Արձագանք հրապարակմանը
«Հրապարակ» օրաթերթի` սույն թվականի հունվարի 25-ի համարում տպագրվել է հոդված, թե ՀՀ գլխավոր դատախազի ընդունարանից ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը, կապված բջջային հեռախոսի զանգի հետ, թողել հեռացել է, որը որպես «Մամուլի տեսություն» հրապարակվել էր նաև «Հետքում»:
Օգտվելով «Զանգվածային լրատվության մասինե ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի ընձեռած իրավունքից՝ ՀՀ գլխավոր դատախազությունը «Հրապարակ» օրաթերթին ուղարկել է հերքում, որը ներկայացնում ենք ստորև.
«Հարգելով հանրությանը ստուգված և անկողմնակալ տեղեկատվություն ստանալու իրավունքը՝ պաշտոնապես հայտնում ենք, որ սույն հրապարակումը բացարձակ կեղծ և շինծու է: Նկարագրված դեպքը չէր կարող տեղի ունենալ այն պարզ պատճառով, որ ՀՀ գլխավոր դատախազի մոտ ՀՀ գլխավոր դատախազի ենթակաների մուտքը կանոնակարգող հստակ նորմեր են գործում, որոնցով արգելվում է նաև ՀՀ գլխավոր դատախազի մոտ մուտք գործել բջջային հեռախոսներով, և դրանք պարտադիր կատարման ենթակա են ՀՀ դատախազության բոլոր աշխատակիցների` այդ թվում նաև ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, ՀՀ զինվորական դատախազի համար:
Օրաթերթը կարող էր խուսափել նման ակնհայտ ապատեղեկատվություն տարածելուց, եթե փորձեր մինչ տպագրելը, ճշտել «լուրի» իսկությունը:
Տվյալ պարագայում ակնհայտ է, որ հոդվածի հեղինակը ողջամտության սահմաններում չի ձեռնարկել միջոցներ՝ պարզելու ճշմարտությունն ու «լուրի» հիմնավորվածությունը, ինչպես նաեւ՝ հավասարակշռված եւ բարեխճորեն ներկայացնել այն, ինչպես պահանջում է ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը:
Նման միտումներ «Հրապարակի» կողմից նկատվել է նաեւ նախկինում՝ հրապարակելով շինծու հայտարարություններ»»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել