HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախում գրանցված 17 հազար ավտոմեքենայից ապահովագրման ենթակա է 12 հազարը

Այսօր ԼՂՀ փոխվարչապետ, ֆինանսների նախարար Սպարտակ Թևոսյանը հրավիրել է մամուլի ասուլիս, որի ընթացքում լրագրողներին  ներկայացրել է նախարարության կողմից 2010թ. կատարված աշխատանքները: Ֆինանսների նախարարը նշել է, որ հաշվետու տարվա պետական բյուջեի սեփական եկամուտների ծրագիրը կատարվել է 101,3 %-ով: Փաստացի մուտքերը կազմել են 23,7 մլրդ դրամ` նախորդ տարվա համեմատ աճելով 11,4 %-ով: Փաստացի ծախսերը` ծրագրված 64,9 մլրդ-ի դիմաց կազմել են 62 մլրդ դրամ: ՀՀ-ից ստացվել է միջպետական վարկ 33,2 մլրդ դրամի չափով: Ս. Թևոսյանը անդրադարձել է նաև նախարարության առանձին ոլորտների, մասնավորապես` բյուջետային քաղաքականության, գանձապետական համակարգի, ֆինանսական վերահսկողության, հաշվապահական հաշվառման և այլնի տարեկան գործունեությանը: Պատասխանելով գնումների գործընթացի կարգավորման վերաբերյալ լրագրողների հարցերին` փոխվարչապետն ասաց, որ ԱԺ-ի կողմից վերջերս ընդունված նոր օրենքով առաջարկվում են առավել արդիական և լիարժեք մեխանիզմներ, որոնք կբերեն գնումների համակարգի ապակենտրոնացման, գնման գործընթացի պարզեցման և հստակեցման: Ավտոմեքենաների պետական պարտադիր ապահովագրական գործընթացի վերաբերյալ Ս. Թևոսյանը նշեց, որ առաջնորդվում են ոլորտը կարգավորող ՀՀ-ի նույն օրենքներով ու կանոնակարգերով: Նրա խոսքով` հանրապետությունում գրանցված մոտ 17 հազար ավտոմեքենայից ապահովագրման ենթակա է 12 հազարը, որից շուրջ 8 հազարն արդեն ապահովագրվել է: Ս. Թևոսյանը ավելացրեց նաև, որ ծառայողական մեքենաները, որոնք մոտ 500-ն են, ևս կապահովագրվեն` տվյալ գերատեսչության նախընտրած ընկերությունում: Հարց հնչեց նաև ռազմավարական նշանակության` «Արցախգազ» և «Արցախէներգո» ընկերությունները մասնավոր ընկերությանը հանձնելու նպատակահարմարության մասին: Ս. Թևոսյանի խոսքով` այդ կառույցները շարունակելու են համարվել պետական սեփականություն,  ընդամենը կառավարումն է վստահվելու մասնավորին. Գործարքը, ըստ փոխվարչապետի, արվում է այդ ընկերությունների գործունեության արդյունավետության բարձրացման նպատակով: Լրագրողների կողմից դժգոհություն հնչեց դրամաշնորհի ձևով հասարակական կազմակերպություններին ցուցաբերվող պետական աջակցության վերաբերյալ: Ս. Թևոսյանը շեշտեց, որ պետական միջոցները կտրվեն ՀԿ-ներից ներկայացված ծրագրերը դրական եզրակացության արժանանալու դեպքում միայն` հիշեցնելով, որ հասարակական կազմակերպությունների գործունեությունը ֆինանսավորելու պարտավորություն պետությունը չունի, դա արվում է ընդամենը նրանց աշխատանքը ակտիվացնելու նպատակով: Լրագրողների հետ հանդիպմանը փոխվարչապետ, ֆինանսների նախարար Ս. Թևոսյանը պատասխանել է նաև այլ հարցերի, որոնք վերաբերում էին գյուղատնտեսական վարկերի մարման գործընթացին, թոշակները ժամանակին բաժանելուն, Վերահսկիչ պալատի կողմից վերհանված ֆինանսական խախտումների վերացմանը և այլն: Այս մասին հայտնում է ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter