HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Օձունցիները անհանգստացել են իրենց շտապօգնության մեքենայի համար

Կառավարության 2010 թ. հուլիսի 15-ի N 894-Ն որոշումը նախատեսում է հանրապետության, այդ թվում նաեւ մարզերի շտապ բժշկական օգնության ծառայությունների արդիականացում: Այն պետք է իրականացվի 2010-2014 թթ: Որոշումն առաջարկում է կառուցվածքային փոփոխություններ, ըստ որոնց` գործող շտապ բուժօգնության ծառայությունների փոխարեն պետք է ստեղծվեն ժամանակակից բժշկական սարքավորումներով հագեցած շտապ բժշկական օգնության կայաններ: Ծրագրի ֆինանսական ռեսուրսները նախատեսվել են 5,3 մլրդ դրամ, որը Կառավարությունը ակնկալում է ստանալ միջազգային դոնոր կազմակերպություններից: «Մենք տեղայնացնելու ենք որոշումը: Այն դեռ նոր է, հին ձեւով ենք աշխատում, որոշման համար դեռ քայլեր չենք ձեռնարկել»,- «Հետքին» տեղեկացրեց Լոռու մարզպետարանի առողջապահության բաժնի վարիչ Լուսինե Վարդանյանը: Չկիրառված որոշումը, սակայն, խուճապ է առաջացրել Լոռու մարզի 5 հազար բնակիչ ունեցող Օձուն գյուղում: N 894-Ն որոշման հավելվածի Ռազմավարության 32 կետը սահմանում է, որ շտապ բուժօգնության մեքենաները գնվելու եւ մարզերի բուժհաստատություններին բաշխվելու են 20.000 բնակչին` մեկ մեքենա սկզբունքով: Սա էլ անհանգստացրել է օձունցիներին, քանի որ որոշման կիրառման դեպքում  կզրկվեն գյուղի շտապօգնության ծառայությունից ու իրենց ունեցած միակ շտապօգնության մեքենայից: Օձունի բժշկական ամբուլատորիայի տնօրեն Անահիտ Նալբանդյանը «Հետքին» տեղեկացրեց, որ գյուղի շտապօգնության մեքենայի հետ կապված որեւէ խնդիր չունեն եւ չեն էլ ունեցել: Մեքենան ձեռք է բերվել 2002 թ. Համաշխարհային բանկի վարկային ծրագրով: Ա. Նալբանդյանը բացատրեց գյուղացիների անհանգստությունների պատճառը. «Ասեմ, թե պրոբլեմը որն է: Խոսքն այն մասին է, որ շտապօգնության ծառայությունները պետք է  մեր ամբուլատորիայից վերցվեն եւ կենտրոնացվեն Ալավերդու առողջապահական կենտրոնում: Բնակչության շրջանում աժիոտաժը դրանից է առաջացել: Այդ մասին հեռուստացույցն է ասել»: Ա. Նալբանդյանը դրական գնահատեց որոշմամբ առաջարկվող շտապ օգնության ոլորտի բարեփոխումները, սակայն նրան մտահոգում էր արդիականացման արդյունքում նաեւ իր ղեկավարած ամբուլատորիայի կարգավիճակը, որի մասին որոշման մեջ չի հիշատակվում: Օձունի շտապօգնության ծառայությունը սպասարկում է 5 գյուղի` Օձունի, Ամոջի, Հագվիի, Այգեհատի եւ Արդվիի 6.000 բնակչի: Ամբուլատորիայի շտապօգնության ծառայության ֆինանսավորումը տարվա կտրվածքով 2010 թ. կազմել է 1,6 մլն դրամ, մեկ բնակչի հաշվով միջինացված գումարը կազմում է շուրջ 266 դրամ: Տարվա ընթացքում գրանցվել է 601 կանչ, որի արդյունքում 34 հիվանդ շտապ օգնության մեքենայով տեղափոխվել է հիվանդանոց: Շտապ օգնության կանչը կատարվում է բժիշկների հեռախոսահամարով: Ծառայությունը  ռադիոկապ չունի, թեեւ սպասարկում է միմյանցից 5-7 կմ հեռավորության վրա գտնվող գյուղերի: Օձունի փողոցներում հարցված բնակիչները դրական գնահատեցին շտապ օգնության ծառայության աշխատանքները: Իհարկե, կային նաեւ վերապահումներ: «Շտապ օգնության կանչի դեպքում, եթե մեքենա կա, ուրիշ կանչի չի գնացել, անմիջապես ուղարկում են: Եթե չկա, ասում են` մի մեքենա ուղարկեք, որ գանք: Մեկ շտապ օգնության մեքենա է աշխատում. երբեմն չի բավարարում: Լավ են վերաբերվում: Դեղորայքը երբեմն քիչ են ունենում, որ սպասարկեն. իհարկե, դա իրենց մեղք չէ»,- ասաց օձունցի Սիրուշ Անթառանյանը: Վերջին տարիներին Օձունում հիվանդների թիվը կտրուկ աճել է: Ըստ ամբուլատորիայի տնօրենի տվյալների` սպասարկվող 5 գյուղից 2010 թ. 29.000 անգամ առողջական խնդիրներով դիմել են ամբուլատորիա: Այստեղ գրանցված է 400 դիսպանսեր հիվանդ, այդ թվում` 64-ը շաքարային դիաբետով: Դիսպանսեր հիվանդներից շուրջ 300-ը տառապում է հիպերտոնիայով, որից 150-ը տառապում է սրտի իշեմիկ հիվանդությամբ: Օձունցիները համարում են, որ շտապ օգնության կայանի առկայությունը գյուղում անհրաժեշտություն է: «Եթե շտապ բուժօգնության նախատեսված կայանի կենտրոնը լինի Օձունում, ոչ մի խնդիր չի լինի: Բայց եթե Օձունի եւ նրա ենթաշրջանի գյուղերի շտապ օգնության  սպասարկումը կազմակերպվի Ալավերդիից, կարծում եմ` ուշացումներ կլինեն»,- ասաց Անահիտ Նալբանդյանը: Օձունի համայնքապետ Արսեն Տիտանյանը տեղյակ էր շտապ օգնության ծառայության հետ կապված` իր համայնքի բնակիչների անհանգստություններին: «Մենք բոլոր դեպքերում քայլեր կձեռնարկենք, որ Օձունը չզրկվի շտապ օգնության ծառայությունից»,- ասաց գյուղապետը: «Օձունի շտապ օգնության ծառայությունը ներկա պահին մեր առողջապահական կենտրոնին միացնելու որեւէ հրահանգ չունենք: Օձունցիների մտահոգությունն այս պահին անտեղի է»,- ասաց Ալավերդու առողջապահական կենտրոնի տնօրեն Ստեփան Մոսինյանը: Վերջինս հնարավոր է համարում Օձունին եւ նրա ենթաշրջանի գյուղերին շտապ օգնության ծառայության մատուցումը Ալավերդի քաղաքից. «Դա ոչ թե Ալավերդուց է սպասարկվելու, այլ կայանը տեղակայվելու է Օձունի բժշկական ամբուլատորիայում, որը ենթարկվելու է Ալավերդու բժշկական կենտրոնին»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter