
Մի քանի օր առաջ ոստիկանությունը հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ ոմն Արմեն Ն. 2010 թվականի նոյեմբերի վերջերից մինչեւ դեկտեմբերի վերջն ընկած ժամանակահատվածում Լոռու մարզի տարբեր գյուղերից գնել է 15 ձի, մորթել ու տավարի մսի փոխարեն Վանաձորի Գրիգոր Լուսավորիչ փողոցում կիլոգրամը 1500-2000 դրամով վաճառել տարբեր անձանց: Ըստ նույն հաղորդագրության` հիշյալ անձը մի քանի անգամ կգ-ն 1500 դրամով ձիու միս է վաճառել Վանաձորի կենտրոնական շուկայի մսավաճառներից մեկին, որն էլ իր հերթին կգ-ն 1500-2500 դրամով այն վերավաճառել է տարբեր քաղաքացիների:
Չսպասելով քննության ավարտին` Սննդամթերքի անվտանգության եւ անասնաբուժական պետական տեսչության Լոռու մարզային կետրոնի պետ Համլետ Վիրաբյանն ու «Վանաձոր-շուկա» ՍՊԸ-ի տնօրեն Գեւորգ Շահինյանը, երեկ հանդիպելով լրագրողների հետ, հերքեցին Վանաձոր քաղաքում ձիու մսի հնարավոր վաճառքը:
«Հերքում եմ, որ շուկայի տարածքում ձիու միս ա վաճառվել,- ասաց շուկայի տնօրեն Գեւորգ Շահինյանը, ապա շարունակեց,- մի կիլո, երկու կիլո ինչ-որ մեկը կարող ա վաճառած ըլնի, բայց, ասենք, մի կես ջանդակ հնարավոր չի: Եթե գլխաքանակի տեսքով լինի, բնական է` աչքից չի վրիպի: Ինչ վերաբերում է կտորներին, այս երկրում ոչինչ բացառել չի կարելի, կարող ա զարտուղի ճանապարհներով մի կտոր վաճառած լինեն»:
«15 ձի բացառվում ա շուկայի տարածք մտնի. միանշանակ եմ հերքում: Թե հիմի փողոցի որ անկյունում ա վաճառվել, չգիտեմ»,- ավելացրեց շուկայի տնօրենը:
Գեւորգ Շահինյանն օգնության «ձեռք մեկնեց» նաեւ տեսչության պետին. «Շուկայում չի կարող նման բան լինել: Էս մարդիկ էլ ամբողջ քաղաքի տարածքը ոնց վերահսկեն, որ ամեն անկյունը կարողանան իրանց աչքի տակ պահեն»:
Համլետ Վիրաբյանն էլ բացառեց ամբողջ քաղաքում ձիու մսի վաճառքը. «Ես հերքում եմ, որ պարբերաբար նոյեմբեր-դեկտեմբերին վաճառել ա: Դեկտեմբերի 23-ից քաղաքապետարանի կողմից եղել ա մսամթերքի բաց վաճառք, տեղ ա հատկացվել առեւտրի համար, բայց վերահսկողություն ենք իրականացրել: Ստուգման արդյունքում ձիու միս չի հայտնաբերվել: Թե քաղաքի տարբեր անկյուններում հաջողացրած լինի… »:
Հ. Վիրաբյանը մասնակիորեն հերքեց նաեւ դեպքի վերաբերյալ ոստիկանության պաշտոնական տեղեկատվությունը. «Հնարավոր չի` նրա ասած քանակի միսն էդ օրերի ընթացքում վաճառվեր: Նաղդի նշել են 15 ձի, 13-ն ա մորթվել, 2-ը ժիվոյ են, կենդանի կանգնած են»: Նաեւ հայտնեց. «Ըստ ինձ հայտնի տվյալների` միսն իրացվել ա ոսկրազատված վիճակում»:
Շուկայի տնօրենի փոխանցմամբ` շուկայում մսամթերք վաճառողները հաստիքային աշխատողներ են. կայուն աշխատավարձ են ստանում` անկախ վաճառած մսամթերքի քանակից: Գեւորգ Շահինյանը չի ուզում հավատալ, որ ձիու միսն իր աշխատակիցների միջոցով է իրացվել: Հաստատում է, որ խոսել է շուկայի մսավաճառների եւ մյուս աշխատակիցների հետ` անասնաբույժի, տեսուչի եւ, նրա խոսքով, աշխատակիցները բոլորն էլ ժխտում են, որ շուկայի տարածքում ձիու միս է վաճառվել:
Սակայն Լոռու մարզի քննչական բաժնի քննիչ Սասուն Մխիթարյանը, ով այժմ զբաղվում է դեպքի քննությամբ, հաստատեց, որ ձիու մսի վաճառքով զբաղված անձը` Արմեն Ն.-ն, տվել է կենտրոնական շուկայի մսավաճառի անունը: Նախաքննության ավարտին նրա անունը հայտնի կդառնա նաեւ շուկայի տնօրենին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել