Սպանությունը բացահայտվել է
Հունվարի 21-ին, ժամը 10.00-ի սահմաններում, Աբովյան-Նոր Հաճն ճանապարհի կամրջի տակից հայտնաբերվել էր մայրաքաղաքի բնակիչ, 46-ամյա Աննա Հովհաննիսյանի դիակը: Ըստ փորձագետի նախնական եզրակացության` Հովհաննիսյանը մահացել էր մինչ կամրջից ընկնելը:
Իրավապահները պարզեցին, որ տուժողն ավտոմեքենա ունի, սակայն «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան հայտնաբերել չհաջողվեց:
Սպանության փաստով ոստիկանության Նաիրիի բաժնում հարուցվեց քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր, Կոտայքի մարզային վարչությունների և Նաիրիի բաժնի ծառայողներից կազմվեց օպերատիվ խումբ:
Իրավապահների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների արդյունքում, մի քանի օր անց, առանձին դաժանությանբ սպանություն կատարելու կասկածանքով բերման ենթարկվեց Դիլիջան քաղաքի Մյասնիկյան փողոցի բնակիչ, 27-ամյա Արմեն Մանթաշյանը:
«Ոստիկաններն արդեն բավարար փաստեր ունեին, և Մանթաշյանին այլ բան չէր մնում, քան խոստովանել ոճրագործությունը: Ըստ նրա` հունվարի լույս 20-ի գիշերը հանդիպել էր Աննա Հովհաննիսյանի հետ: Մտել էին Երևան-Սևան մայրուղուն հարակից «Գինետուն» ռեստորան, որտեղ էլ Մանթաշյանն անցել էր հրեշավոր պլանի իրականացմանը:
Դիակը կամրջից ցած նետելուց հետո Մանթաշյանը զանգահարել էր իր ծանոթ Հովհաննես Այվազյանին և նույն օրը 300 հազար դրամով ավտոմեքենան վաճառել նրան` պատճառաբանելով, թե գողացած է, Վրաստանի Հանրապետությունից:
Այվազյանն էլ իր հերթին «Միցուբիշին» հանձնել էր ավտոնորոգմամբ զբաղվող Աշոտ Շահինյանին: Մի քանի ժամում Շահինյանը կազմաքանդել էր մեքենան հետագայում մաս-մաս վաճառելու նպատակով»,- հայտնում է ոստիկանության լրատվական ծառայությունը:
Արմեն Մանթաշյանը ձերբակալված է: Նախաքննությունը շարունակվում է:
Լուսանկարները` ոստիկանության կայքի
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել