Երևանի երթուղային նոր ցանցը վերջնական քննարկման փուլում է
Մայրաքաղաքի հասարակական տրասպորտի հետ կապված սեպտեմբերի 27-ին անցկացված մոնիտորինգի արդյունքներն են ներկայացվել հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որը վարել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Տարոն Մարգարյանը:
Ավտոբուսային երթուղիներում սպասարկումը հիմնականում գնահատվել է բավարար, առանձին երթուղիներում շարժակազմերի ոչ բավարար քանակի պատճառով շարժման միջակայքերը եղել են երկար, մասնավորապես 22, 32, 38 և 79 համարի ավտոբուսների դեպքում:
Արձանագրվել են նաև թերություններ. առկա են շահագործման ժամկետներն անցած (հիմնականում «Ռաֆ» և «Երազ» մակնիշների), տեխնիկապես անսարք միկրոավտոբուսները, որոնք աշխատում են գերծանրաբեռնված: Առավոտյան «պիկ» ժամերին փաստացի շահագործվող միկրոավտոբուսների քանակը չի բավարարում, ինչի հետևանքով էլ կանգառներում առաջանում են կուտակումներ:
Առանձին շարժակազմերում գրացվել է ոչ բավարար սանիտարական վիճակ, վարորդների կողմից ծխելու, ուղեսրահում երաժշտություն միացնելու, ընթացքի ժամանակ բջջային հեռախոսով խոսելու և այլ դեպքեր:
Տարոն Մարգարյանը հանձնարարել է կարճ ժամկետում միջոցներ ձեռնարկել մոնիտորինգի արդյունքում արձանագրված թերությունները վերացնելու և պատշաճ ուղևորափոխադրում ապահովելու ուղղությամբ՝ շեշտելով, որ հակառակ դեպքում երթուղիները շահագործող ընկերությունները կենթարկվեն պատասխանատվության:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ՝ առաջարկվել է արագացնել մայրաքաղաքի հասարական տրասպորտի նոր երթուղային ցանցի ներդրման աշխատանքները, ինչի հիման վրա կկազմակերպվեն նոր մրցույթներ: Արդյունքում երթուղիների մի մասում կշահագործվեն մեծ տեղատարողության ավտոբուսներ, իսկ միկրոավտոբուսների մասով զգալիորեն կբարելավվի թե տեխնիկական, թե սպասարկման որակը:
Երթուղային նոր ցանցը նախնական տարբերակով արդեն պատրաստ է և վերջնական քննարկման փուլում է:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել