HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարչապետ. «2011-ի համար գյուղատնտեսությունը գերակա ոլորտ է լինելու»

Այսօր կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն ՀՀ գյուղատնտեսության ոլորտի արդյունավետության բարձրացման վերաբերյալ, որը վարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը: Խորհրդակցությանը մասնակցում էին գյուղատնտեսության նախարարը, նախարարների տեղակալներ, գերատեսչությունների ղեկավարներ, մարզպետներ, Հանրային խորհրդի անդամներ, շահագրգիռ կառույցների ներկայացուցիչներ: Մինչ քննարկումն սկսելը վարչապետն ընդգծել է, որ խորհրդակցությունը նվիրված է 2011 թ. գյուղատնտեսական աշխատանքների, մասնավորապես գարնանացանի կազմակերպման խնդիրներին: Օրակարգային մի շարք հարցերի առնչությամբ զեկուցումներով են հանդես եկել գյուղատնտեսության նախարարի տեղակալները: Մասնավորապես, գյուղատնտեսության նախարարի տեղակալ Սամվել Գալստյանը զեկուցել է գարնան գյուղատնտեսական աշխատանքների նախապատրաստման ընթացքի մասին: Խոսելով ցանքատարածություններում առկա վիճակի ու վարելահողերի կրճատման պատճառների մասին` նա անդրադարձել է աշնանացանի պակասը մեղմելու նպատակով գարնանացանի ծավալի ավելացման հնարավորություններին և առաջարկվող մեխանիզմներին: Ներկայացվել են կրծողների դեմ պայքարի և խորհրդատվական ծառայությունների ակտիվացման ուղղությամբ իրականացված աշխատանքների արդյունքները: Գյուղացիական տնտեսությունների շրջանառու միջոցների համալրման նպատակով վարկավորման արդյունքների վերաբերյալ զեկուցումով հանդես է եկել գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Սամվել Ավետիսյանը: Հարցի առնչությամբ վարչապետ Սարգսյանը հանձնարարել է տեղեկատվություն ներկայացնել ոլորտում արձանագրված զարգացումների մասին։ Մեկ այլ հարցով գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը զեկուցել է մթերող կազմակերպությունների կողմից մթերված հումքի դիմաց վճարումների ընթացքի մասին ևս: Գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Սամվել Ավետիսյանը ներկայացրել է ՀՀ-ում գյուղացիական տնտեսությունների խոշորացման հայեցակարգի նախագիծը` իր զեկույցում անդրադառնալով խոշորացման հիմնական ուղղություններին: Նշվել է, որ հայեցակարգի նախագիծն ուղարկվել է բոլոր մարզպետներին: Հանձնարարվել է հայեցակարգի վերաբերյալ բոլոր առաջարկությունները ներկայացնել ՀՀ գյուղատնտեսության նախարարություն: Օրակարգային հարցերի թվում դրամաշնորհային տեխնիկայի բաշխման ընթացքի առնչությամբ զեկուցումով հանդես է եկել գյուղատնտեսության նախարարի տեղակալ Վարդան Կարապետյանը: 2011թ. ոռոգման սեզոնի կազմակերպման վերաբերյալ մանրամասներ է ներկայացրել ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը: Ամփոփելով քննարկման արդյունքները` կառավարության ղեկավարը համապատասխան հանձնարարականներ է տվել պատասխանատու գերատեսչությունների ղեկավարներին և ընդգծել գյուղատնտեսության նախարարության և մարզպետարանների միջև մշտական երկխոսության ապահովման կարևորությունը. «2011 թ. համար գյուղատնտեսությունը գերակա ոլորտ է լինելու, և մենք պետք է լրջագույն ջանքեր ներդնենք, որպեսզի ապահովենք ընթացիկ աշխատանքները և աճ ունենանք»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter