Շիրակում բոտուլիզմի դեպք է արձանագրվել
Հունվարի 23-ին Շիրակի մարզում արձանագրվել է բոտուլիզմի 1 դեպք` 2 տուժածով: Կազմակերպված և իրականացված համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ թունավորման պատճառը տնային պայմաններում պատրաստված գազարով լցոնված պղպեղի և լոլիկի պահածոների օգտագործումն է:
Հաշվի առնելով, որ ձմռանը բնակչությունն առավել հաճախ է սննդում օգտագործում տնային պայմաններում պատրաստված պահածոներ, բոտուլիզմից խուսափելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունը զգուշացնում է` խուսափել տնային պայմաններում պատրաստված պահածոների օգտագործումից, տնային պայմաններում պատրաստված պահածոներն օգտագործելուց առաջ ենթարկել ջերմային մշակման` պահածոյի պարունակությունը եռացնելով 20-25 րոպե, չգնել տնային պայմաններում պատրաստված պահածոներ շուկայից կամ պատահական անհատներից և առաջին ախտանշաններն ի հայտ գալուն պես անմիջապես դիմել բժշկի:
Հիշեցնենք, որ բոտուլիզմը սննդային ծանր թունավորում է, որի հարուցիչը Clostridium botulinum-ն է: Հիվանդության հարուցիչը գտնվում է արտաքին միջավայրում` հողի մեջ սպորների ձևով, որտեղից էլ անցնում է բանջարեղենի, կանաչեղենի վրա: Նշված հարուցչի աճի և զարգացման համար անհրաժեշտ են անօդ պայմաններ, որտեղ բազմանում են և արտադրում թույն:
Նման պայմաններ ստեղծվում են կափարիչներով հերմետիկ փակված պահածոներում: Հարուցչի ոչնչացումը կատարվում է միայն հատուկ սարքերում` ավտոկլավներում բարձր ճնշման (1.5-2 մթնոլորտ) և ջերմության (1200-1300C) ազդեցության տակ, որոնք առկա են միայն պահածո արտադրող կազմակերպություններում, իսկ տնային պայմաններում հնարավոր չէ իրականացնել:
Բոտուլիզմով ախտահարված սննդամթերքը չի փոխում իր համը, հոտը, գույնը և տեսքը:
Հիվանդության ախտանշաններն են` սրտխառնոց, փսխում, փորլուծություն, որովայնի շրջանում ցավեր, գլխապտույտ, ընդհանուր թուլություն, շնչահեղձություն, տեսողության խանգարում (աչքերի առջև մշուշ, ցանց), երկտեսություն, ձայնի փոփոխություն (խռպոտություն, ռնգախոսություն), կլման ակտի խանգարում, բերանի չորություն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել