HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Զանգվածային ցույցեր Եգիպտոսում. կառավարությունը հրաժարական է տվել

Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքը կառավարությունից պահանջել է հրաժարական տալ այն բանից հետո, երբ բազմահազար եգիպտացիներ, չնայած երկրում հայտարարված պարետային ժամին, շարունակում են բողոքի ցույցերը և երկրում փոփոխություն պահանջում: «Ես այսօր կառավարությանը խնդրել եմ հրաժարական տալ: Վաղը ես կհանձնարարեմ նոր կառավարություն ձևավորել»,- ասել է Մուբարաքը կեսգիշերն անց ժողովրդին ուղղված իր խոսքում: Մուբարաքի ելույթի ժամանակ նոր տանկեր են մտել երկրի գլխավոր քաղաքներ այն բանից հետո, երբ արդեն իսկ բախումներ էին եղել ոստիկանության և ցուցարարների միջև: Կահիրեում և Ալեքսանդրիայում ցուցարարներն այրել են ոստիկանական շատ բաժանմունքներ ու շրջել մեքենաներ: Ցուցարարները նախագահ Հոսի Մուբարաքից պահանջում են հեռանալ իշխանությունից կամ առնվազն նախաձեռնել տնտեսական ու քաղաքական արմատական բարեփոխումներ: «Մենք աշխարհի ամենահարուստ երկրներից մեկն ենք և մենք ուզում ենք ապրել: Թող նոր կառավարություն ձևավորվի: Բայց եթե մենք չստանանք մեր ուզածը, նորից ու նորից ենք փողոց դուրս գալու»,- CNN-ին ասել է 20-ամյա ուսանող Մուհամեդը, որին ազգանունը լրատվամիջոցը չի նշում` անվտանգությունից ելնելով: Եգիպտոսի երկրորդ ամենամեծ քաղաքի` Ալեքսանդրիայի մեկ այլ ցուցարար` տաքսու 18-ամյա վարորդ Յուսուֆը կարծում է, որ Եգիպտոսի նախագահը նման շանսի արժանի չէ: Նա ասում է, որ եգիպտացիները պետք է այնպիսի ճնշումներ գործադրեն իշխանության վրա, որ Եգիպտոսում տեղի ունենա այն, ինչ տեղի ունեցավ Թունիսում: Մեկշաբաթյա հակակառավարական ցույցերից հետո Թունիսի նախագահը փախավ երկրից 23 տարի իշխանության ղեկին մնալուց հետո: «Նրանք շարունակեցին ցույցերը, մինչև նա փախավ երկրից,- Թունիսի օրինակն է բերում Յուսուֆը:- Մենք շատ ավելին կանենք: Մենք կշարունակենք մեր ցույցերը և կանենք 3000 անգամ ավելի, քան արեցին թունիսցիները»: Հոսնի Մուբարաքը ղեկավարում է Եգիպտոսը 30 տարի: Այս ընթացքում Եգիպտոսը կայացավ որպես տարածաշրջանի ամենակարևոր տերություններից և ԱՄՆ-ի ուժեղ դաշնակիցներից մեկը: Միևնույն ժամանակ երկարամյա ղեկավարը և նրա վարչախումբը ձեռք բերեցին ազատությունները սահմանափակողի և ամբողջ իշխանությունն իրենց ձեռքում կենտրոնացնողի հեղինակություն: Նախկինում իշխանությունը հաճախ մեղմել է ժողովրդի դիմադրությունը` քաղաքական խուսանավումների կամ ոստիկանության միջոցով, որի աշխատակիցներն այս շաբաթ կազմ ու պատրաստ կանգնած էին քաղաքի փողոցներում: Բայց նախկինում ոստիկանները չէին հանդիպել ընդդիմության, որն այսքան բազմամարդ և վճռական էր: Եգիպտոսի ամենամեծ ընդդիմադիր դաշինքը` «Մահմեդական եղբայրությունը», իր կողմնակիցներին կոչ է արել մասնակցել ցույցերին ուրբաթ օրն ավարտված մեկշաբաթյա աղոթքներից հետո: Երեկ ընդդիմության առաջնորդ, Նոբելյան մրցանակի դափնեկիր Մուհամեդ Էլ Բարադեյը Կահիրեում մասնակցել է ցույցերին: Նա Եգիպտոս էր վերադարձել նախորդ օրը: Սակայն երեկ Էլ Բարադեյը տնային կալանքի է ենթարկվել: ՄԱԿ-ի մարդու իրավունքների բարձր հանձնակատարը երեկ հայտնել է, որ կառավարությունն ավելի քան 1000 մարդու է ձերբակալել: Երեկ Կահիրեում` Նեղոսի ափերին, Ալեքսանդրիայում` Սուեզի ջրանցքի մոտ, և Եգիպտոսի այլ վայրերում ցուցարարներն անընդհատ վանկարկում էին «Ազատություն»: Ցուցարարները վազել և անցել են ոստիկանական մեքենաներից, որոնք արցունքաբեր գազ են կրակել: Սակայն դա արդյունավետ չի եղել: Այլ վայրերում ցուցարարները հրդեհել և ավիրել են Մուբարաքի ղեկավարած Ազգային ժողովրդավարական կուսակցության շտաբերը: Երբ ցուցարարները սկսել են պտտվել Տեղեկատվության նախարարության շենքի շուրջ, ոստիկանները կրակ են բացել: Հայտնի չէ` նրանք օ՞դ են կրակել, թե՞ ցուցարարների վրա, ռետինե՞, թե՞ մարտական փամփուշտներ են օգտագործել: Նմանապես հայտնի չէ` որևէ մեկը վիրավորվել կամ զոհվե՞լ է: Կահիրեի բնակիչ Մուհամեդ Մանսուրը CNN-ին ասել է, թե ոստիկանները հարձակվել են իր և իր ընկեր մյուս ցուցարարների վրա ու ծեծել երկուշաբթի օրը, երբ սկսվեցին ժողովրդական անկարգությունները: Ավելի ուշ` ուրբաթ օրը, Մանսուրի խումբը շարունակել է կռիվը և իր հերթին ծեծել ոստիկաններին, որոնք հետ էին քաշվում: Մանսուրի խոսքերով` այնուհետև ցուցարարները հրդեհել են ոստիկանության 3 բաժանմունք և մոտ 20 մեքենա: «Մենք այսօր ոտքի ենք կանգնել և պատրաստ ենք մեռնելու, որպեսզի մեր երեխաները կարողանան արժանապատիվ ապրել»,- CNN-ին ասել է Մուհամեդ Մանսուրը: Եգիպտոսի բանակայինների հետ ցուցարարների հանդիպումը շատ ավելի ընկերական է եղել: Բանակը շատ հարգված է Եգիպտոսում: Կահիրեում և Ալեքսանդրիայում շատ ցուցարարներ ողջունել են զորքերին, գրկել նրանց ու ծափահարել, ոմանք սեղմել են զինվորների ձեռքը: Կահիրեի բնակիչ Մանսուրն ասել է, որ ինքն ու ընկերները շատ են ուրախացել, երբ տեսել են քաղաք մտնող զինվորներին: «Դա նշանակում է, որ մենք հաղթում ենք: Եթե բանակը դուրս է գալիս փողոց, նշանակում է, որ կառավարությունն այլևս չի վերահսկում իրավիճակը»,- ասել է Մանսուրը: Չնայած երկրում պարետային ժամ է հայտարարված` երեկ մարդիկ շարունակում էին մոտենալ զինվորներին, ողջունել նրան և լուսանկարվել տանկերի կողքին: Որոշ ջոկատներ տեղակայվել են այրված ոստիկանական բաժանմունքների կողքին, սակայն զինվորականները քիչ բան են արել, որ մարդկանց արգելեն մտնել ոստիկանական բաժանմունքներ և այնտեղից դուրս բերել աթոռներ, սեղաններ և այլ արժեքավոր իրեր: Լուսանկարները` flickr.com-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter