում տեղակայված 17 պոմպակայանում կազում է 42 մլն դոլար:
Արարատյան հարթավայրի դրենաժային համակարգի վերականգնման բաղադրիչի շրջանակներում արված ներդրումը կազմում է 19 մլն դոլար, որը ներառում է 470 կմ դրենաժային կոլեկտորների մաքրում, ինչի արդյունքում կնվազի Արարատի և Արմավիրի մարզերի գրունտային ջրերի մակարդակը՝ զերծ պահելով դրանք աղակալումից: Դրենաժային բաղադրիչի շրջանակում կառուցվել և վերակագնվել է նաև 50 խորքային հոր:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել