HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փոխվարչապետն ու մարզպետները խորհրդակցություն են անցկացրել

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի մոտ այսօր մարզպետների մասնակցությամբ տեղի ունեցած խորհրդակցությանը քննարկվեց ՀՀ բազմաբնակարան բնակարանային ֆոնդի կառավարման եւ շահագործման ոլորտի բարեփոխումների հնգամյա ծրագիրը: Քննարկմանը մասնակցում էին նաեւ ՀՀ արդարադատության, աշխատանքի եւ սոցիալական հարցերի, քաղաքաշինության, ֆինանսների, էկոնոմիկայի նախարարները, Երեւանի քաղաքապետը, շահագրգիռ այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ: Ծրագրի նախագծով մասնավորապես առաջարկվում է ներդնել բնակարանային ֆոնդի կառավարման նոր մոդել, ըստ որի բնակֆոնդի պահպանման, կառավարման հիմնական պատասխանատունները լինելու են սեփականատերերը, իսկ պետությունը համաֆինանսավորման ձեւով աջակցելու է խնդիրների լուծմանը: Բնակֆոնդի կառավարումն իրականացվելու է ընտրված մարմնի միջոցով, որն ունենալու է իրավաբանական անձի կարգավիճակ եւ կարող է ծառայություններ մատուցել: Ծրագրին կից ներկայացված է նաեւ միջոցառումների ժամանակացույց, որոնց իրականացման արդյունքում նախատեսվում է ունենալ բազմաբնակարան ֆոնդի բարվոք վիճակ: Փաստաթուղթը մշակվել է փոխվարչապետի ղեկավարությամբ ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի կողմից, ներգրավված է եղել միջազգային փորձագետ: Մշակմանը մասնակցել են նաեւ ՀԿ-ների, գործող համատիրությունների ներկայացուցիչներ, ինչպես նաեւ հաշվի են առնվել շահագրգիռ տարբեր գերատեսչություններից եւ մարզպետարաններից ստացված առաջարկները: Ծրագրի նախագիծն առաջիկայում կներկայացվի կառավարություն` հետագա քննարկումների համար: Խորհրդակցությանը ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Ա. Գրիգորյանը ներկայացրեց «Պետական նպաստների համակարգում տեղեկատվության հավաքագրման արդյունավետության բարձրացման հայեցակարգ»-ից բխող` պետական նպաստների հասցեականության մեծացմանն ուղղված միջոցառումների իրականացման ընթացքում ի հայտ եկած խնդիրները: Հիշեցնենք, որ 2011թ. հունվարից նպաստի համակարգում ընդգրկվելու համար տեղեկանքների տրամադրման գործառույթները ՏԻՄ-երից փոխանցվել էին հանրապետական իրավասու մարմինների տարածքային ստորաբաժանումներին: Նոր մեխանիզմների կիրառման ընթացքում մասնավորապես պարզվել է, որ որոշ բնակավայրեր հասցեավորված չեն, ինչը դժվարություններ է առաջացնում հաշվառման վայրի, հետեւաբար նաեւ` ընտանիքների կազմի վերաբերյալ տեղեկանքի ստացման հարցում: Փոխվարչապետն առաջարկեց նախարարության տրամադրության տակ եղած տեղեկատվությունը փոխանցել մարզպետներին` խնդիրը ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի եւ ՀՀ ոստիկանության անձնագրերի եւ վիզաների վարչության տարածքային ստորաբաժանումների հետ համատեղ լուծելու համար: Նշվեց նաեւ, որ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն քաղաքացիների սեփականության մասին տեղեկատվությունը տրամադրում է ոչ թե հանրապետության, այլ միայն տվյալ տարածաշրջանի մասով: Ա. Գեւորգյանը կադաստրի պետական կոմիտեի ներկայացուցչին հանձնարարեց խնդիրը կարգավորել սեղմ ժամկետներում: Մեկ անգամ եւս արձանագրվեց, որ նշված բոլոր տեղեկանքները քաղաքացիներին տրվում են անվճար: Արձանագրված մյուս խնդիրը վերաբերում է անասնաբույժերի կողմից անասնագլխաքանակի մասին տեղեկանքի տրամադրմանը: Տեղեկացվեց, որ որոշ բնակավայրերում կան անասնաբույժերի թափուր հաստիքներ, ինչը դժվարացնում է գործընթացը: Փոխվարչապետը աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարին հանձնարարեց սեղմ ժամկետներում ՀՀ կառավարություն ներկայացնել գործող կարգում փոփոխություն կատարելու առաջարկություն, որը հնարավորություն կտա վերոնշյալ գործառույթը ժամանակավորապես վերապահել տարածաշրջանի այլ անասնաբույժի: Մարզպետներին եւս հանձնարարվեց սեղմ ժամկետներում ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ համատեղ անհրաժեշտ քայլեր իրականացնել` թափուր հաստիքները համալրելու ուղղությամբ: Մինչ այդ, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարին հանձնարարվեց վերահսկողություն իրականցնել գործընթացի նկատմամբ: Խորհրդակցությանը ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Գ. Բադալյանի եւ ՀՀ նախագահի գլխավոր ռազմական տեսուչի տեղակալ Գ. Ֆարյանի մասնակցությամբ քննարկվեցին հանրապետությունում զորահավաքային նախապատրաստության եւ զորահավաքի անցկացման մասին ՀՀ օրենսդրության պահանջների կատարմանը, մարզերում զորահավաքային մարմինների համակարգի ստեղծման աշխատանքներին մարզպետների մասնակցությանը, զինկոմիսարիատների հետ նրանց փոխգործակցությանը վերաբերող հարցեր: Փոխվարչապետը ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը հանձնարարեց աշխատանքային խորհրդակցություններ անցկացնել մարզերում եւ տեղում բացատրել զորահավաքի նախապատրաստության աշխատանքներում տեղական ինքնակառավարման մարմիններին տրվող պահանջները: Խորհրդակցության ընթացքում անդրադարձ կատարվեց նաեւ «Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ-Հայաստան»-ի երրորդ կարգի ջրանցքների վերականգնման ծրագրում ընդգրկված համայնքների կողմից համաֆինանսավորման պարտավորությունների կատարմանը: Փոխվարչապետը մարզպետներին հանձնարարեց աշխատել համայնքների ղեկավարների հետ` անհրաժեշտ համաֆինանսավորումը սահմանված ժամկետներում կատարելու ուղղությամբ: Ներկայացվեց նաեւ ՀՀ կառավարության 2011 թ. արտագնա նիստերի ժամանակացույցը: Ընթացիկ տարվա առաջին ինն ամիսներին ՀՀ կառավարության արտագնա նիստերը համապատասխանաբար կանցկացվեն Արագածոտնի, Վայոց Ձորի, Շիրակի մարզերում: Քննարկվեցին ուղեւորային կառամատույցները «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ին, ինչպես նաեւ համայնքային ենթակայության տակ գտնվող նորակառույց գազատարները «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ին հանձնելու գործընթացները: ՀՀ ՏԿ փոխնախարար Ա. Բախշյանը տեղեկացրեց, որ ուղեւորային կառամատույցներ ունեցող 121 համայնքից 92-ում ավարտվել են դրանք «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ին հանձնելու նպատակով տարվող աշխատանքները, 29 համայնքում այդ աշխատանքները հստակեցման փուլում են: Համայնքային ենթակայության տակ գտնվող գազատարները «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ին հանձնելու գործընթացները եւս ավարտված են, բացի Արմավիրի մարզի երկու համայնքից: Մարզպետներին հանձնարարվեց ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարություն ներկայացնել տեղեկատվություն այն համայնքերի վերաբերյալ, որոնք իրենց հաշվեկշռում գազատարներ ունեն: Այս մասին տեղեկացնում է ՏԿՆ-ի հասարակայնության հետ կապերի բաժինը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter