Վերջ կունենա՞ն արդյոք Աննայի տվայտանքները
«Հ1»-ով եթեր տրվող «Աննա» հեռուստասերիալի սիրահարները (ես, իհարկե, նրանց շարքը չեմ դասվում) հույս ունեին, որ սերիալի շարունակությունը` «Աննա-2»-ը, կոչված կլինի փոխել կամ գոնե փոքր-ինչ մեղմել առաջին մասի չարագույժ, հոգեմաշ տեսարանների ու ծանր մթնոլորտի տպավորությունը: Մանավանդ որ, «Աննա-2»-ը սկսվեց սիրած տղայի հետ գլխավոր հերոսուհու հարսանիքը պատկերող կադրերով, ինչը, կարծես թե, լավատեսություն էր խոստանում:
Բայց` իզուր: Հեռուստադիտողների սպասումներն ի դերեւ ելան. սցենարի հեղինակն ու մյուս պատասխանատուները ոչ միայն չմեղմեցին, այլեւ ավելի խտացրին դժբախտությունների եւ տառապանքների անվերջանալի շղթան, որն ուղեկցվում էր նույն մահակռինչ երաժշտությամբ, երգի նույն լալահառաչ խոսքերով, որոնց հեղինակն, ի դեպ, բանաստեղծական արվեստի հետ դույզն-ինչ առնչություն չունեցող Ավետ Բարսեղյանն է:
Սերիալում եղկելի մթնոլորտ է, հերոսների փոխհարաբերությունների ճգնաժամը հասել է գագաթնակետին: Դժբախտ են բացառապես բոլոր գործող անձինք, եւ յուրաքանչյուրը` յուրովի:
Գործարարի մեծ համբավ ձեռք բերած Տիգրան Գնունին անհետացել է. ընտանիքը խորն ընկճախտի մեջ է: Գնունու միակ որդին` Նարեկը, վիշտը խեղդում է գինու բաժակում: Մորը` տիկին Սեդային, մերձիմահության է հասցրել ոչ միայն զավակի անհետացման առեղծվածը, այլեւ ավագ թոռնուհու ընչաքաղցությունն ու հատկապես ստեղծված կացությանն անհամարժեք արարքները:
Համընդհանուր տառապանքից բաժին է հասել նույնիսկ 7 տարեկան Սոնային` ընտանիքի ամենակրտսերին, ում նկատմամբ չտրամաբանված ատելություն ունեն եղբայրն ու մորական կողմից խորթ քույրը:
Էլ ավելի խճճված իրավիճակ է Գնունու «անգլուխ» մնացած ընկերությունում, որի ղեկավարումը միանգամից ծանրացել է ընդամենը մեկ օր առաջ ամուսնացած եւ մեղրամիսը տակավին չվայելած Աննայի փխրուն ուսերին:
Ֆիրմայի փոխտնօրենը, որի գեղեցկուհի կինն անտարբեր չէ Գնունու նկատմամբ, մեկն է վերջինիս անհետացման, ինչպեսեւ հիմնարկի ֆինանսական ձեռնածությունների մեջ կասկածվող անձանցից:
Ճնշող, զգայացունց հոգեվիճակում են Լիզան, ով թունդ սիրահարվել է ամուսնացած տղամարդու, Աննայի մորաքույրը, ում գանգուղեղում բժիշկներն ուռուցք են կասկածում, ձախորդությունների ցանցում հայտնված էլի շատերը:
Մի խոսքով` մարդկային խեղված հոգիների ու ճակատագրերի մի իսկական գողգոթա, որն ամեն օր` քնից առաջ, «Հ1»-ը հրամցնում է հայ բազմաչարչար հասարակությանը:
Խնդիրն, իհարկե, միայն «Աննան» չէ, այլ հայկական եթերը ողողած «սերիալացավը», որը կարող է հոգեխանգարմունքի հասցնելու աստիճան սպառնալիք դառնալ, եթե պատկան կառույցները կամայական որոշումներով հեռուստաընկերություններ արտոնելու կամ փակելու փոխարեն, ինչպես հարկն է, չզբաղվեն տեղեկատվական դաշտը կարգավորելու գործով:
Հասկանում ենք` դերասանն էլ ընտանիք է պահում, հացի խնդիր ունի եւ այլն, բայց մի՞թե դա արդարացնում է ուղեղների համատարած լվացման այն արատավոր գործընթացը, որին հարկատուներիս փողերով ձեռնամուխ են եղել հայրենի հեռուստաեթերը տնօրինող պետական այրերը:
Կարծես թե քիչ են վերջին տարիներս սնկի պես բուսած բրազիլական, մեքսիկական, ռուսական եւ այլ կարգի «օճառի պղպջակները», որոնց թմրամիջոցային էֆեկտից մարդ չի կարողանում գլուխ պրծացնել, հիմա էլ մեր խելոքները զարկ են տվել տեղական «օճառարտադրությանը»: Մինչդեռ հեռուստապաստառից տեղեկատվություն սպառող հայ մեծամասնությանն ընդամենը մեկ բան է հետաքրքրում. ե՞րբ ի վերջո կավարտվեն Աննայի տվայտանքները: Հետն էլ` խեղճ հեռուստադիտողինը:
Գեւորգ Լալայան
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել