
Ազատան` գյուղ Ախուրյանի ափին
«Զապդնի գերմանացի» մականունը Շիրակի մարզի Ազատան գյուղի բնակիչներին տվել էին լենինականցիները վերջիններիս կռվարար բնավորության համար: Խորհրդային տարիներին Երեւան-Գյումրի մայրուղին անցնում էր գյուղի միջով, եւ բազմաբնույթ վեճերն ու կռիվներն օտարների հետ անպակաս էին այս գյուղից:
Ազատանցիները շատ էին ցանում կանաչեղեն եւ հատկապես սոխ, իսկ հետո տանում վաճառելու Լենինականում: Երբ լենինականցիներից որեւէ մեկը կանաչ սոխ շատ էր օգտագործում, անպայման ասում էին՝ «...ինչխոր ազատանցի էղնիս»: Խորհրդային տարիներին Լենինականի ոստիկանությունում մեծ մասամբ ազատանցիներ էին ծառայում: Դա գուցե պայմանավորված էր նրանով, որ այս համակարգում ղեկավար պաշտոններ զբաղեցնողները եւս ծնունդով ազատանցիներ էին: Ու լենինականցիները կատակով նկատում էին, թե «...ազատանցիք որ սոխ կցանեն, միլիցի կծլի»: Այս թեմայով կատակներն ու հումորային պատմություններն անպակաս էին ազատանցիներից: 1960-ականներին Մոսկվայում միլիցիոները կանգնեցնում է ազատանցի Մկոյին եւ հարցնում. «Կակոյ նացիի»: Մկոն ռուսերենին այնքան էլ լավ չէր տիրապետում, սակայն համարձակ պատասխանում է. «Ազատանցի»: Քանի որ ԽՍՀՄ-ում նման ազգություն չկար, միլիցիոները զարմացած հարցնում է. «Չտո զա նացիի»: Մկոն որոշում է հաճոյանալ միլիցիոներին ու պատասխանում է. «Էտո զապաս միլիցիի»:
Ազատանցի Վիգեն Իկիլիկյանը հումորով է վերաբերվում հայրենակիցների մասին պատմվող բոլոր կատակներին՝ ասելով, որ դրանք հիմնականում հենց իրենք` ազատանցիներն են տարածում:
«Դրանք հիմնականում իրական դեպքեր են, որ շատ ժամանակ անեկդոտի նման պատմում են,-ասում է Վիգեն Իկիլիկյանը,- մենակ թե էն «զապդնի գերմանացի» մականունը, որ ժամանակին կպցրել են մեզի լեննականցիները, արդեն հնացել է: Ճիշտ է, մերոնք վախտին շատ կռվարար են եղել, բայց հիմի էդ բաները չկան: Բոլորն էլ ազատանցիներին գիտեն որպես աշխատասեր, թասիբով ժողովուրդ»: Շիրակի մարզի Ազատան գյուղը մի ժամանակ կոչվել է Գադմա, որ բառացի նշանակում է դեմ գալ, ընդառաջ գալ: Այս անունը մատենագիտության մեջ չի հիշատակվում եւ սերնդեսերունդ փոխանցվել է ավանդաբար: 19-րդ դարի առաջին տասնամյակից սկսած՝ գյուղը կոչվել է նաեւ խլի Ղարաքիլիսա: Այս անունը ժողովուրդը ստուգաբանում է հետեւյալ կերպ: 5-6-րդ դարերում գյուղում կառուցված եկեղեցու զանգն այնքան մեծ է լինում, որ տագնապի ժամին հնչեցնելիս ղողանջները տարածվում են Շիրակով մեկ` հասնում Ղարս ու Անի: Երբ Նադիր շահը հայտնվում է Շիրակի կողմերում, հրամայում է զանգն իջեցնել եւ տեղափոխել Իրան: Ճանապարհին զանգը սայլի վրայից շուռ է գալիս եւ գլորվում բլուրն ի վար, խրվում Կարկաչան գետի ճահիճների մեջ ու հավիտյան լռում` հսկա երախը պարզած դեպի երկինք: Մի գիշեր գյուղի բնակիչները քահանայի խորհրդով պոկում են զանգի լեզվակը եւ թաքցնում` համարելով այն ազգի գոյատեւման խորհրդանշան: Իսկ զանգի մասին պատմում են, որ այդ կողմերով անցնող մարդիկ ամեն անգամ քար են նետել նրա երախը` արձակած անսովոր ձայնը լսելու համար: Եվ այսպես, քարերից աստիճանաբար ծանրանալով` հսկա զանգը խրվում է ճահճուտի մեջ ու անհետանում: Այս դեպքից հետո է, որ գյուղի Ղարաքիլիսա անվանն ավելանում է «խլի»` «խուլ» մասնիկը:
«Ղարաքիլիսա» թուրքերեն բառ է, նշանակում է սեւ եկեղեցի, մեկ այլ ստուգաբանությամբ էլ «ղարա» նշանակում է մեծ: Գյուղի հին եկեղեցին ունեցել է վիթխարի չափեր: Դրա ապացույցն էլ, թերեւս, զանգի մասին եղած ավանդությունն է: Զանգի փրկված լեզվակը, որ ունի 1 մետր 37 սմ երկարություն եւ կշռում է 72 կգ, պահվում է եկեղեցու մոտ գտնվող մատուռում: Այստեղ է պահվում նաեւ մետաղյա հսկա մի խաչ, որը նույնպես հավանաբար պատկանել է գյուղի հին եկեղեցու զանգակատանը: «1946 թ. գյուղը վերանվանվում է Ազատան: Բնակավայրը հարուստ է պատմական հուշարձաններով, նյութական մշակույթի հազարամյակների վաղեմություն ունեցող նմուշներով: Արժեքավոր շատ բաներ են թաքցնում իրենց խորքում գյուղի հյուսիսարեւմտյան կողմում գտնվող ավազաբլուրները: Այդ բլուրներից մեկում, 1934 թ. ավազ փոխադրելիս, շինարարները գտան մամոնտի ատամի 8 կգ քաշ ունեցող կտոր, որի երկարությունը հասնում էր 70սմ-ի,- պատմում է Վիգեն Իկիլիկյանը:- Գտածոն հանձնվեց Շիրակի պատմության թանգարանին: Դրանից 16 տարի հետո բլուրներից մեկում հայտնաբերվեցին հնագույն ժամանակներին վերաբերող մի քանի դամբարաններ: 1925 թ. Ղռեր կոչվող հանդամասում Օձի քարափի մոտակայքում, ուր կան հնագույն մարդկանց կացարանների հետքեր, գտնվեցին նիզակի բրոնզյա ծայրակալներ, պրիմիտիվ աղորիքներ, խեցեղեն, կավե փողրակներ, ուլունքներ, սադափի փշրանքներ: Այն ժամանակ ոչ ոք չգիտեր դրանց արժեքը, եւ այդպես էլ անհետ կորան դրանք»:
Քրոջ սիրած տղային սպանել են, որովհետեւ կաթոլիկ չի եղել
1828-29 թթ. ռուս-թուրքական պատերազմից հետո մեծ թվով հայեր Գաբեղենից, Վահեւանից գաղթում եւ բնակություն են հաստատում Ազատանում, նրանց խոսակցական լեզուն Ալաշկերտի եւ Բասենի խառը բարբառն էր: Բոլորն էլ՝ դավանանքով կաթոլիկներ:
«Ազատանի բնակչության 30 տոկոսը կաթոլիկ հայեր են,- ասում է Ազատան համայնքի ղեկավար Վարդան Իկիլիկյանը,- գյուղում մենք երկու եկեղեցի ունենք` առաքելական եւ կաթողիկե: Սակայն որեւէ տարբերություն այդ եկեղեցիների միջեւ մեր գյուղի բնակիչները չեն դնում: Շատ տարիներ առաջ մեր գյուղի կաթոլիկներն ու առաքելականներն իրար մեջ աղջիկ, տղա տալ-առնել չեն ունեցել: Բայց հիմա դրա վրա այլեւս ուշադրություն դարձնող չկա»: Մոսոյանների գերդաստանը Ազատան հասել է Արեւմտյան Հայաստանի Մշո գավառից: 78-ամյա Լեւուշ պապը մատնացույց է անում պատից կախված տոհմածառն ու, ակնոցը քթին դնելով, մատը պտտելով ծառի ճյուղերի վրայով, գտնում Մոսո պապի բազմանդամ գերդաստանում իր ընտանիքի զբաղեցրած տեղը: Դավանանքով կաթոլիկներ են Մոսոյանները: «Կազմակերպված կաթոլիկ եմ,- ծիծաղում է Լեւուշ պապն ու նկատելով զարմացած հայացքս` բացատրում,- այսինքն՝ մեջս մի քիչ խառնուրդ կա. մորական կողմս կաթոլիկներ չեն, դրա համար էլ ես ոչ մաքուր կաթոլիկներին կըսեմ «կազմակերպված կաթոլիկներ կամ ուսիլիտ էրած ֆռանգներ»:
Կոնկրետ ընձի համար տարբերություն չկա` հայ, ֆռանգ, թուրք... Մարդս մարդ էղնի, աղջիկ ջան: Օրինակ՝ կնիկս առաքելական է, 1958 թ. ենք ամուսնացել ու հեչ մի պրոբլեմ չի եղել, բայց թոռիս հարսանիքն իրանց ուզելով գյուղի կաթոլիկ եկեղեցում ենք արել: Մեզ համար եկեղեցիների մեջ էլ տարբերություն չկա: Ես մեր գյուղի եկեղեցիներն էլ կմտնիմ, Գյումրիի Յոթվերքն էլ: 6 աղջիկ ունիմ, փեսեքիցս հեչ մեկը կաթոլիկ չէ ու հեչ պարտադիր էլ չէր, որ աղջիկներիս ֆռանգի տայի»: Պարզվում է՝ շատ տարիներ առաջ, իսկ ավելի ճիշտ՝ մինչեւ 1920 թ.-ը, Ազատանում խառն ամուսնության պատճառով մարդասպանության դեպք է գրանցվել: Առանց եղբայրների կարծիքը հաշվի առնելու կաթոլիկ դավանանքի երիտասարդ մի աղջիկ սիրահարվել ու ամուսնության համաձայնություն է տվել առաքելական եկեղեցու հետեւորդ մի տղայի: Աղջկա եղբայրները, որպեսզի հետ պահեն իրենց քրոջը «վարկաբեկող» այդ քայլից, առանց երկմտելու սպանել են նրա սիրած տղային: Լեւուշ պապը պատմում է, որ հատկապես խորհրդային տարիներին «հայի ու ֆռանգի» տարբերակում հիմնականում չի եղել: Կարգերի փլուզումից հետո, երբ եկեղեցու խորհուրդը կրկին ամրապնդվեց մարդկանց գիտակցության մեջ, շատերը սկսեցին հիշել, որ իրենք առաքելական կամ կաթողիկե եկեղեցուն են պատկանում:
«Սովետի վախտով կրոնի տարբերություն չէին դնե, բայց կհիշեցնեին, որ դու, ըսենք, գաղթական ես, էն մյուսը բնիկ է, էն երրորդն էլ եզդի է: Բայց թշնամություն չկար»,- ասում է Լեւուշ պապը: Ազատանցի 97-ամյա Հրայր Իկիլիկյանի հեղինակած «Գյուղ Ախուրյանի ափին» գրքում բազմաթիվ հետաքրքիր պատմություններ կան Արեւմտյան Հայաստանից գաղթած եւ Ազատանում բնակություն հաստատած հայերի մասին: Ազատանում հարգված ու շատ սիրված է եղել մշեցի Մուքո ամին: Մուքո ամին Մշո Խաս գյուղից էր: Էս Մուքոն Անդրանիկ անունով մի տղա ուներ: Չգիտես ինչու, նա տղայի անվան սկզբից քմահաճորեն ավելացրել էր «զ» հնչյունը, իսկ վերջնավանկի «ի» ձայնավորն էլ փոխարինել «է»-ով, եւ Անդրանիկ կանչելու փոխարեն կանչում էր Զանդրանե~կ: Մուքոն ամեն առավոտ, երբ գործի էր գնում, բարձրաձայն բղավում էր. -Տղա Զանդրանե՜կ, արի ծեծիմ, երթամ գործի: Եվ տղան հլու-հնազանդ կանգնում էր հոր առաջ: Մուքոն երկու հատ խփում էր փափուկ տեղերին, երկու հատ` մեջքին, մի հատ էլ վզակոթին եւ ասում. «Մկա գնա, ազատ իս»:
Մուքոյի կինը` Չինարը, մի օր զայրանում եւ մարդուն հարցնում է. -Տղա Մուքայել, հորի ամեն օր անմեղ էրեխին կտփիս, բա էդ բա՞ն է: -Էն տղին, որ մանկունց չտփիս, լավ չհասլիս, էնորեն մարդ դուրս չի գա,- պատասխանում է Մուքոն: Թե որքանով է տարածված եղել Մուքո ամու մեթոդը Ազատանում, հայտնի չէ, սակայն այստեղ պնդում են, որ իրենցից թասիբով, աշխատասեր ողջ Շիրակի մարզում չեն գտնի: «Ասում են՝ ազատանցին լավ է ապրում, ազատանցին հարուստ է, բնական է, որ այդպես էլ պիտի լիներ,- հաստատում է Ազատանի համայնքապետը,- աշխատող մարդը պիտի լավ ապրի: Պարզապես գյուղացու համար մեկ խնդիր կա` բնությունը, որի մատուցած անակնկալների դեմ շատ դեպքերում անզոր է: Վերջին տարիներին բավական թվով ֆերմերական տնտեսություններ են ձեւավորվել Ազատանում: Գաղտնիք չէ, որ ազատանցիներն այսօր վարձակալությամբ մշակում են նաեւ հարեւան 5-6 համայնքների հողերը: Սա գալիս է մեր մարդկանց աշխատասիրությունից: 2009-ը գիտե՞ք ինչ վատ տարի էր գյուղատնտեսության համար սպառման առումով, բայց համայնքի սեփական եկամուտները 140 տոկոսով կատարվեցին: Երեւի կզարմանաք, թե ինչի հաշվին: Ասեմ` դրսի գումարների: Եկամուտ տեղում չէին կարողացել ապահովել, բայց դրսից եկած գումարների հաշվին մարդիկ իրենց հարկային պարտավորությունները կատարեցին: Ազատանցիները հասկացել են, որ պիտի տան ու պահանջեն: Գյուղում անցած 2 տարում սեփական եկամուտների հաշվին բավական ծրագրեր ենք իրականացրել»: Ազատանցիների 60-70 տոկոսը մեկնում է արտագնա աշխատանքի Յակուտիայի երկրամաս: Սա տարիներով ձեւավորված ավանդույթ է: Ազատանցի «խոպանչիին» երբեք չեն հարցնում՝ ուր ես մեկնում, քանի որ այս գյուղից բոլոր ճանապարհները տանում են Յակուտսկ: Վարդան Իկիլիկյանն անկեղծանում է. Յակուտիայում նաեւ խոշոր գործարարներ ունեն իրենց գյուղից, նրանցից մեկի շինարարական կազմակերպությունում սեզոնին 600-700 հայ է աշխատում:
Ազատանցի եզդիները
«Եթե մեկ դար հետ գնանք, կտեսնենք, որ իրարից բավական տարբեր կենցաղավարություն ու սովորույթներ են ունեցել Ազատանում ապրողները,- ասում է Վարդան Իկիլիկյանը,- տարիների հետ կարելի է ասել բաժանարար, թշնամացնող կարծրատիպերից մարդիկ հրաժարվեցին, հիմա մնացել է լավագույնը: Ազատանում 40 ընտանիք եզդիներ կան, որ այստեղ հաստատվել են 1950-ականներին: Ու նրանք իրենց լիարժեք ազատանցիներ են համարում: Վերջին 10 տարիներին հասանք նաեւ էն բանին, որ իրենց հարազատների հուղարկավորությունը սկսեցին Ազատանում կատարել, դրա համար տեղ ենք առանձնացրել, թե չէ որ մարդ էր մահանում, տանում էին Թալինի շրջանի Բայսզ կամ Սվիճան գյուղերում թաղելու»:
Ազատանցի 83-ամյա Թամոյան Բրոյի գերդաստանը Ազատան տեղափոխվել է 1950 թ. Թալինի Կաքավաձոր գյուղից: 8 զավակ ունի Բրո պապը` չորս աղջիկ, չորս տղա: Նեղսրտում է. «Հիմիկվա ջահելները մոդա են դարձրել, շատ երեխա չեն ուզում ունենալ»: Ասում է, որ իրենց թշնամին թուրքն է, բայց քրդերին էլ չի ընդունում, հայերի հետ եղբայրներ են, նրանց եկեղեցիներն են հաճախում, հայի քահանան եզդու զավակներին է մկրտում, բայց խառն ամուսնություններ չեն լինում: Բրո պապի 22-ամյա Վազիր թոռը եւս եզդի աղջիկ է կնության վերցրել: «Իսկ հայի աղջկա սիրահարված չկա՞ս»,- հարցնում եմ Վազիրին: Պատասխանում է այնպես, որ պապը չլսի. «Դե եղել է, բայց երեխա վախտերս, ըդոնք սաղ երեխություն են, կինս եզդի է: Էն, ինչ կհարցնեք, արգելված բաներ են»:
Քյարամ Թամոյանը Բրո պապի տղան է՝ Վազիրի հայրը: Ասում է, որ իրենք հիմա ավելի շատ հայ են, քան եզդի ու ծիծաղում` հիշելով մի հատված հայտնի անեկդոտից՝ «եզդին առանց ոչխարի իսկական հայ է», քանի որ խորհրդային կարգերի փլուզումից հետո եզդիները եւս, ինչպես ազատանցի հայերը, սկսեցին զբաղվել հողագործությամբ: «Մենք մեզ երբեք օտար չենք զգացել Ազատանում: Սա մեր ծննդավայրն է: Ուրախության, թե տխրության պահին միշտ իրար կողքի ենք եղել, առանց խտրականություն դնելու՝ եզդի է դիմացինը, թե հայ,- ասում է Քյարամ Թամոյանը,- իրանք մեզի հյուր կուգան, մենք կերթանք, տարբերություն չկա: Մենակ ամուսնություններն են բացառված»: Մի քանի տարի առաջ որոշվեց գյուղի միջնակարգ դպրոցում ազատանցի եզդիների համար սեփական լեզվով գրել-կարդալու հնարավորություն ստեղծել: «Ազատանը Շիրակի մարզի իր մեծությամբ 2-րդ գյուղական համայնքն է, դրան գումարած՝ միատարր չէ, բազմաշերտ է, բայց արի ու տես, որ շատ հեշտ կառավարելի»,- ասում է համայնքապետը:
«Իսկ դա հնարավո՞ր է»,- հարցնում եմ Վարդան Իկիլիկյանին: «Իհարկե, որովհետեւ ամեն ինչ անում ենք, որ մարդկանց միջեւ անջրպետ չգոյանա, պառակտում չլինի, հարգվեն ազգային եւ կրոնական փոքրամասնությունների իրավունքները,-բացատրում է պրն Իկիլիկյանը,-մեզ համար բոլորն էլ ազատանցիներ են, տարբերություն չի դրվում, սա է 5700 բնակիչ ունեցող համայնքի միասնության գաղտնիքը»:
Մեկնաբանել