Այս տարի սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը 3 գերակա խնդիր ունի
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Արթուր Պետրոսյանը այսօր 2011 թվականի գերակա խնդիրների վերաբերյալ ասուլիսում հայտնել է, որ նախարարությունը ՀՀ կառավարության 2011 թվականի գործունեության միջոցառումների ծրագրում ներկայացրել է մեկ ծրագիր և երեք գերակա խնդիր: Նախարարության 3 գերակա խնդիրներն են.
1. Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման ֆինանսավորման հայեցակարգի մշակում և ներկայացում
2. ՀՀ նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի կազմակերպում և անցկացում
3. ՀՀ-ում երիտասարդական պետական քաղաքականության զարգացման ուղղությամբ առաջարկությունների ներկայացման նպատակով Հայաստանի երիտասարդության շրջանում ամբողջական ուսումնասիրությունների իրականացում
Անդրադառնալով առաջին գերակա խնդրին` նախարարը շեշտել է, որ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման ֆինանսավորման հայեցակարգի մշակման անհրաժեշտությունը վաղուց էր առաջացել: Ա. Պետրոսյանի գնահատմամբ` հայեցակարգի բացակայությունը նպաստում է ոչ էֆեկտիվ ֆինանսավորմանը, որը բացասական է անդրադառնում ամբողջ ֆիզկուլտուրայի և սպորտի ոլորտի վրա: «Հայեցակարգը պետք է լինի հնարավորինս թափանցիկ, պարզ և ընդունելի մեծամասնության համար: Էֆեկտիվ և նպատակային ֆինանսավորումը կնպաստի ոլորտի զարգացմանը և մրցունակության բարձրացմանը: Կազմակերպությունները կֆինանսավորվեն համապատասխան իրենց ներդրած ջանքերի և նվաճումների: Հաեյցակարգը կմշակվի նաև հաշվի առնելով միջազգային փորձը և օրենսդրությունը»,- ընդգծել է նախարարը:«Ինչ վերաբերում է նախարարության երկրորդ գերակա խնդրին, ապա ՀՀ Նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթը մեր գերատեսչության ամենահաջողված ծրագրերից է և մեծ մասսայականություն է վայելում հանրապետությունում»,- նշել է Ա. Պետրոսյանը: Մրցույթին մասնակցող մարզական ընտանիքների թիվը տարեցտարի ավելանում է և անցած` 2010 թվականին այդ թիվը նախորդ տարվա համեմատ կրկնապատկվել է` հասնելով 347-ի: Նախարարը հույս է հայտնել, որ 2011 թվականին մարզական ընտանիքների թիվը հնարավոր կլինի հասցնել հազարի:
Անդրադառնալով նախարարության 3-րդ գերակա խնդրին` նախարարն ընդգծել է, որ այն իրականացվելու է երիտասարդության նոր ազգային զեկույցի մշակումով, հաշվի առնելով այն հանգամանքը, որ երիտասարդության վերջին ազգային զեկույցը մշակվել է 2006 թվականին և վերամշակման կարիք ունի:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել