HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Մկները «գրավել» են Քարակերտ համայնքը

Գյուղատնտեսական տարին դեռ չսկսված` Արմավիրի մարզի Քարակերտ եւ հարակից համայնքների գյուղացիները կանգնել են տարվա բերքը կորցնելու վտանգի առջեւ: Գյուղերում կրծողներն այնքան են շատացել, որ ոչնչացնում են պտղատու այգիներն ու հացահատիկի ցանքատարածությունները: Քարակերտի գյուղապետ Մհեր Հարթենյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, թե մկների դեմ պայքարի միջոցառումները գյուղում անցկացվել են դեռեւս դեկտեմբերին, սակայն` ապարդյուն: Կառավարությունը 290 հա պտղատու այգիների համար Քարակերտ գյուղին հատկացրել է 38 կգ թունաքիմիկատ, բայց գյուղապետը փաստում է, որ ձեռնարկված միջոցառումներից ընդամենը 15 օր անց մկները ոչ թե վերացել են, այլ ընդհակառակը` մի քանի անգամ շատացել են: Հիմա էլ գյուղացիներն են իրենց ուժերով պայքարում մկների դեմ` խանութներից ձեռք բերելով տարբեր թունաքիմիկատներ: «Ծառերի բները ամբողջը կրծում են, եւ այդ ծառերը գարնանը կչորանան: Վնասի չափի մասին հիմա ոչինչ չեմ կարող ասել, գարնանը, երբ ծառերը բողբոջեն, այդ ժամանակ էլ պարզ կլինի, թե մկներն ինչ վնաս են հասցրել գյուղին»,- ասում է Մ. Հարթենյանը: Մկների նման գրոհը, գյուղապետի կարծիքով, պայմանավորված է չորությամբ: «Ոռոգման ջրի թանկության պատճառով գյուղացիները աշնանը լավ չեն ջրել իրենց հողերը, դա էլ նպաստել է, որ մկները բազմանան»,- ավելացրեց համայնքապետը: Մկները վնաս են հասցրել նաեւ մոտ 10 հա հացահատիկի ցանքատարածություններին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter