HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Եթե Կովալենկո Շահգալդյանը բիզնես չունենար, կաշառքով պիտի ապրեր

Մամուլը բազմիցս գրել է Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանի բիզնեսի մասին: Բիզնես ունենալու փաստը չի հերքում նաեւ մարզպետը, սակայն նրա գույքի եւ եկամուտների հայտարարագրից ամենեւին էլ չի երեւում, որ բիզնես ունի: Կովալենկո Շահգալդյանն ասում է, թե Ծաղկաձորում սեփականություն չունի:

Սակայն ծաղկաձորցիները «Հետքին» ցույց տվեցին անտառային գոտու հարեւանությամբ գտնվող մի կիսակառույց շինություն՝ ասելով, որ այն հենց մարզպետինն է: Շինությունը նախատեսված է հանգստյան տան համար:

«Այդ կիսակառույցը ոչ թե Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանինն է, այլ Չարենցավանի «Արմավտո» բաժնետիրական ընկերության սեփականությունն է: Այդ ընկերությունն ունի 822 բաժնետեր: Գնա ու բաժանիր, կգտնես, թե ում սեփականությունն է»,- «Հետքի» հետ զրույցում ասաց Կ. Շահգալդյանը:

«Եթե Ձերը չէ, ի՞նչ իմացաք, թե որ կիսակառույցի մասին է խոսքը» հարցին ի պատասխան՝ պրն Շահգալդյանը նշեց, թե Ծաղկաձորում միայն այդ կիսակառույցն է, որ մշտապես շահարկվել է: «Ես «Արմավտո» ԲԲԸ-ի բաժնետերերից եմ: Այդ կառույցը ստեղծվել է ընկերության շահույթների հաշվին: 2007-ից պատվերների կրճատման պատճառով ձեռնարկությունը չի աշխատում. բնականաբար, միջոցներ չեն կարողանում տրամադրել կառույցն ավարտին հասցնելու համար: Եթե շահույթ ստանար, բնական է, որ կիսակառույցը ավարտին կհասցվեր: Բացի դրանից` չեմ կարծում, որ բիզնեսի առումով Ծաղկաձորում հանգստյան տները լուրջ շահույթներ են ապահովում»,- ավելացրեց մարզպետը:

Կոտայքի մարզպետը 2008 թ. Պետեկամուտների կոմիտե ներկայացրած հայտարարագրում նշել է միայն մոտ 2 մլն 407 հազ. դրամ եկամուտ, իսկ 2009-ին հայտարարագրել է 2 մլն 494 հազար դրամ: Հայտարարագրված գումարը միայն մարզպետի ստացած աշխատավարձն է:

Պարոն մարզպետ, դուք մարզում բիզնես ունե՞ք:

Որ չունենայի, պիտի կաշառքով ապրեի. իհարկե, ունեմ: Իսկ ո՞նց եք պատկերացնում, կարիք կա՞ ասելու, թե ինչ բիզնես ունեմ: Այնքան բիզնես ունեմ, որ հնարավորություն է տալիս իմ ընտանիքի բարեկեցիկ պայմաններն ապահովել: Ես այն կարծիքին եմ, որ պետական պաշտոնյաները, ցանկացած մարդ այս երկրում ունենա բիզնես, այն իրականացնի, որ կարողանա ապրել: Այնպես որ, Կոտայքի մարզպետին լրատվամիջոցները շատ ու շատ բաներ կպցնում են, բայց ոչ մի անգամ չեն ասել, որ կաշառակեր եմ: Դա նրանից է, որ ես ապահովված մարդ եմ:

Այսինքն` բիզնես ունենալը մարդուն ազատո՞ւմ է կաշառակեր լինելուց:

Իհարկե: Եթե դու կարողանում ես նորմալ ապրել, ինչո՞ւ պիտի ձեռքդ մեկնես ուրիշին: Հայաստանում խեղաթյուրում են այդ ամենը, ասում են, թե պետական պաշտոնյան պիտի բիզնես չունենա: Պետական պաշտոնյան պիտի բիզնես ունենա, բայց այդ բիզնեսով չպիտի զբաղվի:

Բայց բիզնես ունենալիս էլ պիտի մաքուր աշխատեն, չէ՞:

Իսկ ինչի՞ ես կարծում, որ բիզնեսների 90 տոկոսից ավելին մաքուր չեն, կամ իմ բիզնեսը մաքուր չէ: Իմ բիզնեսն այնպիսի բիզնես է, որ ոչ մաքուր լինել չի կարող: Ջերմոցային տնտեսություն ունեմ, ժամանակակից տնտեսություն է, բայց եթե կարծում ես, որ այդտեղ մեծ եկամուտներ ունեմ եւ թաքցնում եմ, չարաչար սխալվում ես:

Հանրապետության նախագահը բազմիցս հայտարարել է, որ պայքար է մղում կոռուպցիայի դեմ: Կոտայքի մարզում կոռուպցիոն ի՞նչ ռիսկեր կան, եւ ի՞նչ միջոցներ եք ձեռնարկում:

Երբ մենք մեր հանրությանը ճիշտ կտեղեկացնենք, թե ինչ է կոռուպցիան, այդ դեպքում, կարծում եմ, պայքարն ավելի արդյունավետ կլինի: Կոռուպցիան կապված է մարդկանց սոցիալական վիճակի եւ շատ այլ երեւույթների հետ: Ժողովրդավարական, իրավական երկիր կառուցելու ճանապարհին այդ խոչընդոտներն անխուսափելի են: Մեր մարզն էլ բացառություն չէ: Կարելի է այդ առումով հավասարություն դնել բոլոր ոլորտների միջեւ: Նախ` մենք չունենք կոնկրետ ուսումնասիրություններ, որ ասենք` կոնկրետ այս ոլորտում կոռուպցիան ամենաբարձր մակարդակն ունի: Դա ժողովրդի մեջ տարածված խոսակցությունների մակարդակով է:

Օրինակ` մի մարզում կարող է` առողջապահությունն է, ասենք մեր մարզում կրթությունն է, մյուսում իրավապահ համակարգն է եւ այլն: Այդպիսի գնահատականներ տալը նույնպես ճիշտ չէ: Բոլորը գիտեն, որ այդ երեւույթները կան, ի՞նչ իմաստ ունի ասել՝ որտեղ է ավելի շատ, որտեղ` քիչ: Այդ երեւույթը պետք է մերժվի մեր ժողովրդի մտածելակերպի փոփոխման արդյունքում: Այն մտածելակերպը, որ ունի մեր ժողովուրդը, կոռուպցիայի դեմ պայքարը երբեք էլ արդյունավետ չի կարող լինել:

Իսկ ժողովուրդն ի՞նչ մտածելակերպ ունի:

Ժողովուրդն իր դիրքորոշմամբ նպաստում է կոռուպցիային: Լրատվամիջոցներով տեսնում ենք, դեպքեր կան, որ դրա անհրաժեշտությունը չլինելով՝ գնում կոռուպցիայի առաջարկություն են անում: Բայց քանի որ մարդու մոտ այն կարծիքն է, թե այս երկրում խնդիրները համընդհանուր չեն լուծվի, եթե համապատասխան մոտեցումներ, միջնորդություններ չլինեն, գնում նման քայլ է անում: Ի՞նչ կարող են անել երկրի ղեկավարները, համապատասխան մարմինները, եթե ժողովրդի մեջ համատարած այդ մտածելակերպը զարգացել է: Բնականաբար, եւ բացահայտելն է դժվար, եւ պայքարելը:

Ո՞վ է մեղավոր, որ այսօր ժողովուրդն այդ մտածելակերպն ունի: Արդյոք այստեղ իշխանությունների մեղքի բաժինը չկա՞:

Դուք մոռանում եք, որ մենք սովետական երկրից ժառանգություն ենք ստացել: Բազմաթիվ բաներ կան, որ մեր երկրի առաջընթացի համար խոչընդոտ են: Իհարկե, անկախության տարիները եւս իրենց ազդեցությունը թողել են, բայց բաներ կան, որ մեր ուղեղի մեջ կարծրացած են: Պիտի սերունդ փոխվի, այդ ժամանակ այդ ռիսկերը անհամեմատ կնվազեն:

Դուք Ձեր մարզի կտրվածքով մեղավորություն զգո՞ւմ եք, որ չեք կարողանում նվազեցնել կոռուպցիան:

Յուրաքանչյուր քաղաքացի իրեն պետք է մեղավոր զգա: Ամեն մեկս մեր գործելաոճով, հոգեբանությամբ նպաստում ենք, որ մեր երկրում կոռուպցիոն ռիսկերը չնվազեն: Երկրում շատ բաներ կան, որ լուծվում են` առանց կոռուպցիայի: Հիմա կասեմ, կհամոզվեք: Իմ ենթակայության համակարգում ուսուցիչներ են աշխատանքի ընդունվում` կոռուպցիայի մասին անգամ չմտածելով: Կոնկրետ ուսուցիչները աշխատանքի պիտի ընդունվեն միայն ու միայն գիտելիքի համապատասխան պաշար ունենալու դեպքում: Հայերս պիտի հասկանանք, որ գիտելիքը արժեք է, որ պարտադիր չէ` ամեն մեկը գնա բարձրագույն կրթություն ստանա, ավելի շուտ` դիպլոմ ստանա ու այդ դիպլոմով կարողանա աշխատանքի տեղավորվել: Ով ավարտում է դպրոցը, գնում դիմում է բարձրագույն հաստատություն. մի մասն ընդունվում է, մի մասն էլ ավարտում է` առանց համապատասխան գիտելիքի, խնդրեմ կոռուպցիա: Հենց շուկայական տնտեսության մոդելը մեր երկրում պիտի զարգացնենք, որ այդպիսի խնդիրներ չառաջանան: Գործատուն կլինի, թե պետական մարմինը՝ աշխատանքի պիտի ընդունեն միայն ու միայն գիտելիք ունեցող մարդկանց: Շղթա է, որ դպրոցներում ինչ-որ բան պիտի անեն գնահատական ստանալու համար, ինչ- որ բան պիտի անեն բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունվելու եւ ավարտելու համար: Մի մասն ավարտում է՝ գիտելիք չունենալով, բայց դիպլոմը ձեռքին, աշխատանքի է ընդունվում միջնորդությամբ, եւ ստացվում է, որ այդ մարդը դժգոհում է երկրից ու երկրի օրենքներից: Սա շղթայական ռեակցիա է, որը մի տեղ պիտի ընդհատվի, սակայն դեռ չի ընդհատվում:

Այսինքն, կոռուպցիան սկսվում է ուսումնառության տարիներից եւ զարգանալով՝ իր գագաթնակետին է հասնում աշխատանքի ընդունվելի՞ս:

Իբր դու չգիտե՞ս: Դու էլ ես ուսանող, ոնց էլ չլինի՝ ստուգարքներից մեկը քեզ համար միջնորդած կլինեն: Եթե դու հակառակը պնդես, ես չեմ հավատա:

Կարծում եք, որ կրթական համակարգն ամբողջովին կոռումպացվա՞ծ է:

Ինչո՞ւ կրթական համակարգը, հենց ժողովրդի հոգեբանությունը: Գնա լավ սովորիր, ստացիր համապատասխան գիտելիքներ ու դարձիր լավ մասնագետ: Մանավանդ, փառք Աստծո, հատկապես պետական համակարգում ամբողջովին մրցութային համակարգ է ներդրված, քաղծառայողներ են: Խնդրեմ, մեր մարզպետարանում որակյալ իրավաբանի կարիք ունենք. առաջարկը կա, մնում է պահանջարկը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter