HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրինե Թորոսյան

Դատավորի գողական «բազարի» հետևանքները

Աշոտ Հարությունյանը մոտ 3 ամիս է` «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում է եւ արդեն 10 օր` հացադուլի մեջ: Նման ձեւով նա փորձում է կանխել իր դեմ կատարվող ապօրինությունները: Աշոտը կենցաղային հողի վրա վիճել է երիտասարդ դատավորներից մեկի` Արման Թովմասյանի հետ, ծեծվել, դարձել մեղադրյալ ու հայտնվել կալանավայրում: «Տեսա` կռվում են. Աշոտին գցեցին ներքեւ, ոտքերով, ձեռքերով լավ խփեցին: Բոլորն էլ ծեծում էին. 4 հոգի էին, 4-ն էլ ծեծում էին: Ես վախեցա, իջա մեքենայից ու վազելով գնացի առաջ: Ասացի` հենց հիմա վերջացրեք, թե չէ էսա միլիցիա կզանգեմ: Իմ ասելուց հետո նրանք դադարացրին: Բայց իրան լավ ծեծեցին: Արյուն չկար, բայց որ ինքը մեքենա նստեց, ես տեսա` մեջքի երկու կողմում լավ կարմրած, քերծված տեղեր կային»,- պատմում է Ստեփանավանի բժշկական կենտրոնի աշխատակից Նունե Պառավյանը, ով ակամայից վկա է դարձել դատավոր Թովմասյանի եւ Ստեփանավանի դատարանի կարգադրիչների կողմից Աշոտի ծեծին: Աշոտ Հարությունյանը մասնագիտությամբ տնտեսագետ է, աշխատում է Ստեփանավանի հիվանդանոցում` որպես Լոռու մարզպետի նշանակած վերստուգիչ: Մոտ 3 ամիս առաջ` նոյեմբերի 8-ին, նա դարձել է 34 տարեկան: Ընկերների հրավերով ծնունդը նշել է ռեստորանում, ու թեեւ հետագայում գործի նյութերում ձեւակերպվել է, թե Աշոտը դեպքի ժամանակ եղել է ալկոհոլ օգտագործած վիճակում, հետագայում այս շեշտադրումն անհետացել է, քանի որ, ինչպես փաստաբան Տիգրան Հայրապետյանն է ասում, «քննիչի ներկայությամբ կատարված ստուգման արդյունքում նրա խմածության աստիճանը զրո է ցույց տվել»: Խնջույքից հետո Աշոտը հիվանդանոցի աշխատակիցներից Նունե Պառավյանին մեքենայով ուղեկցել է տուն: Ճանապարհին կանգնել է Ստեփանավանի խանութներից մեկի մոտ` գնումներ կատարելու: Հենց այստեղ էլ` խանութի ներսում, ժամը 23:30-ի սահմաններում հանդիպել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի (նստավայրը` Ստեփանավան) 29-ամյա դատավոր Արման Թովմասյանին: «Այդ ժամանակ Աշոտը չի իմացել, որ այդ երիտասարդ տղան դատավոր է: Իրեն թարս-թարս է նայել, հարցրել է` դեմքս ծանո՞թ է, որ ըտենց հետաքրքիր նայում ես: Դատավորն էլ, թե`  խի դու ո՞վ ես, որ քեզ էլ ճանաչեմ»,- Աշոտի պատմածներն է փոխանցում փաստաբան Տիգրան Հայրապետյանը: Նա նշում է, որ Աշոտը բնավորությամբ հանգիստ, շատ կատակասեր տղա է, եւ խանութից դուրս գալով` փորձել է վիճաբանությունից խույս տալ, սակայն դատավորը տեղի չի տվել եւ նստելով ավտոմեքենան` ասել է. «Քշիր իմ հետեւից. տղայավարի տենանք, թե ով ով ա»: Աշոտի մեքենայի ապակիները մգեցված են, եւ Նունեն մնացել է աննկատ: Հետեւելով դատավոր Թովմասյանին` նրանք հայտնվել են Ստեփանավանի դատարանի` քաղաքից դուրս գտնվող տարածքում: Դարպասները բացվել են, ու երբ երկու մեքենաներն էլ մտել են ներս, կրկին փակվել: «Աշոտը մեքենայից իջել է ու ասել` է՞ս ա քո տղայական խոսակցությունը, էս ո՞ւր ես ինձ բերել»,- շարունակում է Տ. Հայրապետյանը: Իսկ Նունեն պատմում է, որ ինքը մեքենայից չի իջել, բայց լսելով վիճաբանության ձայներ` դուռը բացել է եւ Աշոտին խնդրել իրեն տանել տուն: «Դե, տար տուն, 3 րոպեից կգաս»,- պատվիրել են Աշոտին: Սակայն Նունեն նշում է, որ զգալով վտանգը` տան մոտ հրաժարվել է իջնել մեքենայից եւ որոշել է տղային մենակ չթողնել: Նունեն ասում է, որ քաղաքի կենտրոն տանող միակ ճանապարհով ընթանալիս «դատարանի առաջ լրիվ կազմով սպասում էին. դատավորը եւ հետը 4 հոգի», եւ մանրամասնում, որ այս անգամ էլ սկզբում մեքենայից դուրս չի եկել, բայց մոտ 10 րոպե կռվի ձայներ լսելով` չի համբերել, դուրս է եկել եւ տեսել վերեւում նկարագրված ծեծը: «Որ ես մոտեցա, ասեցի` հեսա միլիցիա կզանգեմ: Դրանցից ֆորմովն ասեց` հեռու գնա, թե չէ քեզ էլ կխփեմ... Հետո Աշոտին գցեցին փողոցի էն մի կողմը ու գնացին»,- հիշում է Նունեն: Նունեին տուն տանելուց հետո Աշոտը գիշերվա 1:30-ի սահմաններում հասել է տուն` Վանաձոր: Տնեցիներին ոչինչ չի պատմել, դեպքի մասին վերջիններս տեղեկացել են առավոտյան. «Հագուստը` լրիվ պատռված, լրիվ արյուն: Շալվարը` ճղված, մայկան` լրիվ ճղված: Ու լրիվ կոշիկի հետքեր մայկայի վրա: Նույնիսկ հարցնում էի` հո քեզ տկլո՞ր չեն ծեծել՚,- ասում է Աշոտի կինը եւ հիշում, որ առավոտյան` 8-ի սահմաններում, քաղաքացիական հագուստով անձինք այցելել են իրենց բնակարան, ներկայացել որպես Ստեփանավանի ոստիկանության աշխատակիցներ եւ ամուսնուն տարել բաժին: «Եկա Ստեփանավան, մտա բաժանմունք: Բոլորն էլ ասին` դե լավ, ինչ եղել ա, չի եղել, դուք էլ եք կիրթ մարդ, դատավորն էլ: Ասին` բողոք-բան չըլնի քո կողմից, անհարմար ա, թող անցնի գնա: Զրույցներից նենց հասկացա, որ էսա ամեն ինչ կճշտվի, կվերջանա, կգնա»,- պատմում է Աշոտի հայրը` Սամվել Հարությունյանը: Սակայն նրա որդուն այդպես էլ բաց չեն թողել, իսկ դեպքի առթիվ հարուցված քրեական գործում նշված է, թե նշյալ խանութում, հանդիպելով Արման Թովմասյանին, Աշոտը ճանաչել է նրան` «որպես իր հոր` Սամվել Հարությունյանի վերաբերյալ քաղաքացիական գործով իրենց շահերին ի վնաս վճիռ կայացրած դատավորի,  նրա հասցեին անհիմն, անհարգալից արտահայտություններ է արել` պահանջելով առանձնանալ ու զրուցել: Արման Թովմասյանը տեսնելով, որ նա ալկոհոլային հարբածության վիճակում է, խուսափելով նրա հետ առնչվելուց, հեռացել է եւ իր ավտոմեքենայով մեկնել դատարանի նստավայր»: Աշոտն էլ, ըստ քրեական գործի, հետեւելով դատավորին` մտել է կողմնակի անձանց մուտքը արգելված դատարանի ցանկապատված տարածք, որտեղ, չենթարկվելով դատարանի երկու կարգադրիչների` Էդգար Խանվելյանի եւ Էդգար Չատինյանի պահանջներին, վիրավորական արտահայտություններ է արել եւ բռնություն գործադրելու սպառնալիքներ տվել դատավոր Արման Թովմասյանին: Մի քանի րոպե անց կրկին վերադառնալով` Աշոտը շարունակել է նույն վարքագիծը, ավելին` ձեռքով հարվածել է կարգադրիչ Էդգար Չատինյանին` պատճառելով մարմնական վնասվածքներ` «ճակատի ձախ կեսի ճանկռվածքի եւ աջ դաստակի երկրորդ մատի շրջանի քերծվածքի ձեւով»: Սամվել Հարությունյանը պարզաբանում է, որ ինքը ջերմոցներ ունի, վարկ է վերցրել, եւ քանի որ բերքը փչացել է, եկամուտ չի ստացել եւ չի կարողացել պարտքը մարել: Իր դեմ ներկայացված հայցադիմումն ընդունել է, պարտքից չի հրաժարվել եւ դատավոր Արման Թովմասյանի դատավճռին չի առարկել: Հետեւաբար, անհիմն է այն պնդումը, թե իր տղան վրեժխնդրությամբ է լցված եղել դատավորի նկատմամբ: Գործի նյութերում իբրեւ միջադեպի մասնակիցներ նշվում են միայն երկու կարգադրիչների անունները, բայց այն, որ նրանք իրականում շատ են եղել, հաստատել է նաեւ հիշյալ դատարանի կարգադրիչների անմիջական վերադաս Մերուժան Կյուրեղյանը: «Հետքի» հետ զրույցում նա ասել է, որ աշխատանքի մեջ գտնվող երկու կարգադրիչները չեն կարողացել կարգի հրավիրել Աշոտ Հարությունյանին եւ ստիպված տնից կանչել են մյուս երկու կարգադրիչներին: Իսկ ինչո՞ւ են կանչել իրենց գործընկերներին, կամ ինչո՞ւ հենց ինքը` դատավորը, չի դիմել ոստիկանության օգնությանը: Հարցի առնչությամբ փաստաբան Տիգրան Հայրապետյանը նշում է, որ պատճառը մեկն է. դատավորը փորձել է հարցը լուծել «տղայական մակարդակում»: «Գողական փոխհարաբերություններն այնքան են արմատավորվել, որ արդեն դարձել է ազգային անվտանգության հարց: Դատավորներն ու կարգադրիչները գողական են խոսում, քննիչները, դատախազները գողական են խոսում, մտնում ես բերդ` աշխատողները, նույնիսկ մեկուսարանի դուռ փակող-բացողներն են գողական խոսում»,- ասում է նա: Աշոտ Հարությունյանը միջադեպի արդյունքում ստացել է մարմնական բազմաթիվ վնասվածքներ, ինչը հիմնավորվել է նաեւ փորձաքննություններով: Սակայն քննությունը չի տալիս այն հարցի պատասխանը, թե որտեղից են դրանք առաջացել: Գործի հիմքում դրվել են տուժող ճանաչված երկու կարգադրիչների ցուցմունքները, ըստ որոնց` Աշոտին ոչ ոք չի հարվածել: «Կարգադրիչներից մեկի ցուցմունքով` Աշոտ Հարությունյանը գնալուց առաջ ասել է` դուք սա չեք մարսի: Ես էլ հարցնում եմ` եթե նրան վատ բան չեք արել, ինչո՞ւ պետք է այդպիսի բան ասեր, այդ ի՞նչը չէիք մարսելու: Պատասխան դարձյալ չկա: Կամ նույն կարգադրիչները ցուցմունքում նշել են, որ Աշոտը դատավորին ասել է` էս ո՞ւր ինձ բերեցիր: Սրանից ուղղակի հետեւում է, որ ոչ թե հետապնդել է դատավորին, այլ վերջինս է իրեն բերել դատարանի տարածք»,- ասում է փաստաբանը: Նա շեշտում է, որ հեռախոսային խոսակցությունների վերծանումները շատ հարցերի պատասխաններ կտան, բայց քննիչ Արայիկ Բերբերյանն այդ քայլին այդպես էլ չի գնում: «Ես վստահ եմ` դատավորը սկզբում զանգել է կարգադրիչներին եւ պատվիրել դարպասները բացել: Դեպքից հետո գուցե զանգել է Ստեփանավանի քրեականի պետին, որպեսզի գործ հարուցվի, կարգադրիչներին է ուղարկել ոստիկանություն` հաղորդում տալու: Հեռախոսազանգերի վերծանումներն այս հարցերին կպատասխանեն»,- ասում է փաստաբան Տ. Հայրապետյանը: Աշոտ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել «Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու» համար` կապված վերջինիս կողմից ծառայողական պարտականությունները կատարելու հետ: Դատավոր Արման Թովմասյանը ոչ նիստերի դահլիճում, ոչ էլ առավել եւս դեպքի ժամանակ իր ծառայողական պարտականությունները կատարելիս չի եղել: Ավելին` նա տուժող չի ճանաչվել, ուստի ստացվում է, որ «իշխանության ներկայացուցիչներն» այս դեպքում կարգադրիչներն են: «Կարգադրիչների պարտականությունը շատ հստակ է. պետք է դատական նիստի ժամանակ պաշտպանեն կարգուկանոնը, կատարեն դատավորի հրահանգները, այլ կերպ ասած` նրանց լիազորությունները գործում են դատարանի պատերի ներսում: Իսկ եթե շենքի սպասարկման տարածքի պահպանությանն է խոսքը վերաբերում, ապա շենքին միանշանակ վտանգ չի եղել. անգամ եթե փողոցում մեկը հայհոյում է, դրանից շենքը չի տուժում: Առավելագույնը, որ նրանք օրենքով կարող էին անել, Աշոտին բերման ենթարկելն էր եւ անմիջապես ոստիկանությանը դիմելը»,- նշում է Տիգրան Հայրապետյանը: Քրեական գործում արձանագրված է, որ Աշոտին ձերբակալել են տեղում` ոստիկանության Ստեփանավանի բաժնում, նոյեմբերի 9-ին` ժամը 17:30-ի սահմաններում: Սա պնդում է նաեւ Ստեփանավանի քննչական բաժանմունքի պետ Արման Գալստյանը «Հետքի» հետ զրույցում` հերքելով Աշոտին բերման ենթարկելու փաստը: Իսկ թե ինչպես է նա հայտնվել «տեղում»` Ստեփանավանի ոստիկանությունում, Գալստյանը պատասխան չունի. «Չեմ կարող ասել` զանգո՞վ ա եկել, թե՞ ոնց: Էդ արդեն իրան պետք ա հարցնեք»: Մինչդեռ դատարանում կալանքի միջնորդությունը քննարկելիս քննիչ Արայիկ Բերբերյանը հայտարարել է, որ «օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում նոյեմբերի 9-ին` ժամը 8-ից 10 պակաս, իր բնակարանում հայտնաբերվել է Աշոտ Հարությունյանը եւ բերման ենթարկվել Ստեփանավանի բաժին»: Աշոտ Հարությունյանին կալանավորել են Քրեական դատավարության օրենսգրքի տեսական դրույթների հիմքերով` «...հաշվի առնելով արարքի բնույթը եւ վտանգավորության աստիճանը, նկատի ունենալով, որ ազատության մեջ մնալով` կարող է թաքնվել վարույթն իրականացնող մարմնից կամ խոչընդոտել մինչդատական վարույթում...»: Հաշվի չի առնվել ոչ այն հանգամանքը, որ նա երկու անչափահաս երեխա ունի, ոչ էլ այն, որ նրան դրականորեն են բնութագրել եւ երաշխավորագրեր տվել Լոռու մարզպետ Արամ Քոչարյանը, Վանաձորի թիվ 2 հիվանդանոցի տնօրեն Կարեն Ադամյանը, թիվ 4 պոլիկլինիկայի տնօրեն Սոնյա Առուշանյանը, Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայի Վանաձորի մասնաճյուղի տնօրինությունը եւ դասախոսական կազմը, «Վանաձոր ՋԷԿ-ի» տնօրեն Էդիկ Հունանյանը, ԱԺ պատգամավոր Խաչիկ Հարությունյանը եւ այլք: Չի ընդունվել նաեւ կալանավորումը գրավով փոխարինելու միջնորդությունը, մինչդեռ առաջադրված մեղադրանքը նախատեսում է պատիժ` նաեւ տուգանքի տեսքով: Աշոտի հայրը դատավորի ու դատական կարգադրիչների կողմից որդու` ծեծի ենթարկվելու մասին հաղորդում է ներկայացրել գլխավոր դատախազին: Ըստ նրա` քանի որ հաղորդման մեջ նշված հանցագործությունը վերագրվում է դատավորին, գործի քննությամբ, ինչպես օրենքն է սահմանում, պետք է զբաղվի Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ): «Բայց գլխավոր դատախազին ուղարկված հաղորդումը կրկին հասցեագրվել է նույն քննիչին` Արայիկ Բերբերյանին, որն իրավասու չէ նույն շրջանի դատավորի գործը քննել, ոչ էլ կարող էր օբյեկտիվ լինել` թեկուզ նրանով, որ արդեն որոշակի գործողություններ կատարել էր: Արդեն երկրորդ անգամ է Աշոտի հայրը դիմում գլխավոր դատախազին` միաժամանակ դիմումը հասցեագրելով ՀՔԾ-ին: Այստեղ վախեցել են նախաձեռնությունը վերցնել, գլխավոր դատախազին գրություն են ուղարկել` հարցնելով, թե ո՞վ քննի գործը: Բայց իրենք գլխավոր դատախազին չեն ենթարկվում եւ պարտավոր էին որոշում կայացնել»,- ասում է փաստաբան Տիգրան Հայրապետյանը: Վերջինիս տեղեկացմամբ` երկրորդ դիմումի արդյունքում գործի քննությունը ոստիկանության Ստեփանավանի քննչական բաժնից տեղափոխվել է Լոռու քննչական բաժին. «Ու հիմա` մեկ ամիս է, լռություն է: Ոչ մի գործողություն չեն կատարում: Միայն Լոռու մարզի քննչականի պետը Աշոտի հորն ասել է` մենք գործը քննում ենք. եթե դատավորը մեղավոր կլինի, գործը կուղարկենք ՀՔԾ»: Մի քանի օրից Աշոտ Հարությունյանի կալանքի ժամկետը կլրանա: Ելնելով մինչ օրս կատարվածից` ենթադրվում է, որ այն կրկին կերկարաձգվի: Հ.Գ. Դատավոր Արման Թովմասյանն այլեւս Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր չէ. նրա պաշտոնը բարձրացվել է: Անցյալ տարվա դեկտեմբերի 13-ին` միջադեպից մոտ 1 ամիս անց, նա նշանակվել է վարչական դատարանի դատավոր: Վերջինիս հայրը նախկինում հայտնի դատավոր Ռազմիկ Թովմասյանն է: Նա այժմ զբաղվում է փաստաբանական գործունեությամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter