HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Առաջադիմականների սիրտը բարգավաճել է ուզում

Չափազանցություն կլինի պնդել, թե ՀՀԿ-ն սարսափած է խորհրդարանական առաջիկա ընտրություններում իր հիպոթետիկ ախոյանի` ԲՀԿ-ի հետ Հայաստանի առաջադիմական կուսակցության միավորումից: Տիգրան Ուրիխանյանի ղեկավարած Առաջադիմականը` որպես քաղաքական ուժ, առոչինչ է եւ, այդպես էլ տարիների ընթացքում «չառաջադիմելով», այժմ պարզապես ուզում է Գ.Ծառուկյանի հզոր թեւի տակ մի փոքր բարգավաճել: Ընդամենն այսքան բան: Հետեւաբար` ՀՀԿ-ն կոնկրետ այս միավորման համատեքստում, կարծես թե, վախենալու ոչինչ չունի: Բայց դա` սոսկ առաջին հայացքից: Պարզվում է` անհանգստանալու հիմք Հանրապետականն ունի, եթե, իհարկե, արհեստածին չեն ՀՀԿ-ԲՀԿ հակասությունները, որոնց մասին չեն խոսում միայն ամենաալարկոտները: Ամեն դեպքում մտահոգիչ է, որ «Բարգավաճ Հայաստանը» նախընտրական տարում ակնհայտորեն սկսել է լուրջ ուշադրություն դարձնել կուսակցության քանակական, ինչու չէ` նաեւ որակական աճին` փորձելով առանց այն էլ հոծ իր շարքերը համալրել թե’ փոքր կուսակցությունների եւ թե’ փոքրիշատե կշիռ ունեցող առանձին անհատների հաշվին: ՕԵԿ-ից ԲՀԿ «թռած» Սամվել Բալասանյանը, Գեղամ Գասպարյանը եւ այլոք ձեզ օրինակ: Այսինքն` նախադեպերն առկա են, եւ առաջիկայում, կարծում եմ, ականատես կլինենք այդօրինակ նոր փաստերի: Չէ որ քաղաքականությունը` կենդանի օրգանիզմ լինելով հանդերձ, առավելապես նաեւ շահերի համակցման յուրօրինակ գործիքակազմ է: Եվ եթե վերհիշենք ու հաշվի առնենք, որ սույն պարոն Ուրիխանյանը` սկսած Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարության վաղ շրջանից, բազմիցս օգտագործվել է ներիշխանական խաղերում (բնականաբար` որոշակի ակնկալիքների դիմաց), ապա կարելի է վստահորեն դիմադարձել, որ ԲՀԿ-ի հետ գաղափարական ընդհանրություն ունենալու մասին նրա հայտարարությունները ժողովրդական բանահյուսության ժանրից են: Որքան էլ ոմանք պնդեն, թե ժողովուրդը կարճ հիշողություն ունի, շատերի մտապատկերի մեջ Առաջադիմական կուսակցության երիտասարդ, հավակնոտ ղեկավարը «դաջված է» իբրեւ արտասովոր ու իշխանահաճո մի շարք ակցիաների հեղինակ: Ամենահիշարժանը, թերեւս, նրա բուռն հակազդեցությունն էր «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից երկրի այն ժամանակվա նախագահ Ռ.Քոչարյանին ուղղված 20 հարցերին: Միանգամից «Հայոց աշխարհ» օրաթերթի էջերից բուսնելով, Ուրիխանյանը կրծքով պաշտպան կանգնեց, թվում էր, ամենեւին պաշտպանության կարիք չունեցող Քոչարյանին` իր հակահարցերն առաջադրելով ՀՀ առաջին արտգործնախարարին եւ դրանով իսկ փորձելով խճճել, համահարթեցնել իրարից բացարձակապես տարբեր երկու իրավիճակները: Իր ծառայության դիմաց Ուրիխանյանն, ըստ երեւույթին, ժամանակին լավ վարձատրություն էր ստացել, այլապես նորից չէր լծվի ոչ առանց ՀՀ երկրորդ նախագահի քավորության հինգ տարի առաջ ստեղծված կուսակցությանը կոլեկտիվ կերպով անդամագրվելու սուրբ գործին: Իհարկե, չի կարելի միանշանակ պնդել, թե Առաջադիմականի` ԲՀԿ-ի հետ միավորվելը քոչարյանական պրոյեկտ է, սակայն չի կարելի նաեւ բացառել, մանավանդ որ, նման տարբերակը լիովին տեղավորվում է հայաստանյան ներքաղաքական վայրիվերումների տրամաբանության ծիրում: Դժվար է կանխատեսել, թե ամբիցիաների պակաս չունեցող ԲՀԿ-ի մարմնում փոքրիկ, բայց բավականին ամբիցիոզ մի նոր «մարմնի» ներարկումը խմորումների ինչպիսի ալիք կարող է առաջացնել այդ կուսակցության ներսում, բայց կասկածից դուրս է, որ առաջադիմականների երիտասարդ փաղանգը տեսականորեն բարգավաճելու հուսալի ենթահող ունեցավ: Կամ` կորցրեց դրա վերջին հնարավորությունը: Կապրենք` կտեսնենք: Գեւորգ Լալայան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter