HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բռնաբարության փաստը Լոռու ոստիկանապետը շրջանցեց

Լոռու մարզային ոստիկանապետ, ոստիկանության գնդապետ Անուբաղ Համբարյանը նախօրեին Վանաձորում լրագրողների հետ հանդիպմանը նշեց, թե ասուլիսի նպատակը հանրությանը ոստիկանության Լոռու մարզային վարչության և նրա ենթակա բաժինների կողմից կատարված օպերատիվ ծառայական գործունեության 2010թ.-ի արդյունքներին տեղեկացնելն է: Մարզային ոստիկանապետի տեղեկատվությունը խիստ հագեցած էր թվերով ու տոկոսներով: Անուբաղ Համբարյանն իր հաղորդած տեղեկատվության մեջ չներկայացրեց մարզում գրանցված վտանգավոր հանցագործություների ծնող պատճառներն ու դրանք կանխելու ոստիկանական միջոցառումները: Նա չանրադարձավ 2010թ.-ին Վանաձոր, Ալավերդի, Սպիտակ և մյուս քաղաքներում օրը ցերեկով, մարդաշատ վայրերում հրազենի օգտագործմամբ կատարված սպանություններին: Տեղեկատվության մեջ տեղ չէին գտել նաև մարզում տիրող օպերատիվ ներկա իրավիճակը, հանցավոր տարրերի վնասազերծումը, անչափահասների կողմից կատարվող հանցագործությունները,  ոստիկանության աշխատանքներին խոչընդոտող հանգամանքները և այլ նմանատիպ խնդիրներ: Այսուհանդերձ, Լոռու ոստիկանապետի տեղեկատվությունից պարզվեց, որ անցյալ տարի մարզում գրանցվել է հանցագործության 1229 դեպք` 2009թ.-ի 1223-ի դիմաց:  Հանցագործությունները մարզում նվազել են 6-ով: Ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ 2010-ին, մարզում հանցագործությունների առաջատարը մարզկենտրոն Վանաձորն է, որտեղ գրանցվել է հանցագործության 528 դեպք: Գրանցված առանձնապես ծանր հանցագործությունները 134-են: Աճել է թմրամոլության  ապօրինի շրջանառությունը` 40 դեպքից դառնալով 46: Գրանցված 146 մարմնական վնասվածքներից 64-ը նույնպես կատարվել է Վանաձորում: Հանցագործությունների քանակով 2-րդ տեղում է Գուգարքը` 168 հանցագործություններով, այնուհետեւ Թումանյանի տաածաշրջանն է`  Ալավերդի քաղաքով, որտեղ գրանցվել է 159, Սպիտակում` 143, Ստեփանավանում` 136, Տաշիրում` 95 հանցագործությունների դեպք: «Լոռու մարզային ոստիկանության կողմից հանցագործությունների բացահայտումը կազմում է 95 տոկոս»,- ասաց ոստիկանապետը:  Նա կարևորեց մարզում գրանված   առանձնապես ծանր 11 հանցագործությունների բացահայտումը: Լոռիում կատարվել է սպանությամբ 6 դեպք: Համբարյանը հպարտությամբ նշում է, որ 6-ն էլ բացահայտվել է: Գրանցված սպանության 1 փորձը, որը կատարվել է Վանաձորում, բացահայտված չէ և գտնվում է նախաքննության փուլում: Ըստ Համբարյանի` 100 տոկոսով բացահայտված են նաև մարզում գրանցված մարմնական ծանր վնասվածքների 146 դեպքերը: Մարզի 47 քաղաքացիներ 2010թ.-ին ինքնակամ ոստիկանությանն են հանձնել իրենց ձեռքի տակ եղած ապօրինի զենքն ու զինամթերքը. «Բայց դրա հետ մեկտեղ ոստիկանության կողմից ձեռնարկված օպերատիվ հետախուզական աշխատանքների արդյունքով հայտնաբերվել է զենքի և զենամթերքի ապօրինի օգտագործման 61 դեպք:  Բոլոր դեպքերն էլ բացահայտվել են, բացահայտումը կազմում է 100 տոկոս»,- ասաց բանախոսը: Վերջինս նաև տեղեկացրեց , որ Լոռիում, թեև թրաֆիքինգի դեպքեր չկան, սակայն հայտնաբերվել են պոռնկության 4, պոռնկությանը նպաստելու 9, թմրանյութեր տարածելու 1 դեպքեր: Բռնաբարության դեպք չի արձանագրվել, սակայն սեռական ոտնձգության 12 դեպք է գրանցվել. «12-ն էլ բացահայտված է»: Ոստիկանապետը շրջանցեց Լոռու մարզի Նեղոց համայնքում 2010թ.-ին 3 անչափահասների կողմից 11-ամյա Մ. Գ.-ի բռնաբարության փաստը, որին կասկածելի հանգամանքներում 9 օր շարունակ չէր արձագանքել ոստիկանության Թումանյանի բաժինը:  Անչափահասի բռնաբարության փաստով Ալավերդու քննչական բաժնում քրեական գործ հարուցվեց միայն «Հետքի» ահազանգից հետո, որը, սակայն, ամիսներ անց փակվեց Ալավերդու քննչական բաժնի պետ Ռուդիկ Ստեփանյանի կողմից: Նախաքննության ընթացքում 11-ամյա Մ. Գ. ուղարկվեց Վանաձորի մանկատուն, իսկ հարազատ հայրը, թողնելով երեխային` մեկնեց Ռուսաստան: Մարզում կատարված անձնական ունեցվածքի, 265 գողությունների, այդ թվում` բնակարանային 62 գողությունների փաստը, ըստ Համբարյանի, նույնպես 100 տոկոսով բացահայտված է: Նա տեղեկացրեց, որ 2010թ.-ին բացահայտվել է նաև 10 տարի առաջ Ալավերդիում Կիլինկարովների կողմից կատարված սպանությունը, եւ գործն այժմ դատարանում է. «Ակտիվ աշխատանք ենք կատարել Ռուսաստանի Դաշնության մեր գործընկերների հետ և հանցագործին տեղափոխել ենք Հայաստան»: Նա կարևորեց նաև մեծ հնչեղություն ստացած Լոռու մարզի դատախազ Ալբերտ Մկրտչյանի, Կախյանների ընտանիքի և չբացահայտված մյուս սպանությունների բացահայտումը` միաժամանակ նշելով, որ չբացահայտված 7 սպանություններից 2-ն արդեն բացահայտվել են: Արմեն Կիլիկարովի արդարացման մասին լուրերին ի պատասխան` ոստիկանապետը նկատեց. «Միայն դատարանը կարող է ասել` անձը հանցագո՞րծ է, թե՞ ոչ: Ես ասացի` առաջադրվել է մեղադրանք Կիլինկարովներին և ուղարկվել է դատարան: Մեր ունեցած օպերատիվ տեղեկությունով` Արմեն Կիլինկարովի հանցագործությունը լիովին հիմնավորված է: Դատարանը կորոշի, որից հետո ես կարող եմ ասել իմ խոսքը»: Անցյալ տարվա հոկտեմբերի 16-ին հրազենով սպանվեց ալավերդցի Ռոբերտ Մոսինյանը: Դեպքի առնչությամբ ոստիկանապետն ասաց. «Սպանությունը կատարվել է Ալավերդի քաղաքի բնակիչ Կամո Շահվերդյանի կողմից: Նրան հայտարարված է հետախուզում, առաջադրված է մեղադրանք: Իսկ մյուս կողմից խուլիգանության համար կալանավորված է 3 անձ»: Ա. Համբարյանը թեեւ հայտարարեց, որ անդրադառնալու է նաեւ ոստիկանության աշխատանքների թերություններին, սակայն նման բան այդպես էլ չարեց:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter