Աբովյան քաղաքում ցայօր շարունակվում են հովհարային անջատումները

Աբովյան քաղաքի հին թաղամասերը, հատկապես երկրորդ միկրոշրջանը գրեթե ամեն օր հոսանքազրկվում են: Անջատումները կարող են տևել 2-3 րոպեից մինչև 12-13 ժամ: Խնդիրն ավելի է սրվում հատկապես տոն օրերին, երբ ցանցի լարվածությունն ավելի է մեծանում: Արդեն երկու տարի է, այս թաղամասերի բնակիչներն Ամանորը տոնում են խավարի մեջ:
Ամռան շոգ ամիսներին թաղամասերի խանութներն ահռելի կորուստներ են կրում, քանի որ անջատվում են սառնարաններն, ու փչանում է կաթնամթերքը: Տներում հաճախակի հոսանքազրկումներից շարքից դուրս են գալիս էլեկտրական թանկարժեք սարքավորումներ՝ սառնարանները, լվացքի մեքենաները, համակարգիչներն ու ջեռուցման կաթսաները: Ձմռան ամիսներին բնակիչների գազի ծախսն էլ ավելի է ավելանում, որովհետև համակարգերը սառում են, և ամեն անգամ, երբ հոսանքը միանում է, բնակիչները զրոյից են տաքացնում բնակարանները: Ամեն օր մարդիկ մնում են վերելակների մեջ, իսկ հոսանք եղած ժամանակ էլ վախենում են մտնել վերելակ, քանի որ վստահ չեն, որ հերթական հոսանքազրկման պատճառով բանտարկված չեն մնա վերելակի մեջ: Այդ ժամերին, բնականաբար, հնարավոր չէ հեռախոսով կապվել համապատասխան հիմնարկություններ և որևէ բացատրություն ստանալ:
Արդեն 20 տարի է` բացատրությունը մեկն է. բաշխիչ կայանները թույլ են և չեն կարողանում անխափան ապահովել պահանջվող հզորությունը: Արդյոք սա 20 տարվա խնդրին տրվող ընդունելի՞ բացատրություն է: Կամ ընդհանրապես, հսկա թաղամասերի բնակիչներն արդյոք ըմբռնումով ու անսպառ համբերությա՞մբ պիտի անընդհատ լսեն բացատրություններ: Էլեկտրացանցերի աշխատակիցներից ո՞վ է ընդունում սպառված էլեկտրաէներգիայի դիմաց բնակչի չվճարելու բացատրությունները:
Այս «անլուծելի» դարձած խնդրի պատճառով այս թաղամասերում անգամ բնակարանների գներն են իջել: Այս նամակով կոչ ենք անում քաղաքի ղեկավարներին և մեր ընտրած պատգամավորներին` իբրև բնակիչների ներկայացուցիչներ և նրանց շահերի պաշտպաններ, համապատասխան հայցով դիմել դատարան և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը պարտադրել համապատասխան ներդրումներ կատարել համակարգի հզորացման ու թարմացման համար և ապահովել բնակիչների որակյալ սպասարկումը: Հակառակ դեպքում դժգոհության ալիքը շատ ավելի լուրջ հետևանքների կարող է հանգեցնել:
Մենք պահանջում ենք, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը կատարի բնակիչների հետ կնքած պայմանագրերում նշված իրենց պարտավորությունները:
Վահե Խերանյան 31.01.2011թ.
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել