Մինչև տարեվերջ նոր քոլեջների թիվը կհասնի 12-ի
Հոկտեմբերին Եվրամիության աջակցությամբ ՀՀ կրթության և գիտության նախարարությունը կբացի ժամանակակից տեխնիկական միջոցներով հագեցած և բարեկարգված 4 քոլեջ: Իսկ մինչև տարեվերջ նախկին միջին մասնագիտական կրթական հաստատությունների հենքի վրա ստեղծված նոր քոլեջների թիվը կհասնի 12-ի: Այս մասին հայտնել է ՀՀկրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Ռաուլ դե Լյուցենբերգերի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:
Մասնագիտական կրթության ոլորտի բարեփոխումների ծրագրում ներառվել է 12 միջին մասնագիտական կրթական հաստատություն. ընտրվել է յուրաքանչյուր մարզից մեկական քոլեջ և երկուսը՝ մայրաքաղաքից: ԵՄ-ի հատկացրած դրամաշնորհով հիշյալ 12 քոլեջները հիմնովին վերեկառուցվել ու նորոգվել են, զինվել նորագույն համակարգչային և լաբորատոր սարքավորումներով:
Անդրադառնալով բարեփոխումների բովանդակային բաղադրիչին՝ նախարարը նշել է. «Լուրջ ուշադրություն է դարձվել միջին մասնագիտական կրթության բովանդակության թարմացմանը: Միայն այս տարի մշակվել են 20 առարկայական նոր չափորոշիչներ: Իրականցվել է ոլորտում դասավանդող դասախոսների և մանկավարժական կադրերի վերապատրաստում»:
Արմեն Աշոտյանի խոսքերով՝ տարիներ շարունակ միջին մասնագիտական կրթության համակարգն անտեսված է եղել, և հանրության մեջ ավելի մեծ պահանջարկ է ունեցել բուհական կրթությունը: Վիճակագրական տվյալներով՝ ՀՀ-ում բարձրագույն ուսումնական հաստատությունում սովորող երեք ուսանողին բաժին է ընկնում մեկ միջին մասնագիտական կրթական հաստատության ուսանող, մինչդեռ զարգացած տնտեսություն ունեցող երկրներում այդ հարաբերակցությունը ճիշտ հակառակն է:
Դեսպան Ռաուլ դե Լյուցենբերգերը շեշտել է, որ Եվրամիությունը վերջին 8 տարում ակտիվորեն աջակցել է Հայաստանի կրթության ոլորտի բարեփոխումներին՝ հիմնական թիրախ ընտրելով մասնագիտական կրթության և ուսուցման համակարգը:
«Համատեղ աշխատանքի շնորհիվ հասել ենք շատ լուրջ արդյունքների, մեզ հաջողվել է մարզերում ձևավորել մասնագիտական կրթության ժամանակակից կենտրոններ»,- ասել է նա:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել