Սամվել Նիկոյանը` ճարտարագիտական համալսարանի Խորհրդի նորընտիր նախագահ
Այսօր տեղի է ունեցել Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ) բարձրագույն կառավարման մարմնի` նորակազմ Խորհրդի անդրանիկ նիստը: Նիստի ժամանակ բաց քվեարկության արդյունքում միաձայն Խորհրդի նախագահ է ընտրվել ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ, նախկին պոլիտեխնիկցի Սամվել Նիկոյանը:
«Պոլիտեխնիկը հզոր կրթական կայսրություն է, որն առանցքային նշանակություն ունի մեր պետության զարգացման գործում, և ես մեծ պատասխանատվությամբ եմ ստանձնում վերջինիս Խորհրդի կառավարումը: Վստահ եմ, որ իմ և Խորհրդի անդամների համատեղ ուժերով կկարողանանք հաղթահարել այն բոլոր խոչընդոտները, որոնք ծառանում են Հայաստանի առաջատար տեխնիկական բուհի առջև»,-իր շնորհակալական խոսքում նշեց նորընտիր նախագահը:
Նշենք, որ ՀՊՃՀ կոլեգիալ կառավարման մարմինը Խորհուրդն է, որի լիազորությունների ժամկետը 5 տարի է: Խորհուրդը ձևավորվում է ՀՀ Կառավարության 2005թ. հունիսի 23-ի թիվ 975-Ն որոշմամբ սահմանված կարգով` համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի, ուսանողության, հիմնադրի (ՀՀ Կառավարություն) և պետական կառավարման լիազոր մարմնի (ՀՀ Կ և Գ նախարարություն) ներկայացուցիչներից: Համալսարանի խորհրդի անդամների թիվը 32 է, այդ թվում նաև ուսանողները (թվով` 8` Խորհրդի կազմի 25%-ը):
Հիմնադրի անունից խորհրդի անդամներ է առաջադրում ՀՀ վարչապետը` պետական պաշտոն զբաղեցնող անձանցից, իսկ լիազոր մարմինը` կրթության, գիտության, մշակույթի և տնտեսության տարբեր ոլորտների ճանաչված ներկայացուցիչներից, ինչպես նաև ճանաչված գործատուներից:
ՀՊՃՀ նախկին Խորհուրդը երկար տարիներ ղեկավարել է պետական և հասարակական ականավոր գործիչ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ՀՊՃՀ պատվավոր դոկտոր Ֆադեյ Տաճատի Սարգսյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել