HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Պատգամավորը մտահոգված է գյուղատնտեսությունը գերակա ոլորտ հռչակելու առնչությամբ

«2010 թվականի գյուղատնտեսական ոլորտի կորուստները հիմնականում պայմանավորում էին վատ եղանակային պայմաններով: Երեւի մեր իշխանություններն արդեն Աստծո հետ էլ են կապ ունեցել եւ 2011 թ. համար պատվիրել են նորմալ եղանակային պայմաններ»,- ասում է «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը: Նա «Հետքին» ներկայացրեց իր մտավախությունը 2011 թ. գյուղատնտեսությունը գերակա ոլորտ հռչակելու կառավարության ցանկության մասին: «Մինչեւ այժմ իշխանությունները, այդ թվում` ներկա կառավարությունը, միշտ հայտարարել են  փոքր ու միջին բիզնեսին սատարելու մասին, ինչի արդյունքում տեսնում ենք, որ օր օրի ավելի է նվազում փոքր ու միջին բիզնեսի տեսակարար կշիռը մեր տնտեսության մեջ: Այդ բիզնեսով զբաղվողները նույնիսկ փակում են իրենց բիզնեսը եւ տեղափոխվում են այլ երկրներ` իրենց տնտեսական գործունեությունը զարգացնելու համար: Այդ ծրագրերն ընդամենը հերթական խոշորացումների սկիզբ են լինելու: Արդեն գումարներ ունեցող իշխանական խոշոր տնտեսվարող սուբյեկտները կարող են հողեր գնել եւ այլն, ինչի արդյունքում մոնոպոլիա կլինի»,- կարծում է պատգամավորը: Ա. Մարտիրոսյանը մտավախություն ունի, որ եթե հիմա էլ գյուղատնտեսությունն է հայտարարվում գերակա ոլորտ, ապա նույն արդյունքը կունանանք եւ հերթական անգամ հնարավոր է վերաբաշխման ականատեսը լինենք, այս անգամ` գյուղատնտեսական ոլորտում: Ըստ Արմեն Մարտիրոսյանի` երկրում գյուղատնտեսությունը զարգացնելու համար առաջին հերթին պետք է բարեփոխումներ իրականացվեն, ինչի արդյունքում քաղաքացու ձեռքին գումար կլինի ու կկարողանա գյուղացուց մթերք ձեռք բերել: Իսկ գյուղացին կմնա գյուղում եւ կմշակի իր հողն ու կզբաղվի անասնապահությամբ: «Առանց սոցիալական արդարության վերականգնման, ոքան էլ կառավարությունը քայլեր իրականացնի, միեւնույն է` արդյունքի չենք հասնելու:  Եթե գյուղում երիտասարդ չի մնալու, այդ գյուղի հողերն ո՞վ է մշակելու: Մի երկու տեխնիկայով Հայկական լեռնաշխարհում հող են մշակելու՞: Հայաստանը դաշտավայրային երկիր չէ, որտեղ մեկ մեխանիզմով հնարավոր լինի հեկտարներով հող մշակել: Այստեղ որոշակիորեն բնակչության առկայություն է պետք»,- ասում է Ա. Մարտիրոսյանը: Պատգամավորը վստահ է, որ եթե նույնիսկ պաշտոնյաները գյուղերից հողերը վերցնեն, չեն կարողանալու մշակել, որովհետեւ գյուղում մարդ չկա, որ հողի վրա աշխատի: Նշենք, որ այսօր կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել է, թե «2011 թ. համար գյուղատնտեսությունը գերակա ոլորտ է լինելու, և մենք պետք է լրջագույն ջանքեր ներդնենք, որպեսզի ապահովենք ընթացիկ աշխատանքները եւ աճ ունենանք»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter