HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀԱԿ-ի հանրահավաքների սեզոնը կմեկնարկի փետրվարի 18-ից

Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ փետրվարի 18-ից ՀԱԿ-ը վերսկսում է հանրահավաքների սեզոնը: «Փետրվարի 19-ը կրում է խորհրդանշական իմաստ, որովհետև 2003-ի և 2008-ի ընտրությունները կեղծվել են հենց այդ օրը: Ուստի, մենք որոշել ենք փետրվարի 19-ի նախորդող ուրբաթ օրը` փետրվարի 18-ին, սկսել հանրահավաքային սեզոնը»,- ասաց Լ. Զուրաբյանը: Հանրահավաքը տեղի կունենա Ազատության հրապարակում, ժամը 17:00-ին, իսկ թե նոր քաղաքապետը իրազեկումը ի գիտություն կընդունի՞ կամ թույլ կտա՞ «նվաճել» Ազատության հրապարակը, կերևա առաջիկայում: Լ. Զուրաբյանը տեղեկացրեց, որ հանրահավաքում արծարծվելու է ժողովրդավարական ազատությունների, դրանց սահմանափակման և Հայաստանում ստեղծված ծայրահեղ սոցիալական վիճակը: Լևոն Զուրաբյանը նշեց, որ երկրում սրվել է սոցիալական վիճակը, իշխանությունները չեն կարողանում ապահովել բյուջեի անհրաժեշտ մուտքերը: Ստեղծված իրավիճակը Լևոն Զուրաբյանը համեմատեց պարենային պատերազմական դրության հետ, «Հասունանում է ժողովրդի ընդվզումը այդ սոցիալական հողի վրա»,- ասաց Լ. Զուրաբյանը: Այս իրավիճակում միակ համարժեք մոտեցումը, ըստ ՀԱԿ-ի համակարգողի, կլիներ արմատական ռեֆորմներ իրականացնելը, բայց իշխանությունները նման ռեֆորմներ կատարելու փոխարեն իրենց գործողություններով ավելի են սրում իրավիճակը: Հիմնական պատճառն այն է, որ օլիգարխների գերշահույթները սպասարկող մենաշնորհների վրա հիմնված արատավոր համակարգը չի կարող կտրել այն ճյուղը, որի վրա նստած է: «Ըստ էության, դրված է խնդիր ոչնչացնել այն խավը, որն անկախ է օլիգարխիայից»,- անդրադառնալով փոքր և միջին ձեռնարկատերերի դեմ ուղղված գործողություններին` ասաց Լ. Զուրաբյանը: ՀԱԿ-ը լրջորեն վերլուծում է իրավիճակը, Կոնգրեսը քննարկումներ է սկսել և պատրաստվում է համապատասխան հայտարարությամբ հանդես գալ: Իսկ ստեղծված համակարգը, Լևոն Զուրաբյանի գնահատմամբ, ընտրությունների կեղծիքի հետևանք է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter