HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրբեջանի փախստականների լիազոր ներկայացուցիչները դիմում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին

Մենք՝ քաղաքական, կրոնական և ազգային խմբերի` Ադրբեջանի փախստականների լիազոր ներկայացուցիչներս, Անվտանգության խորհրդի ուշադրությունն ենք հրավիրում այն հանգամանքի վրա, որ Միավորված Ազգերի Կազմակերպությունը որևէ կերպ չի արձագանքում Ադրբեջանի Հանրապետության կառավարության կողմից պարբերաբար հրահրվող ռասայական ատելությանը,

Բաքվի կողմից վերահսկվող Արևմտյան Մերձկասպիայի շրջանի մի հատվածի բնակչության գիտակցության մեջ թշնամու կերպարի ձևավորմանն` ի դեմս ամբողջ ժողովուրդների, ինչպես նաև մարդկանց զանգվածային բնաջնջումներ և արտաքսումներ իրականացնելու սպառնալիքներին։ Ոչ միայն Ղարաբաղին, այլև հարևան այլ պետություններին արվող պատերազմի սպառնալիքներն, ազգային ինքնավարության դեմ ուղղված տարածքային հավակնություններն ու ոտնձգություններն ամրագրվում են համապատասխան ծախսերով։ Անվտանգության խորհրդի ուշադրությունն ենք հրավիրում Բաքվի ռազմական ծախսերի անսանձ աճի վրա, որոնք վերջին տարիներին հասել են 10 մլրդ ԱՄՆ դոլարի։

Սպառազինության հարձակողական համակարգերի, մարտական տեխնիկայի և զինամթերքի ահռելի քանակությունը, որի ձեռքբերումը ոչնչով սահմանափակված չէ, կարող է հաշված օրերի ընթացքում հայտնվել ոչ միայն մշտական տեղակայման զինված ուժերի, այլև քաղաքական և կրոնական ահաբեկչության հայտնի ցանցերի հիման վրա ձևավորված ռեժիմի վարձու բանակի ձեռքում՝ շնորհիվ նավթադոլարների չվերահսկվող հոսքից առաջացած ֆինանսական ռեսուրսների։

Ծրագրվող ագրեսիայի առաջին և հիմնական զոհը կդառնա Ղարաբաղի ընդհանրական տարածքի խաղաղ բնակչությունը, որը 1990-ական թվականների սկզբին արդեն մեկ անգամ ենթարկվել է Բաքվի ռեժիմի ագրեսիային։ Այս տարածքում ապաստան են գտել 1988-1992թթ. Բաքվի մեկը մյուսին փոխարինող կառավարությունների հանցագործ ճնշումների զոհերը` փախստականները:

Այդ կառավարություններին միավորում էր մեկ նպատակ՝ ոչնչացնել պետականության հիմքերն Արևմտյան Մերձկասպիայում և հաստատել մարդու քաղաքացիական և քաղաքական իրավունքների համընդհանուր քամահրման ռեժիմ։ Ղարաբաղի բնակչության և ԽՍՀՄ մաս կազմող Ադրբեջանական ԽՍՀ-ից գաղթած փախստականների մեջ Բաքվի՝ XIX դարի արևելյան բռնապետությունների տոտալիտար սկզբունքների վրա հիմնված ռեժիմին ենթարկվելու ցանկության բացակայությունը և ժողովրդավարական չափանիշների վրա հիմնված պետական կարգ ստեղծելու ձգտումն ագրեսիայի պայթյուն առաջացրեց արդեն անկախ Ադրբեջանի Հանրապետության ղեկավարների շրջանում, որոնք ահաբեկչության արշավ սկսեցին Արևմտյան Մերձկասպիայի բնիկ ժողովուրդների դեմ և պատերազմ հայտարարեցին Լեռնային Ղարաբաղին։

Բաքվի ագրեսիան` արտահայտված ինքնակառավարվող բնակչության մարդկային և նյութական հսկայական կորուստներում, և ղարաբաղյան ուժերի դուրս գալը դեպի տեղանքի ռելիեֆով պայմանավորված պաշտպանական բնական սահմաններ, որոնք ապահովում էին քաղաքացիական բնակչության հարաբերական անվտանգությունը միջազգային կառույցների ոչ համարժեք արձագանքի պայմաններում, պաշտոնական Բաքուն որակում է իբրև օկուպացիա։ Սուտն ու զեղծարարությունը, որոնք ագրեսորի և իրական օկուպանտի համար այդ սարսափելի որակումն արդարացնելու միակ միջոցն են, պետք է մերկացվեն։

Եթե մեզ չհաջողվի անել դա հաճախ քաղաքական կոնյունկտուրային հետևող պաշտոնական միջազգային կառույցների, մասնավորապես՝ ՄԱԿ-ի միջոցով, ապա մենք՝ Ադրբեջանի փախստականներս, քայլեր կձեռնարկենք հանցագործությունների հետաքննման և Բաքվի ստի մերկացման ուղղությամբ անկախ իրավապաշտպան կառույցների միջոցով` աշխարհի երկրների քաղաքացիների խղճին և պատվին ուղղակիորեն դիմելու ժողովրդավարական իրավունքին լիովին համապատասխան։

Այլ ժողովուրդների նկատմամբ ատելության ռասիստական գաղափարախոսությունը, ագրեսիվ նախապատրաստությունները և ռազմական ռևանշի ու մարդկանց սպանելու սպառնալիքները, հարևանների հանդեպ տարածքային պահանջներն ու կրոնական կենտրոնների նկատմամբ ոտնձգությունները, ազգային ենթադատության շրջանցմամբ այլ պետությունների քաղաքացիներին ներկայացնելու հավակնությունները, գերագույն իշխանության փոխանցման փաստացի ժառանգական իրավունքով տոտալիտար ռեժիմը, այլասերումների, կոռուպցիայի և Արևմտյան Մերձկասպիայի ժողովուրդների սեփականության թալանի մեջ թաղված քաղաքական դասն ամենևին էլ այն իդեալների ամբողջությունը չէ, որը տարածաշրջանի ազատասեր ժողովուրդները կցանկանային զգալ իրենց մաշկի վրա։

Ճամարտակություններն ինչ-որ լայն ինքնավարության մասին, որն առաջարկում է շնորհել ժողովուրդներին մի ռեժիմ, որը բնորոշվում է վերը թվված «առաքինություններով», միայն ժպիտ կարող են առաջացնել։ Մենք չենք պարտադրում մեր իդեալները մյուս ժողովուրդներին, մասնավորապես՝ Մերձկասպիայի եղբայրական թուրք ժողովրդին, բայց և չենք հրաժարվի մեր իրավունքից` ունենալ հասարակական բարօրության մասին սեփական պատկերացումները` մշակված պետականության հազարամյակներով:

Միջազգային որոշ կառույցների փորձերն` աջակցություն ցուցաբերել այդ ռեժիմին, որն Արևմտյան Մերձկասպիայում վերահսկում է նավթահանքերը, Ղարաբաղի տարածքները և բնակչությունը նրա իրավասությանը փոխանցելու նպատակով կամ, այլ կերպ ասած, նրանց փորձերն աջակցել Բաքվի նոր ռազմական ագրեսիային, որի սայրն ուղղված է առաջին հերթին հայ ժողովրդի դեմ, կարող են այնպիսի ցնցումներ առաջացնել, որոնց համեմատ Պաղեստինի, Իրաքի և Աֆղանստանի խնդիրները միասին վերցրած ոչ այնքան բարդ կթվան։

Ավելորդ չենք համարում Բարձր Ներկայությանը հիշեցնել այն պատմական համատեքստի մասին, որում զարգանում էր Ղարաբաղի հարցը, այն է՝ 1915թ. Ցեղասպանությունը, որը հանգեցրեց մարդկային, տարածքային և նյութական ահռելի կորուստների և ժողովրդի` աշխարհով մեկ սփռվելուն։ Չափից ավելի թեթևամիտ կլիներ ազատ արձակել այն հզոր զսպանակի էներգիան, որը սեղմվում է անարդարության ու մերժողականության ուժերով արդեն մի ամբողջ հարյուրամյակ։ Հորդորում ենք Անվտանգության խորհրդին գլոբալ անվտանգության պահպանման իր իրավասության սահմաններում հավանություն տալ հատուկ ուժերի և վարչության (KASFOR) ստեղծմանը, որը լիազորված կլինի հաղթահարել կառավարող բռնատիրական ռեժիմի ծանր ժառանգությունը, ներառած դրա ապառազմականացումը, փախստականների անվտանգ վերադարձի կազմակերպումն Արևմտյան Մերձկասպիայում իրենց բնակության նախկին վայրեր և հատկապես Բաքու, համապատասխան փոխհատուցման տրամադրումը, Արևմտյան Մերձկասպիայի ժողովուրդների ինքնորոշման` արդեն կայացած ժողովրդավարական ընթացակարգերի իրավական ամրագրումը և դրանց կազմակերպումը, որպեսզի Անդրկովկասի այս շրջանի համար հաստատվեն պետականության ժողովրդավարական համընդհանուր նորմեր՝ ի նպաստ կայուն խաղաղության կարիք ունեցող ժողովուրդների։

Քաղաքական, կրոնական և ազգային խմբերի` Ադրբեջանի փախստականների լիազոր ներկայացուցիչների Համակարգող խորհրդի քարտուղար Էդուարդ Պոլատով 21.01.2011թ.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter