Կստեղծվեն մշակութային ժառանգության վերականգնման ուսումնական կենտրոններ
Մշակութային ժառանգության պահպանության հիմքերի ապահովման նպատակով կստեղծվի մշակութային ժառանգության վերականգնման ուսումնական կենտրոններ: Կտարվեն աշխատանքներ դրանց նյութատեխնիկական բազայի համալրման, համապատասխան լաբորատորիաների ստեղծման, որմնանկարներ, կերպարվեստի գործեր, հուշարձաններ և մշակութային առարկաներ վերականգնող կադրերի պատրաստման համակարգի ուղղությամբ:
ՀՀ-ում ներկայումս հաշվառված ավելի քան 24000 հուշարձաններից և թանգարանային ֆոնդերում պահվող մոտ 1738678 թանգարանային միավոր առարկաներից մեծ մասն ունեն վերականգնման կարիք: Կենտրոնի ստեղծումը կապահովի մշակութային արժեքների որակյալ վերականգնում և պահպանում տեղի ներուժի միջոցով: Կենտրոնի ստեղծումից հետո նախատեսվում է այն դարձնել տարածաշրջանային, որտեղ կիրականացվեն միջազգային փորձի ուսումնասիրություն, արտերկրի մասնագետների ներգրավմամբ համատեղ դասընթացներ և սեմինարներ:
Մշակութային ժառանգության հանրահռչակման ապահովման նպատակով կտարվեն աշխատանքներ ժամանակակից տեխնիկական սարքերի միջոցով թանգարանների ցուցադրությունների ընդլայնման ուղղությամբ: Կկազմակերպվեն ՀՀ մշակույթի նախարարության թանգարանների հավաքածուների էլեկտրոնային ցուցադրություններ:
Այսօր թանգարանները ցուցադրական տարածքների սղության պատճառով հանրությանը ներկայացնում են իրենց հավաքածուների միայն 2.57%: Ժամանակակից էլեկտրոնային տեխնիկական սարքերի ներդրման միջոցով կընդլայնվեն ցուցադրության շրջանակները և լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրվի այցելուներին թանգարանի ֆոնդերում պահվող և չցուցադրվող մշակութային ժառանգության վերաբերյալ:
Մշակութային ծառայություններում սպասարկման գործառույթի բարելավման նպատակով թատերահամերգային և թանգարանային կազմակերպությունների տոմսային տնտեսությունում կներդրվեն տոմսերի էլեկտրոնային վաճառքի միասնական համակարգեր` ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների կիարառմամբ:
Տոմսերի էլեկտրոնային վաճառքի միասնական համակարգ նախատեսվում է ներդնել թանգարաններում, համերգային և թատերական պետական կազմակերպություններում և դրանց մասնաճյուղերում: Հիմնական խնդիրն է սպառողի համար տոմսերի վաճառքն առավել մատչելի դարձնելը թե' ժամանակի խնայողության, և' թե հասանելիության առումով: Ինչպես փոխանցում են նախարարության մամլո ծառայությունից, տոմսերի էլեկտրոնային համակարգի ներդրումը ենթադրում է նաև էլեկտրոնային տեղեկատվական համակարգերի պարբերական համալրում և թարմացում, ինչպես նաև միասնական էլեկտրոնային ցանցի ստեղծում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել