Իրանի Մեջլիսը վստահության քվե տվեց նորանշանակ արտգործնախարարին
«Արաքս» շաբաթաթերթը տեղեկացնում է, որ Իրանի Իսլամական խորհրդարանը (Մեջլիսը) այսօր՝ հունվարի 30-ին, քննարկման է դրել արտաքին գործերի նորանշանակ նախարար Ալի Աքբար Սալեհիին վստահության քվե տալու հարցը և 146 կողմ, 60 դեմ և 25 չեզոք ձայներով հաստատել նրան: Այսօրվա նիստին ներկա էին Մեջլիսի պատգամավորներից 243-ը:
Նախագահ Ահմադինեժադը Խորհրդարանում ունեցած իր ելույթում ասել է. «Այսօր մենք հզոր, ազդեցիկ և կանոնավոր արտաքին քաղաքականության կարիքն ունենք»:
ԻԻՀ նախագահը, շեշտելով, որ «Սալեհին լուսավոր վիճակացույց ունի», ասաց. «Արտգործ նախարարության կառույցը հիմունքային փոփոխության պիտի ենթարկվի»:
Կենսագրական տվյալներ
Սալեհին ծնվել է 1949թ., ավարտել է Բեյրութի Ամերիկյան համալսարանը. իսկ դոկտորականը ստացել է Ամերիկայի «MTI» համալսարանից:
Նա 7 տարի աշխատել է որպես Թեհրանի «Շարիֆ» համալսարանի դեկան: Ապա, նախկին կառավարության օրոք, Միջուկային էներգիայի միջազգային կազմակերպությունում զբաղեցրել է Իրանի ներկայացուցչի պաշտոնը: Իսկ անցյալ տարի ԻԻՀ Նախագահի կողմից նշանակվել էր որպես Իրանի ատոմական էներգիայի կազմակերպության նախագահ:
Հիշեցնենք, որ անցյալ տարվա դեկտեմբերի 18-ին Իրանի նախագահ դոկտ. Մահմուդ Ահմադինեժադը Ալի Աքբար Սալեհիին նշանակել էր արտգործնախարարի ժամանակավոր պաշտոնակատար՝ Մանուչեհր Մոթթաքիի փոխարեն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել