HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երկու տարվա ընթացքում նախակրթարաններ են բացվել 6 մարզի 125 համայնքում

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այցելել է Արարատի և Վայոց ձորի մարզեր՝ Համաշխարհային բանկի «Կրթության որակ և համապատասխանություն» վարկային երկրորդ ծրագրի շրջանակում մարզերում նախակրթարանների հիմնադրման աշխատանքներին ծանոթանալու նպատակով:

2010 թ. Արարատի մարզի Սիսավան գյուղի միջնակարգ դպրոցում բացվել էր «Պստիկաշեն» նախակրթարանը, որն ունի նախադպրոցական տարիքի 34 երեխա: Արմեն Աշոտյանը բաց դասի է մասնակցել վերանորոգված և համապատասխան գույքով կահավորված նախակրթարանում:

Նախարարը մասնակցել է նաև Վայոց ձորի մարզի Արենի և սահմանամերձ Մարտիրոս գյուղերի դպրոցներում ստեղծված նախակրթարանների հանդիսավոր բացման արարողություններին: Արենիի նախակրթարանում սովորում է 19, Մարտիրոսի նախկրթարանում՝ 15 երեխա:

Համայնքների բնակիչներն ու մանկավարժները շեշտել են, որ երբևէ մանկապարտեզներ չունեցած գյուղերի երեխաների համար նախակրթարանները սպասված նվեր էին:

Նախարարն ընդգծել է, որ նախադպրոցական կրթության մատչելիության ապահովումը ՀՀ կառավարության գերակայություններից է: Մինչև 2008 թվականը հանրապետության ավելի քան 170 համայնքում մանկապարտեզները չէին գործում, իսկ համայնքների 47 տոկոսում դրանք չկային:

Համաշխարհային բանկի աջակցությամբ նախակրթարանների հիմնադրման և վերականգնման փորձնական ծրագիրը մեկնարկել է 2009 թ. Լոռու և Շիրակի մարզերից: 2010 թ. մեկնարկել է հիմնական ծրագիրը, որի նպատակն է մինչև 2014 թ. հանրապետության այն համայնքներում, որտեղ մանկապարտեզներ ընդհանրապես չեն եղել, դպրոցների հենքի վրա ստեղծել նախակրթարաններ:

Ամփոփելով վերջին երկու տարվա ընթացքում նախադպրոցական կրթության ոլորտում իրականացված աշխատանքները՝ Արմեն Աշոտյանը տեղեկացրել է, որ հանրապետության 6 մարզի 125 համայնքում բացվել են նախակրթարաններ, այդ թվում՝ 22-ական նախակրթարաններ Արարատում և Վայոց ձորում , 19-ը՝ Արագածոտնում, 23-ը՝ Արմավիրում, 21-ը՝ Գեղարքունիքում և 18-ը՝ Սյունիքում: Այդ նպատակի համար ծախսվել է 1 մլն դոլար:

Բոլոր նախակրթարանները վերանորոգվել ու կահավորվել են, համալրվել համապատասխան գույքով, սարքավորումներով, ուսումնամեթոդական նյութերով:

Ըստ նախարարի՝ դատելով միջանկյալ վերլուծությունից՝ նախապես պլանավորած 170-ի փոխարեն՝ ծրագրի ավարտին հանրապետությունում կլինի 250 նորաբաց նախակրթարան: Մինչև ծրագրի մեկնարկը նախակրթարաններում ընդգրկված էր նախադպրոցական տարիքի երեխաների 37 տոկոսը, իսկ ներկայումս այդ ցուցանիշը հասել է 57 տոկոսի:

Արմեն Աշոտյանը նշել է. «Մեր վերջնական նպատակն է 2015 թ. նախակրթարաններում ապահովել ավագ նախադպրոցական տարիքի՝ 5-6 տարեկան երեխաների համահանրապետական ընդգրկվածության 90 տոկոսանոց ցուցանիշ: Սա մեր սոցիալական կարևորություն և հանրային մեծ ընդգրկվածություն ապահովող ամենահաջողված ծրագրերից է»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter