HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

«Դատալեքսը» քաղաքացիների համար ավելի շուտ «կոֆեի ապարատ» է, քան տեղեկատվական միջոց

2010թ. արդարադատության նախարարությանը հոլանդական դրամաշնորհային ծրագրով 435 մլն 484 հազ. 100 դրամ է հատկացվել Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող դատաիրավական բարեփոխումների երկրորդ ծրագրի շրջանակներում: Ինչպես «Հետքին» տեղեկացնում են ԱՆ «Դատաիրավական բարեփոխումներ ԾԻԳ»-ից, հոլանդական դրամաշնորհով հատկացված միջոցները հիմնականում ուղղվել են դատաիրավական համակարգում ինստիտուցիոնալ բարեփոխումներ իրականացնելու և հանրային իրազեկումը բարձրացնելու նպատակով իրականացվող ծրագրերի ֆինանսավորմանը: «Տարվա արդյունքներով այդ դրամաշնորհային ծրագրով փաստացի ծախսվել է 619 մլն 728 հազ. դրամի չափով գումար: Տվյալ աղբյուրից ծախսերի ֆինանսավորման նախապատվությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ հոլանդական դրամաշնորհի ծրագիրը չի պահանջում պետական բյուջեի միջոցների համաֆինանսավորում, և դրա գործողության ժամկետը ավարտվում էր 2010թ. դեկտեմբերի 31-ին»,- ասում է «Դատաիրավական բարեփոխումներ ԾԻԳ»-ի տնօրեն Արթուր Թունյանը: Ծրագրի շրջանակներում 2010թ. հոկտեմբեր ամսից պիլոտային եղանակով շահագործվում է «Դատալեքս» տեղեկատվական համակարգի ինտերնետային կայքը՝ www.datalex.am-ը, ինչը հնարավորություն է ընձեռում ցանկացած քաղաքացու ստանալ տեղեկատվություն ՀՀ ցանկացած դատարանում ընթացող կամ ավարտված դատական գործի դատավարական գործընթացների և հրապարակված դատական ակտերի ամբողջական տեքստերի վերաբերյալ: Միաժամանակ «Դատալեքս» տեղեկատվական համակարգը հնարավորություն է տալիս իրական ռեժիմով հետևել հանրապետության բոլոր դատարաններում ընթացքող դատական գործերի ժամանակացույցին: «Առաջիկայում տվյալ պորտալի միջոցով ակնկալվում է նաև հնարավորություն ընձեռնել որոշակի գործնական ծրագրային գործիքների կիրառման միջոցով դիմել դատարան: Հատկանշական է, որ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգը շահագործելու պահից մշտապես աճում է այցելուների քանակը»,- ասում է Ա.Թունյանը: 2010թ. հոկտեմբերին «Դատալեքս» պորտալ է այցելել 987, նոյեմբերին` 2.843, իսկ դեկտեմբերին` 3.754 այցելու: Թե ծախսած գումարների համեմատ որքանով են արդարացված այս պորտալի տված արդյունքները, դժվար է ասել, քանի որ մարզերում այս համակարգի մասին գրեթե ոչինչ չգիտեն: Իհարկե, պարտադիր էլ չէ, որ բոլորն իմանան պորտալի և դատարաններում ներդրված նույնանուն տեղեկատվական համակարգի մասին, սակայն պատասխանատուների համար մտահոգիչ պետք է լինի այն, որ նույնիսկ դատարանների հետ այս կամ այն կերպ առնչվող քաղաքացիները տեղեկացված չեն համակարգի գոյության մասին` դրա վրա զգալի գումարներ ծախսելուց հետո: Մասնավորապես, Էջմիածին քաղաքի մոտ 40 քաղաքացու շրջանում «Հետքի» անցկացրած հարցումը ամբողջացրեց վերը ասվածը: 40 հարցվածից 10-ը գործ էր ունեցել դատարանների հետ, սակայն նրանցից բոլորն էլ առաջին անգամ էին լսում «Դատալեքսի» մասին: Ի դեպ, հարցվածներից մեկը փաստաբան էր: Զավեշտի հասնող մեկ դեպքի ականատես եղանք Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Աշտարակի նստավայրում: Արմեն անունով մի երիտասարդից, որը կանգնած էր դատարանի առաջին հարկում տեղադրված «Դատալեքս» համակարգի անմիջապես կողքին, հետաքրքրվեցինք, թե ինչի համար է այդ համակարգը: Մոտ մեկ րոպե ուսումնասիրելուց հետո պատասխանեց. «Երևի կոֆեի ապարատ ա»: Նշենք, որ Արմենը իրեն առնչվող դատական գործով էր եկել դատարան և ստացել է իրավաբանի կրթություն: Արդեն կարելի է պատկերացնել, թե ինչեր կարող են մտածել իրավաբանական կրթություն չունեցող քաղաքացիները` տեսնելով «Դատալեքսի» ապարատը: Սա ցույց է տալիս, որ արդարադատության նախարարությունն անհրաժեշտ քարոզչություն չի իրականացնում, մինչդեռ ԾԻԳ-ի տնօրենը «Հետքին» հավաստիացնում էր, որ նմանատիպ ծրագրերը նաև կոռուպցիայի դեմ պայքարելու նպատակ են հետապնդում: Դրամաշնորհային ծրագրով շարունակվել է անհրաժեշտ տեխնիկական օժանդակություն տրամադրվել նաև «Արլիս» տեղեկատվական համակարգին: Ներկայումս «Արլիս» համակարգը պարունակում է ավելի քան 53.500 իրավական ակտ: Ընդ որում, ցանկացած իրավական ակտ հրապարակվելուց հետո` մեկշաբաթյա ժամկետում, ենթարկվում է համապատասխան մշակման, և այդ ակտերի ինկորպորացված տարբերակները նույնպես հայտնվում են համակարգում և հասանելի դառնում ինտերնետով որոնման համար: ««Արլիս» համակարգի տեղեկավական համակարգի այցելուների քանակը օրական մոտ 3.500-3.900 է, ինչի արդյունքում ՀՀ պետական ինտերնետային կայքերի շարքում «Արլիս» համակարգը վստահաբար զբաղեցնում է 1-ին տեղը: Ծրագրի շահագործման տարվանից ի վեր` յուրաքանչյուր հաջորդող տարի, «Արլիս» համակարգի այցելուների թվաքանակը կտրուկ աճել է, ինչը վկայում հասարակության իրավագիտակցության պահանջարկի ավելացման մասին»,- ասում է Արթուր Թունյանը: ԾԻԳ-ի տնօրենի խոսքերով` ծրագրով դատարանների բոլոր նստավայրերում տեղադրված և շահագործվող վարչարարության, դատական գործերի կառավարման «CAST» տեղեկատվական համակարգի երկրորդ սերնդի ներդրման աշխատանքների իրականացումը, ինչպես նաև բոլոր դատական ծառայողների ուսուցման դասընթացներն էապես բարելավել են բոլոր դատարանների նստավայրերում տեղադրված ծրագրային ապահովման ֆունկցիոնալ հնարավորությունները: Ծրագրի շրջանակներում ստեղծվել է նաև «Դատաժամ» հաղորդաշարը, որը ցուցադրվում է Հ1-ով և նպատակ ունի հանրությանը ծանոթացնել դատական համակարգին, ինչպես նաև իրազեկել դատական կարգով իրավունքները պաշտպանելու եղանակների մասին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter