Հարկադիր կատարման ծառայության ղեկավարը ամենազոր է
Արդարադատության նախարարը` քավության նոխազ
2010 թվականի դեկտեմբերի 10-ին «Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայությունը մամլո հաղորդագրություն տարածեց այն մասին, որ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը նամակ է ուղարկել ՀՀ վարչապետին` Արդարադատության նախարարին աշխատանքից հեռացնելու պաշտոնական հիմնավորման հետ կապված:
Պատգամավորի բարձրացրած հարցերն էին.
«1. Ինչո՞ւ հեռուստալրատվամիջոցները պաշտոնապես չեն հրապարակել ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի էթիկայի խախտման փաստի մասին լուրը, որպեսզի հասարակությունը ընկալի հրամանագիրը: «ԴԱՀԿ ծառայության մասին» ՀՀ օրենքի 36-րդ` «Կարգապահական տույժը կիրառելու եւ տույժը հանելու կարգը» հոդվածի 1-ին կետում գրված է. «Կարգապահական տույժը նշանակվում է, եթե վեց ամսից ավելի չի անցել կարգապահական խախտումը հայտնաբերելու օրվանից` չհաշված հիվանդությունը կամ արձակուրդում գտնվելը. ընդ որում, նշանակվող տույժը պետք է համապատասխանի կատարված խախտման բնույթին եւ վտանգավորության աստիճանին»:
1. Ե՞րբ է խախտումը տեղի ունեցել, անցե՞լ է արդյոք այն վեց ամիսը, որի ընթացքում պետք է նշանակվեր կարգապահական տույժը, կամ գուցե նախարարը, կատարված խախտման վտանգավորության աստիճանը հաշվի առնելով, Օրենքի 35-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն պատրաստվում էր դիմել Նախագահին` ծառայությունից ազատելու միջնորդությամբ:
2. Ի՞նչ է նշանակում էթիկայի կանոնների լուրջ խախտում, եւ ի՞նչ եք ակնկալել նախարարից որպես հրապարակային պատիժ:
3. Արդյո՞ք էթիկայի կանոնները լրջորեն խախտած ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը շարունակում է աշխատել իր պաշտոնում:
4. Ինչո՞ւ օրենքները խախտած պետական պաշտոնյաները օրենքով չեն պատժվում:
5. Որպես պատգամավորներ, մենք կարող ենք վկայել, որ Կառավարության անդամներից շատերն են իրենց աշխատանքային պարտականությունները ոչ պատշաճ կատարում եւ շատ ավելի վատ, քան Արդարադատության նախարարը:
Ինչքանո՞վ է արդարացի ՀՀ Նախագահի հրամանագիրը` հատկապես նրա նկատմամբ:»:
Վերոնշյալ նամակի պատասխանը պատգամավորը ստացել է 2010 թվականի դեկտեմբերի 29-ին, որն ամբողջությամբ ներկայացնում ենք հասարակությանը:
«Ի պատասխան Հայաստանի Հանրապետության վարչապետին ուղղված Ձեր 10.12.2010թ ԺԽ-Ե-0785/10 թիվ գրության հայտնում ենք հետեւյալը. «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» ՀՀ օրենքի 19–րդ հոդվածով սահմանված են այն կարգապահական տյուժերը, որոնք կարող են կիրառվել ԴԱՀԿ ծառայողի կողմից վարքագծի կանոնները ոչ պատշաճ կատարելու համար, իսկ 35–րդ հոդվածը սահմանում է հարկադիր կատարողի, այդ թվում գլխավոր հարկադիր կատարողի նկատմամբ կարգպահական տույժ կիրառելու հիմքերը, կարգն ու պայմանները:
ԴԱՀԿ ծառայողի վարքագծի կանոնները սահմանված են Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի փետրվարի 19–ի «Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայողի վարքագծի կանոնները հաստատելու մասին» N 157–Ն որոշմամբ: Գլխավոր հարկադիր կատարողի նկատմամբ կարգապահական պատասխանատվության ենթարկելու արդարադատության նախարարին տրված հանձնարարականն անմիջապես հաջորդել է խախտման փաստին:
Օրենքով չի սահմանում խախտման ուղղակի համադրում կարգապահական տույժի տեսակին եւ, հետեւաբար, կարգապահկան տույժ կիրառող սուբյեկտները, իրենց հայեցողությամբ, կարող են կիրառել օրենքով սահմանված տյուժերից որեւէ մեկը: Ադարադատության նախարարը կարող էր իր հայեցողությամբ կիրառել կարգապահական տյուժերից որեւէ մեկը, այդ թվում միջնորդել Հայաստանի Հանրապետության Նախագահին` գլխավոր հարկադիր կատարողի նկատմամբ կիրառել «ծառայությունից ազատում» կարգապահական տյուժը:
Սակայն, դրանից հետո ավելի քան մեկ ամիս արդարադատության նախարարի կողմից հանձնարարականի կատարման ուղղությամբ որեւէ գործողություն չի կատարվել: Օրենսդրորեն գլխավոր հարկադիր կատարողի կողմից թույլ տրված խախտման բնույթն ու բովանդակութունը չի համադրվում արդարադատության նախարարի կողմից թույլ տրված խախտման առնչությամբ կիրառվող պատասխանատվության տեսակի ընտրության հետ: Խախտում թույլ տված երկու պաշտոնատար անձիք ենթարկվել են կարգապահական պատասխանատվության` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, պայմաններով եւ ժամկետներում:
Միաժամանակ, «օրենքները խախտած պետական պաշտոնյաներին» չպատժելու վերաբերյալ Ձեր պնդումների առնչությամբ հայտնում ենք մեր պատասխանատվությունը քննարկման առարկա դարձնել համանման դեպք: Հարգանքներով` Դավիթ Սարգսյան» P.S. Հավելում ենք, որ նախորդ հաղորդագրության վերնագիրը ստիպված ենք պահպանել, քանի որ Կառավարության աշխատակազմի ղեկավարի պատասխանում հաստատվել է այն միտքը, որ նախարարի կողմից ծեծողին ուշացումով նկատողություն տալն ավելի մեծ մեղք է, քան ԴԱՀԿ պետի կողմից մարդ ծեծելը: ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավարը պատրաստակամություն է հայտնել քննարկման առարկա դարձնել համանման ցանկացած դեպք` համարելով այս դեպքը քննարկված:
Չհամաձանելով այս մտքի հետ, շարունակում ենք պնդել, որ ԴԱՀԿ ղեկավարն իր արարքի համար ոչ միայն պետք է հեռացվի աշխատանքից, այլեւ պետք է քրեական գործ հարուցվի նրա նկատմամբ: Հակառակ դեպքում, ինչպես եղավ նախկին քաղաքապետի պարագայում, անպատժելիությունից ոգեւորված, նա կրկին մարդ ծեծեց: Այս պատասխանը հերթական անգամ փաստում է, որ այսպիսին է մեր պսեվդոարդարադատական համակարգը` մարդուն սպանելու, ծեծելու, բյուջեի գումարների գողության համար, իսկ ամենամեծ պատիժը` պաշտոնյային աշխատանքից ազատելը կամ նկատողություն տալն է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել