Ս. Օհանյանի ելույթը բանակի տարեդարձին նվիրված միջոցառման ժամանակ
«2011 թվականը հոբելյանական տարի է հայ ժողովրդի համար. հանդիսավորությամբ նշելու ենք մեր նորագույն պատմության կարևորագույն իրադարձության` հայոց նոր պետականության` Հայաստանի Երրորդ Հանրապետության հռչակման 20-ամյակը: Անչափ խորհրդանշական է, որ այս տարվա առաջին համապետական միջոցառումը տեղի է ունենում այսօր` Հայոց ազգային բանակի կազմավորման 19-րդ տարեդարձի օրը:
Պատմական հայտնի ճշմարտություն է` ժողովուրդներին անկախությունը ոչ թե տրվում է, այլ այն նվաճում են համաժողովրդական պայքարի, նվիրյալ հերոսների արյան գնով: Հայաստանի երրորդ հանրապետությունը ծնվեց պատմաքաղաքական բարդ իրավիճակում հարևան հանրապետության կողմից սանձազերծված բացահայտ պատերազմի պայմաններում: Այդ հիրավի համաժողովրդական պայքարի առաջապահն ինքնաբուխ կազմավորված ինքնապաշտպանական կամավորական ջոկատներն էին` հայրենանվեր ու անձնազոհ ազատամարտիկներով, որոնցից շատերն իրենց կյանքը նվիրաբերեցին մեր նոր պետականության վերածննդի զոհասեղանին: Հայոց բանակը համազգային սիրո, նվիրումի և զոհողությունների արգասիքն է: Եվ ի պատասխան այդ սիրո`քաջ գիտակցելով իր դերը` հայ զինվորականությունը պատվով կատարել և շարունակում է իր առաքելությունը` հուսալիորեն պաշտպանելով հայոց սահմանների անվտանգությունը և ժողովրդի խաղաղությունը:
Բանակաշինության նախորդ տարիներն անցան տարածաշրջանում պահպանվող ռազմաքաղաքական լարվածության, հարևան պետության կողմից սպառազինման, ուժի սպառնալիքի կիրառման քաղաքականության և ցանկացած պահի պատերազմի սանձազերծման մշտական հնարավորության պայմաններում: Այո, մենք ունենք բազմաթիվ արտաքին մարտահրավերներ, բայց դրանք միշտ էլ եղել են ու կլինեն, և դրանց դիմագրավելու համար անհրաժեշտ է զգոն ու պատրաստ լինել, անընդհատ կատարելագործել և հզորացնել զինված ուժերը: Այս գիտակցությամբ և կարգախոսով պիտի սկսվի յուրաքանչյուր բանակային օր:
Հոգսերով, ծանրաբեռնվածությամբ ու վերելքներով էր հագեցած նաև 2010 թվականի բանակային առօրյան: Նպատակային աշխատանքներ են կատարվել մարտական ու զորահավաքային պատրաստականության ուղղությամբ, կատարելագործվել է զորակոչի ու զորահավաքի, զորամասերի, զինկոմիսարիատների և տեղական ինքնակառավարման մարմինների փոխգործակցության գործընթացը: 2010թ. աշնանային զորակոչով զինված ուժերին միացան Անկախ Հայաստանում ծնված առաջին զորակոչիկները` մեր բանակի համար բացելով զարգացման որակական մի նոր էջ, երբ Հայրենիքի պաշտպանության գործը ստանձնում են անկախության միջավայրում մեծացած երիտասարդները:
Այսօր արդեն կարելի է վստահորեն ասել, որ անհրաժեշտության դեպքում «Համազգային բանակի» ստեղծումը սոսկ գաղափար չէ, այլ հստակ մշակված և միանգամայն իրագործելի ծրագիր: Եվ հենվելով զինված ուժերում կատարված աշխատանքների, բանակ-ժողովուրդ ամուր կապի ու փոխադարձ վստահության վրա` մենք պատրաստ ենք կատարելու Պաշտպանության բանակում անցկացված հակահարձակողական զորավարժությունից հետո իր ելույթում հանրապետության Նախագահի տված պատվիրանը. «Եթե պահը գա, եթե մեզ պարտադրեն, ապա այս անգամ մեր հարվածը պետք է լինի կործանարար ու վերջինը»:
Ծավալով աննախադեպ էին տարվա ընթացքում կատարված ինժեներական աշխատանքները, որոնց արդյունքում պետական սահմանները դարձել են էլ ավելի անառիկ, իսկ առաջնային գծում պաշտպանությունը և մարտական հերթապահության կրումը` ավելի արդյունավետ և անվտանգ: Կարևոր է նշել նաև, որ այս աշխատանքները սահմանամերձ բնակավայրերում նպաստեցին բնակչության անվտանգության ապահովմանն ու նրանց վստահության ձևավորմանը: Պետական հոգածության շնորհիվ էական տեղաշարժեր են արձանագրվել զորքերը զինամթերքով, հրթիռահրետանային, ՀՕՊ և այլ նորագույն սպառազինությամբ համալրելու, հայրենական արտադրության միջոցներով արդիականացնելու գործընթացում, ինչի արդյունքում բարձրացել է բանակի մարտունակության աստիճանը, մեծացել են կրակային խոցման հնարավորությունները:
Զինծառայողների բնակկենցաղային պայմանների բարելավման և բնակարանային ապահովման արդյունքում էլ ավելի բարենպաստ պայմաններ ստեղծվեցին անձնակազմի բուժսպասարկումը, սնունդը, հանգիստն ու ազատ ժամանցը կազմակերպելու համար:
Շարունակվեցին համակողմանի ռազմաքաղաքական հարաբերություններն ինչպես ՀԱՊԿ-ի, այնպես էլ ՆԱՏՕ-ի անդամ երկրների հետ: Ռազմական համագործակցության տարբեր ծրագրերը ոչ միայն նպաստում են միջազգային ասպարեզում մեր զինված ուժերի հեղինակության բարձրացմանը, մեզ համար անվտանգության երաշխիքներ ապահովում, այլև ամբողջանում են մեկ միասնական նպատակի շուրջ, այն է` ՀՀ զինված ուժերի կայուն զարգացում և միջազգային ինտեգրում:
Հիշատակելի է, որ ՀԱՊԿ շրջանակներում Օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի «Փոխգործակցություն - 2010» օպերատիվ-մարտավարական զորավարժության ժամանակ մեր մոտոհրաձգային վաշտն արժանացավ զորավարժության ղեկավարության գավաթին, և այս տարի նմանատիպ զորավարժություն կանցկացվի արդեն Հայաստանում:
2010 թվականը բանակում հայտարարված էր «Գիտելիքի տարի», ինչը վկայում է, թե հրամանատարությունը որքան է կարևորում անձնակազմի մարտական պատրաստությունը, բոլոր օղակների հրամանատարների կողմից մասնագիտական, իրավական, մեթոդական, մանկավարժական գիտելիքների յուրացման, անձնակազմի շրջանում պետական մտածողության, ազգային, մշակութային և հոգևոր արժեքների հանդեպ սիրո ու հավատարմության զգացումների ձևավորման խնդիրները:
Հայ զինվորը ոգով ամուր է, քաջարի, վտանգի պահին առնական: Հանդիսավոր այս օրը ինչպե՞ս չհիշենք 2010 թվականին հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբերի ոչնչացմանը մասնակցած կամ մարտական բարդ առաջադրանքներ կատարած, սեփական անձը վտանգելով մարտական ընկերոջ կյանքը փրկած զինվորների սխրանքները, ովքեր արժանիորեն պարգևատրվեցին պետական ու գերատեսչական մեդալներով: Ինչպե՞ս չփառավորվենք` հիշելով ժամկետային զինծառայողներ Արման Մանուկյանին, Խաչատուր Բաղդասարյանին, ովքեր ձեռնամարտում հաղթել էին հակառակորդի հատուկ ստորաբաժանման դիվերսանտին: Մեր բանակում շատ են նման զինվորներն ու սպաները, նման զինծառայողներով են ամուր զինված ուժերի շարքերը ու հայրենիքի սահմանները: Թեև օրը տոնական է, սակայն ցանկանում եմ նաև նշել, որ մեր հաջողությունների և կատարված մեծածավալ աշխատանքների վրա ստվեր գցեցին տեղի ունեցած ցավալի դեպքերը` անփարատելի վիշտ պատճառելով ոչ միայն զոհվածների ծնողներին և հարազատներին, այլ նաև մեզ բոլորիս: Ես` որպես պաշտպանության նախարար ու նաև որպես հայ մարդ ու քաղաքացի, միանգամայն բնական եմ համարում զինված ուժերի նկատմամբ հասարակության ուշադրությունը, իսկ տարբեր խախտումների ժամանակ համապատասխան քննադատությունը, որը, բացի այն դեպքերից, երբ պարզապես չարախոսություն և նույնիսկ չարախնդություն ես տեսնում, օգնում է մեզ հետագա աշխատանքներում ու նաև ապացուցում, որ բանակը շարունակում է մնալ հանրության հոգածության ներքո, և որ տարեցտարի զինված ուժերը ավելի թափանցիկ ու վերահսկելի է դառնում մեր հասարակության համար:
Գաղտնիք չէ, որ բանակը հանրապետության երիտասարդական ամենամեծ կառույցն է, որտեղ շատ հաճախ անխուսափելիորեն ներթափանցում են արատավոր երևույթներ: Մենք անխոնջ պայքար ենք մղելու դրանց դեմ, որպեսզի բանակն իր կազմավորման երրորդ տասնամյակ ոտք դնի էլ ավելի մարտունակ ու կարգապահ` պահպանելով ժամանակակից ռազմական արվեստին և չափանիշներին համապատասխանելու իր միջազգային վարկանիշը: Հայոց ազգային բանակը ստեղծվել և այսօր էլ հզորանում է մեր ժողովրդի շնորհիվ: Շարունակենք ծնողի խստապահանջ հոգատարությամբ և մշտական ուշադրությամբ շրջապատել բանակը, և միայն այդ կերպ հնարավոր կլինի նրա շարքերը դարձնել կուռ ու անսասան: Այսօրվա զինվորը երեկվա դպրոցականն ու ուսանողն է, և ընտանիքում, դպրոցում, ուսանողական լսարանում չհոգալ հայրենիքի ապագա զինվորների ռազմահայրենասիրական դաստիարակության մասին նշանակում է վտանգել պետության երթը դարերի միջով:
2010 թվականին հանդիսավորությամբ նշվեց Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 65-րդ տարեդարձը: Տոնական հանդիսությունները վերածվեցին հաղթանակած երեք սերունդների` Մեծ հայրենականի և Արցախյան ազատամարտի վետերանների, հայրենիքի այսօրվա պաշտպանների մեծարման միջոցառումների: Մենք պարտավոր ենք ակնածանքով վերաբերվել բոլոր վետերանների անցած ուղուն, եկող սերունդներին փոխանցել հայոց զինական ուժը տարբեր ժամանակներում փառքով պսակած հերոսների ուսանելի օրինակը: Շարունակելու ենք ամենօրյա հոգածությամբ շրջապատել վետերաններին` նրանց կյանքի և գործի խորհուրդը, մարտական փառքի ավանդույթները փոխանցելով զինվորականների ներկա սերնդին:
Հանդիսավոր այս պահին զեկուցում եմ, որ Հայաստանի զինված ուժերը, առաջնորդվելով «ՀՀ զինված ուժերի պատրաստությանը և պաշտպանական բարեփոխումներին որակական առաջընթաց» կարգախոսով, պատվով շարունակելու է կատարել իր առաքելությունը, հուսալիորեն պաշտպանելու է հայրենիքի սահմանների անդորրը և հայ ժողովրդի խաղաղությունը բոլոր ոտնձգություններից:
Հարգելի հայրենակիցներ
Սեպտեմբերի 21-ին, ի նշանավորումն Հայաստանի Հանրապետության 20-րդ տարեդարձի, մայրաքաղաք Երևանում կայանալու է ՀՀ զինված ուժերի զորահանդես:
Պատմությունը նման զորահանդեսներ անցկացնելու իրավունք արտոնում է միայն հաղթանակած, իր կենսական և հոգևոր ուժերին վստահ ժողովուրդներին:
Հայ ժողովուրդը իրավամբ վաստակել է այդ իրավունքը: Այդ օրը, ի տես աշխարհի, Հանրապետության հրապարակով անցնելու են հաղթանակած հայ զինվորների խրոխտ շարասյուները, և կասկածից վեր է, որ Զորահանդեսը վերածվելու է ապրելու, հաղթելու և հարատևելու անընկճելի ոգով ու բացառիկ տաղանդով օժտված հայ ժողովրդի Հաղթահանդեսի: Խորհրդանշական այս տարում, երբ լրանում է անկախ պետականության 20-ամյակը, երբ մենք գնում ենք զինված ուժերի 20-րդ տարեդարձին ընդառաջ, եկեք հիշենք նաև, որ 2011 թվականին նշվում է անկախ ու հզոր Հայաստանի մասին բոլոր ժամանակների ամենամեծ երազողներից մեկի` Գարեգին Նժդեհի ծննդյան 125-ամյակը: Հիշենք ու այս տարի առաջնորդվենք նժդեհյան գաղափարներով, նժդեհյան ոգով, սեփական կոչմանն ու հայրենիքին նվիրվածության նժդեհյան օրինակով:
Շնորհավորելով բոլորիս` ողջ հայ ժողովրդին, Հայոց ազգային բանակի կազմավորման 19-րդ տարեդարձի առթիվ` ցանկանում եմ մաղթել տոկունություն, դեպի նոր հաղթանակներ գնալու կամք, միասնականություն և ուժ` ազգային ամենանվիրական երազանքներն իրականացնելու համար:
Փառք Հայաստանի Հանրապետությունը շենացնող և հզորացնող հայ ժողովրդին:
Հավերժ փառք Հայրենիքի համար ընկած նվիրյալներին:
Իր առաքելության ճանապարհին ոգու կորով, հաստատակամություն և աննահանջ հավատ «Հայրենյաց պաշտպանի» վեհ կոչումը կրող հայ զինվորականությանը:
Փառք ու պատիվ այսօրվա հոբելյարին` բոլորիս հպարտության առարկա Հայոց բանակին»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել