Սեյրան Օհանյան. «Մեր հրամանատարները վախեցող ու նահանջող չեն»
«Ադրբեջանը սպառնում է` ասելով. «Եկեք հարցը շտապ լուծեք, այլապես պատերազմ կսկսեմ»: Մենք խնդրին անդրադառնում ենք հետևյալ կերպ. եկեք բանակցենք, որպեսզի հիմնախնդիրը առանց պատերազմի լուծվի»,- այսօր` Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված ռազմական կցորդների հետ հանդիպման ժամանակ, ասել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Նա անդրադարձել է ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում Ադրբեջանի պարբերական ռազմատենչ հայտարարություններին: «Դուք երեկ ծանոթացաք մեր զինված ուժերի բոլոր օղակների հրամանատարների հետ. նրանք վախեցող ու նահանջող չեն»,- օտարերկրյա ռազմական կցորդներին ասել է Սեյրան Օհանյանը:
Նա հավելել է, որ Հայաստանը գործընկեր պետությունների հետ ռազմական համագործակցություն իրականացնելիս թշնամանք չի սերմանում այն հարևանների նկատմամբ, որոնց հետ ունի չլուծված խնդիրներ, և չի անում այնպիսի քայլեր, որոնք կարող են վտանգել գործընկեր պետությունների տարածաշրջանային հավասարակշռված քաղաքականությունը:
Պաշտպանության նախարարն օտարերկրյա ռազմական կցորդներին ներկայացրել է ՀՀ կառավարության հաստատած պաշտպանության նախարարության 2011 թ. գերակա խնդիրները, իրականացվող պաշտպանական քաղաքականությունը, պաշտպանական բարեփոխումները և պատասխանել նրանց հարցերին:
Հանդիպմանը մասնակցող օտարերկրյա ռազմական կցորդները և ռազմական ներկայացուցիչները նախարարին շնորհավորել են բանակի օրվա կապակցությամբ: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել